Կարծիք

16.05.2022 12:43


Նիկոլ Փաշինյանը մնաց իր իսկ կողմից առաջացրած բումերանգի էֆեկտի տակ

Նիկոլ Փաշինյանը մնաց իր իսկ կողմից առաջացրած բումերանգի էֆեկտի տակ

Հայտնի է, որ հասարակ կյանքում, ինչպես նաև մեծ քաղաքականության մեջ, գործում է, այսպես կոչված «բումերանգի էֆեկտ» կոչվող օրենքը: Ավստրալացի աբորիգենների կողմից ստեղծած այդ գործիքը, կոր մահակի տեսքով, որը վերադառնում է այն նետողին, վաղուց դարձել է խաղի կանոն կյանքի գրեթե բոլոր բնագավառներում և հատկապես քաղաքականության մեջ:

Դրա համար էլ լուրջ գործիչների մեջ հայտնի է հետևյալ ասույթը. «Եթե ​​ուզում ես քեզ լավ վերաբերվեն, այդպես վարվիր ուրիշների հետ: Իսկ ստորություն կամ աննշան կեղտոտ հնարքներ գործելիս պետք չէ հույս դնել բարի և ջերմ վերադարձի վրա»:

Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանը այդ լուրջ գործիչների շարքից չէ, ճիշտ հակառակը: Նա թեև մի պահ կուռք դարձավ սեփական երկրում, սակայն այդպես էլ մնաց անհավատ, տգետ և անսկզբունքային:

Հենց դրա պատճառով էլ, այդ նույն բումերանգի էֆեկտի օրենքի համաձայն, այսօր նա ստանում է այն, ինչը ժամանակին նետում էր ուրիշների վրա:

Նա հեգնում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, վիրավորում նրանց, հետո ստացավ իսկական նվաստացում նրանց կողմից: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքից ցույց էր տալիս իր դժգոհությունը, մերժում էր բանակցել առանց Արցախի ներկայացուցչի, այսօր աղաչում է, որ այդ հարթակի գոնե մի մասը վերադառնա: Իր քաղաքական հակառակորդներին անվանում էր թալանչիներ, հանցագործներ, մարդասպաններ, այսօր նրան հանրության մեծ մասը հռչակել է հենց այդպիսին: ժամանակին ծաղրում էր երկրի նախկին նախագահներին, այսօր ամաչում է դրա մասին խոսել, քանզի երես չունի որևէ բան խոսել:

Մեղադրում էր, որ նախկինները թալանում էին բանակը, այսօր իրեն և իր ընկերներին են մեղադրում ասֆալտի գործի թալանի մեջ, իսկ բանակն այն աստիճանի է փլուզված, որ ամոթ է խոսել բանակում ելակի բացակայության մասին: Ժամանակին գինովցած պարում էր Շուշիում՝ գազազեցնելով ադրբեջանցիներին, որ հետո այն կորցրած ստիպված հայտարարեր, որ Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր:

Հետո հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ», դուր գալու համար շարքային քաղքենի ղարաբաղցուն, որ հետո այդ նույն ղարաբաղցուն անտուն թողներ և հետո փաստացի հայտարարեր, որ «Արցախը Ադրբեջան է և վերջ»:

Վերջապես քաղաքական գլխապտույտի մեջ հայտնվելով հայտարարեց, թե «Ալիևի հարցը պիտի լուծի ադրբեջանական փողոցը», որպեսզի այսօր Ալիևը իրեն պատասխանի, որ «քո հարցը կլուծի հայաստանյան փողոցը»:

Երբևէ պատմության մեջ դժվար է հիշել այսպիսի անգետ մարդ, գործիչ, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է:

Նա իր թերզարգացվածության պատճառով ողբերգության մեջ է գցել ոչ միայն իրեն, այլև Հայաստանին՝ լրջագույն վտանգի տակ դնելով մեր ժողովրդին, այն էլ այսպիսի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում:

Այսքանից հետո, մարդ պիտի տարրական խիղճ ունենա և հեռանա քաղաքական ասպարեզից, որպեսզի վերջնական ողբերգության պատճառ չդառնա 2500 տարվա պատմություն ունեցող ժողովրդի համար, որին այդ աստիճանի վնաս է հասցրել ընդամենը չորս տարվա ընթացքում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը