Կարծիք

19.05.2022 12:10


Թուրքիան հերթական անգամ միջամտում է Հայաստանի ներքաղաքական կյանքին և պաշտպանում Նիկոլ Փաշինյանին

Թուրքիան հերթական անգամ միջամտում է Հայաստանի ներքաղաքական կյանքին և պաշտպանում Նիկոլ Փաշինյանին

Հայաստանում տեղի ունեցող զանգվածային բողոքի գործողությունների և Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջի ֆոնին ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատունը մտահոգություն հայտնեց մեր երկրում գործող ամերիկյան բիոլաբորատորիաների գործունեության վերաբերյալ։ Սա անուղղակիորեն հարված էր փաշինյանական իշխանությանը։

Նիկոլ Փաշինյանը մոսկովյան այցի ժամանակ փորձեց ստանալ Մոսկվայի աջակցությունն իր աթոռը պահելու հարցում, բայց Կրմելում ցույց տվեցին, որ չունեն նման մտադրություն։ Դե իսկ ՌԴ դեսպանատան հայտարարությունը դիվանագիտական լեզվով Փաշինյանի իշխանությանը տված գնահատական էր։

ՀՀ–ում ԱՄՆ–ը դեսպանն իր հերթին ուղիղ պաշտպանության տակ առավ Նիկոլ Փաշինյանի վարչախմբին և քաջալերեց ոստիկանական վայրագությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Դա նշանակում է, որ Թուրքիան հերթական անգամ բացահայտորեն աջակցում է Փաշինյանին, որպեսզի նրա միջոցով կարողանա դուրս մղել հարավկովկասյան տարածաշրջանից ՌԴ–ին կամ առնվազն լուրջ փայատեր դառնալ այստեղ։

Եթե 44–օրյա պատերազմից հետո պաշտոնական Անկարան Նիկոլ Փաշինյանին ուղղակիորեն պաշտպանում էր ռազմական հեղաշրջումից, ապա հիմա ԱՄՆ դեսպանատան շուրթերով է դա անում, քանզի Հայաստանն այնպիսի վիճակում է, որ Թուրքիայի ուղիղ միջամտությունը ներքաղաքական կյանքում ատոմային ռումբի էֆեկտ կառաջացնի և շատ ավելի մասշտաբային կդարձնի հակաիշխանական բողոքի ալիքը։

Թուրքիան անուղղակի է միջամտում մեր ներքին զարգացումներին, բայց ակտիվացրել է իր բոլոր գործիքներին։ Պատահական չէ, որ սորոսաթուրքական շրջանակները, որոնք թաքնված են տարատեսակ իրավապաշտպան կազմակերպությունների կամ ռազմահայրենասիրական ուժերի քողի տակ, նույնպես Նիկոլ Փաշինյանին աջակցելու հայտարարությամբ հանդես եկան։ Այդ ամենն, իհարկե, պատված էր ժողովրդավարության, մարդու իրավունքների, ինքնիշխանության պաշտպանության սոուսով, բայց դա ձևականություն է։

Իրականությունն այն է, որ ինքնիշխանության մասին ճամարտակողները չեն նեղվում, երբ ԱՄՆ–ը ուղղակիորեն միջամտում է ՀՀ ներքաղաքական կյանքին, այն էլ՝ Թուրքիայի համար ճանապարհ հարթելու մտադրությամբ։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հանել է աճուրդի՝ սեփական աթոռն ու կաշին փրկելու համար։ Նրա միակ հուսալի հենարանն օբյեկտիվորեն Թուրքիան է։ Վերջինիս համար էլ Փաշինյանը միակ գործիչն է, ում միջոցով հնարավոր է կյանքի կոչել թուրքական աշխարհի վաղեմի երազանքը՝ Հայաստանի ու Արցախի հաշվին, բնականաբար։

Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի շահերը գրեթե 100 տոկոսով համընկնում են, բայց դրանք գրեթե 100 տոկոսով հակադիր են Հայաստանի ու Արցախի շահերին։

ՀՀ քաղաքացին ընտրության լայն հնարավորություն չունի՝ կա՛մ հեռացնում է Փաշինյանին ու սպասարկում մեր երկրի շահը, կա՛մ սպասարկում է թուրքական շահը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը