Լրահոս

22.04.2009 18:58


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունելով  Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին և Համաշխարհային բանկի  զարգացման քաղաքականության վարկային ծրագրերի պատրաստման առաքելության ղեկավար, ՀԲ Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյին, նշել է, որ  քննարկվող խնդիրների վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող և նախատեսվող միջոցառումների շուրջ ձեռք են բերվել համաձայնություններ։
Ներկայացնելով Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին տրամադրվելիք առաջիկա երեք տարիների համար նախատեսվող վարկային ծրագրերի կազմման աշխատանքների ընթացքը՝ պարոն Վարուդակիսը նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունների հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ, կողմերն արդեն իսկ շատ մոտ են փոխհամաձայնեցված փաստաթղթի ստեղծմանը։ Համաշխարհային բանկի առաքելության ղեկավարը, Հայաստանի մակրոտնտեսական շրջանակի գնահատումից հետո, կարևորել է նաև համապարփակ բյուջետային շրջանակի գնահատումը, նշելով, որ այն միտված պետք է լինի սոցիալապես անապահով խավերի պաշտպանությանը, աղքատության մակարդակի մեղմմանը։ Նա ներկայացրել է նաև այդ նպատակին ուղղված միջոցառումների վերաբերյալ Համաշխարհային բանկի առաքելության առաջարկությունները։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից՝ կողմերը հույս են հայտնել, որ, մինչև մայիսի կեսերը, բոլոր աշխատանքները հաջողությամբ ավարտին հասցնելուց հետո, Հայաստանին տրամադրվելիք եռամյա վարկային ծրագրերի փաթեթն ընդգրկող փոխհամաձայնեցված փաստաթուղթը կարճ ժամկետում կներկայացվի ՀԲ տնօրենների խորհրդի քննարկմանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը