Կարծիք

19.05.2022 14:17


Պարզվել է, թե հատկապես ինչն է նյարդայնացրել ռուսներին Փաշինյանի պահվածքում երկու օր առաջ Մոսկվայում

Պարզվել է, թե հատկապես ինչն է նյարդայնացրել ռուսներին Փաշինյանի պահվածքում երկու օր առաջ Մոսկվայում

Ինչպես հայտնի է, վերջերս ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքի ժամանակ, Մոսկվայում Ուկրաինայի վերաբերյալ որևէ գնահատական չհնչեց: Ինչը զարմանալի էր, եթե հաշվի առնենք այն, թե ինչ գնահատականներ էին հնչում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հավաքների ընթացքում Ռուսաստանի հասցեին: Շատ արևմտյան դիտորդների կարծիքով սա ցույց է տալիս, թե ինչ խոցելի վիճակի մեջ է հայտնվել Մոսկվան նույնիսկ իր կողմից հռչակված դաշնակիցների շրջանում: Ավելին, ռուս դիտորդների կարծիքով, Մոսկվայում հատկապես հիասթափված են Ղազախստանի նախագահի պահվածքից, որի իշխանությունն այս տարվա սկզբում բառիս բուն իմաստով փրկեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Թեև ՀԱՊԿ անդամ երկրների գագաթաժողովի ժամանակ Ուկրաինայի մասին ոչինչ չասվեց, այնուամենայնիվ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացահայտորեն քննադատեց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին նման պահվածքի համար: Նա նույնիսկ բերեց ՆԱՏՕ-ի անդամ երկրների օրինակը, նշելով, թե ինչ համերաշխ են նրանք գործում, վերջում նշելով, եթե ՀԱՊԿ անդամ երկրները հետևություն չանեն իրենց պահվածքից, ըստ Լուկաշենկոյի, Արևմուտքը առանձին- առանձին բոլորի «հարցերը կլուծի»:

Ըստ կրեմլյան դիտորդների, Լուկաշենկոյի ակնարկները ուղղված էին առաջին հերթին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Հենց վերջինիս պահվածքն է այսօր ամենաշատը մտահոգում Պուտինին: Սակայն Լուկաշենկոյի այս կոշտ քննադատության անսպասելիորեն արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, նշելով իր հերթին, որ ՀԱՊԿ-ը իր կրավորական պահվածքով լուրջ խնդիրների առաջ կանգնեցրեց Հայաստանին: Իհարկե, Փաշինյանի խոսքերը արդարացի էին և հասկանալի: Հատկապես, երբ դրանք ուղված էին Լուկաշենկոյի հասցեին: Սակայն խնդիրն կայանում էր նրանում, որ իրականում, Լուկաշենկոյի շուրթերով Պուտինն էր հասկացնում Տոկաևին, որ վերջինս անշնորհակալ է գտնվում և հրաժարվում է աջակցել Մոսկվային այսօր այն դեպքում, երբ տարվա սկզբին հենց Մոսկվայի ջանքերով նա կարողացավ պահպանել իր իշխանությունը:

Եվ, ահա, անսպասելիորեն այդ իրավիճակին խառնվում է Փաշինյանը և այս հարցի շուրջ բոլոր խոսկցությունները դադարում են: Ըստ ռուս դիտորդների, իր պահվածքով Փաշինյանը ցույց տվեց թե ինչ աստիճանի նա չի տիրապետում միջպետական նուրբ հարաբերություններին, կամ էլ նրա այս քայլը կանխամտածված է եղել և ստացվել է այնպես, որ ՀԱՊԿ անդամ երկրների շարքում առաջացել են երկու «բևեռ», մեկը Լուկաշենկոն է, ով Ուկրաինայի հանդեպ կոշտ գործելու կողմնակից է, մյուսը Փաշինյանը, ով մերժում է դա:

Սակայն, ըստ ռուս դիտորդների, իրականում այստեղ գործել է առաջին տարբերակը, այն է Փաշինյանը տգետ գործիչ է, որն այդպես էլ չկարողացավ շարքային լրագրողից դառնալ պետական գործիչ, որի պատճառով էլ նա անընդհատ անտեղի խառնվում է այն դեպքերում, որտեղ իմաստ չունի խառնվել, ծիծաղելի վիճակի մեջ դնելով իրեն և Հայաստանին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը