Խմբագրական

24.08.2011 19:49


«Հայրենասիրության» փուլի մեկնարկը տրված է

«Հայրենասիրության» փուլի մեկնարկը տրված է

«ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում, երբ ստորագրվում էին հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունները և երբ Սոլանան Ցյուրիխում զբաղված էր մեր տարածաշրջանի ամենամարտունակ թշիկներով, Սերժ Սարգսյանին կից գործող սազանդարները, վերլուծաբան ու թուրքագետ կոչվածները լծված էին «նախաձեռնողականության» գովքն ապահովելու գործին։

Պատկառելի տարիքի մարդիկ, առանց ամոթի, հեռուստաէկրաններից հարձակվել էին հայ ժողովրդի վրա և ապացուցում էին, թե ինչպիսի իմաստուն քայլ է արել Սարգսյանը։

Դրանից հետո ՀՀԿ «ճկուն» ղեկավարը, կախված Թուրքիայի ու Ադրբեջանի պահվածքից, ստիպված փոխում էր քարոզչական «պլաստինկան» և պարբերաբար հայտնվում «հայրենասիրության» տիրույթում։ Սերժ Սարգսյանի գլխավորած թիմը, կարելի է ասել, քաղաքական որոշումներ ընդունելիս շարժվում էր ու այժմ էլ շարժվում է «օրվա կուրսով»՝ դրանով իսկ անհարմար դրության մեջ դնելով և՛ իրեն, և՛ իր պնակալեզներին։

Ինչպես հայտնի է, «հայրենասիրությունից» մինչև քիրվայություն երբեմն օրեր կամ նույնիսկ ժամեր էին բաժանում նախագահական նստավայրի «ֆուտբոլասերներին»։ Տեսարանը շատ նողկալի էր և է։

Դատելով պետբյուջեի հաշվին սևաններում տժժացող երիտասարդների մոտ Սարգսյանի վերջերս ունեցած ելույթից՝ իշխանության մոտ կրկին «բռնել» է «հայրենասիրությունը»։ Նա, ով «Ալ Վաթանին» հարցազրույց էր տալիս ու հայտարարում, թե պատրաստ է արագորեն զիջել Ղարաբաղի շրջանները՝ Ադրբեջանի դատարկ խոստման դիմաց, այսօր արդեն «հայրենասեր» է դարձել։ Իսկ դա նշանակում է, որ Բաղրամյան 26–ի հաստիքային ու արտահաստիքային սազանդարներն էլ կանցնեն համապատասխան հռետորաբանության։

Չեմ կասկածում, որ Սարգսյանին ու իր լաքեյներին «հայրենասիրության» նորանոր դրսևորումների առիթ կտա նաև Թուրքիայի խորհրդարանը, որն անվավեր է ճանաչել հայ–թուրքական արձանագրությունները։ Դրա առաջին դրսևորումներն արդեն կան։ Այսօր նույն այն մարդիկ, ովքեր թուրքագետի, վերլուծաբանի կամ քաղաքագետի անվան տակ ժամանակին դրական էին գնահատում հայ–թուրքական «սիրավեպը», հիմա կոչ են անում արձանագրություններից հետ կանչել Հայաստանի ստորագրությունը։

Հարկ է նկատել մեկ բան. ով ով, բայց Սարգսյանին անսահմանորեն քծնող ու մեր երկրին վնաս հասցնող «թուրքագետներից, վերլուծաբաններից, քաղաքագետներից» կազմված քարոզչական դիվերսիոն խումբը կամ խառնամբոխը պարզապես պետք է լռի ու այլևս ծպտուն չհանի հայ–թուրքական հարաբերությունների թեմայով, եթե, իհարկե, մարդկային ինչ–ինչ որակներ նրանց մոտ դեռ պահպանվել են։

Այն, որ մեր պետությունն իր ստորագրությունը չպետք է դներ հակապետական այդ արձանագրությունների վրա՝ չեն ընդունում միայն Սերժի ու Լևոնի վճարովի ու անվճար վկաները։ Հիմա գոնե այդ մարդկանց համար պետք է ակնհայտ լինի, որ Սարգսյանն ու Տեր–Պետրոսյանը խայտառակ պարտություն են կրել. մեկը որպես «ֆուտբոլն» իրագործող, իսկ մյուսը՝ գաղափարախոս։

Ինչ վերաբերում է հայ–թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը հետ վերցնելուն և դրանք աղբանոց նետելուն, ապա դա հնարավոր կլինի միայն իշխանափոխության պարագայում։ Նոր Հայաստանն առանց խայտառակ արձանագրությունների պետք է առաջ շարժվի։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը