Աշխարհ

26.08.2011 10:02


«Wikileaks»–ը հրապարակել է Էդվարդ Նալբանդյանի նամակը Հիլարի Քլինթոնին

«Wikileaks»–ը հրապարակել է Էդվարդ Նալբանդյանի նամակը Հիլարի Քլինթոնին

«Wikileaks»–ը հրապարակել է հայ-թուրքական արձանագրությունները Ցյուրիխում ստորագրելուց 10 օր անց՝ 2009թ. հոկտեմբերի 20-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղարկած նամակը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին։

«Ինձ համար մեծ ուրախություն և պատիվ է արտահայտելու իմ գոհունակությունը պետքարտուղարությանը և անձնապես Ձեզ՝ հայ-թուրքական հարաբերությունները նորմալացնելու ձեր վճռական դերակատարության համար: Կցանկանայի ևս մեկ անգամ Ձեզ շնորհակալություն հայտնել Ցյուրիխում երկկողմ արձանագրությունները ստորագրելու ընթացքում Ձեր կենսական ներդրման համար,–գրել է Նալբանդյանը։–Ցյուրիխում վերջին պահին թուրքական կողմի ստեղծած դժվարությունը ցույց տվեց, որ մենք հիմա պետք է ուշադրության կենտրոնում պահենք հարաբերությունների բարելավման հաջորդ փուլերը՝ դրական իրադրությունը պահպանելու համար և կանխելու այն զարգացումները, որոնք կարող են խափանել գործընթացը: Ես անկեղծորեն հավատում եմ, որ արձանագրությունները վավերացնելուց և հաջողությամբ իրականացնելուց հետո փաստաթղթերը հիմք կստեղծեն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների համար և կարող են օգտակար լինել Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի համար։ Ավելի քան մեկ տարվա ծանր աշխատանքից հետո կողմերը հասան հարաբերությունների կարգավորման շատ կարևոր, բայց միևնույն ժամանակ դեռ շատ փխրուն փուլի, և Ձեր աջակցությունը շատ կարևոր է երկու ժողովուրդների հաշտեցման պատմական հնարավորությունը չկորցնելու համար։ Ես ակնկալում եմ, որ կշարունակվի մեր սերտ և արդյունավետ համագործակցությունը տարածաշրջանում կայունության և հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության ամրապնդմանը հետամուտ լինելու համար»:

Այս խորագրի վերջին նյութերը