Քաղաքական

20.05.2022 12:50


12 ամսում 599 միլիոն դրամի պարգևատրում ու բազմաթիվ թափուր հաստիքներ վարչապետի աշխատակազմում

12 ամսում 599 միլիոն դրամի պարգևատրում ու բազմաթիվ թափուր հաստիքներ վարչապետի աշխատակազմում

Վարչապետի աշխատակազմում 2021 թվականին 599 միլիոն դրամի պարգևատրում են բաժանել:

12 ամիսների պետբյուջեի կատարման հաշվեքննության վերաբերյալ զեկույցում «ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի՝ «Ծառայությունների, ծրագրերի համակարգում» միջոցառման հոդվածից տեղեկանում ենք, որ 2021 թվականին աշխատողների աշխատավարձերին ու հավելավճարին ուղղվել է շուրջ 2 միլիարդ 460 հազար դրամ, պարգևատրումներին, դրամական խրախուսումներին և հատուկ վճարներին՝ 599 միլիոն դրամ, քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրմանն էլ՝ 149 միլիոն 3489 հազար դրամ:

Նշվում է, որ համաձայն վարչապետի՝ 11.02.2021 թ. որոշման, աշխատակազմի հաստիքների թվաքանակը սահմանվել է 696 միավոր, որը 26.05.2021թ․ որոշմամբ փոփոխվել է՝ կազմելով 692 միավոր: Պարզվում է, սակայն, որ 2021թ. վարչապետի աշխատակազմում մշտապես առկա են եղել թափուր հաստիքներ, որոնց թիվը տատանվել է 156-170 միջակայքում:

«Վերջին եռամսյակում թափուր է եղել հաստիքների 23-25 տոկոսը: Հաշվետու ժամանակահատվածում աշխատավարձի տնտեսված ֆոնդից տրվել է 288 միլիոն 932 հազար դրամի պարգևատրում: Միայն դեկտեմբեր ամսին թվով 15 հրամանների համաձայն՝ հատկացվել է 198 միլիոն 138 հազար դրամի չափով պարգևատրում, որի արդյունքում որոշ աշխատակիցներ տարբեր հրամաններով պարգևատրվել են մինչև 4 անգամ»,- նշվում է Հաշվեքննիչ պալատի զեկույցում:

Հաշվեքննության՝ «Հետհսկողական գործընթաց» բաժնից տեղեկանում ենք, որ թափուր հաստիքների առնչությամբ 2021 թ. բյուջեի 3, 6 և 9 ամիսների կատարման հաշվեքննությունների համապատասխան ընթացիկ եզրակացություններում առաջարկություն է ներկայացվել քննարկելու աշխատակազմում թափուր հաստիքների առկայության նպատակահարմարությունը:

Նշված առաջարկի վերաբերյալ աշխատակազմը հայտնել է, որ քննարկում են մինչև 50 թափուր հաստիքային միավոր կրճատելու հնարավորությունը և իրականացնում թափուր հաստիքների համալրման ընթացիկ աշխատանքներ:

Հիշեցնենք՝ հաշվեքննությունն ընդգրկող ժամանակահատվածը 2021թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 30-ն է, հաշվեքննության կատարման ժամանակը՝ 2022 թ. փետրվարի 14-ից մինչև 2022 թ. ապրիլի 30-ը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը