Մեկնաբանություն

14.05.2022 13:42


Նիկոլը ԱԿԱնապատեց Վանաձորը․ նա մնացել է Արթուր Բաղդասարյանի կադրի հույսին

Նիկոլը ԱԿԱնապատեց Վանաձորը․ նա մնացել է Արթուր Բաղդասարյանի կադրի հույսին

Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ընտրակեղծարար է, այլ նաև քվեագող։ Քվեագողը ընտրակեղծարարի քառակուսին է, ավելի ճիշտ՝ խորանարդը։

Քվեագողը կեղծում է ընտրությունները վարչական, կրիմինալ ու այլ տիպի ռեսուրսներով ու երբ տեսնում է, որ դա էլ չի ապահովել իր ուզածը, անցնում է հետընտրական կեղծիքների։ Գողանում է հանրության քվեն՝ հետընտրական վերաձևման ենթարկելով ընտրությունների պատկերը։

Այդպես եղավ տարբեր համայնքներում։ Նիկոլենք պարտվում էին, հետո քրեական գործեր կարում հակառակորդ թիմի հաղթողների նկատմամբ ու զավթում իշխանությունը։ Կամ էլ՝ տակից ճնշում ու առնում քվեները։ Ինչպես որ եղավ Գյումրիում․ նիկոլենք փոքրամասնություն կազմեցին, բայց Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիմին «տակից» բերեցին իրենց դաշտ ու կեղծեցին գյումրեցիների քվեն։ Գյումրեցին քվեարկեց ՔՊ–ի դեմ, բայց ստացավ ՔՊ–ական քաղաքապետ։ Մարզպետն էլ՝ վրադիր։

Վարդենիսում, Վեդիում, Թալինում և այլուր նույն մեթոդները կիրառեցին։ Մի տեղ ստացվեց, մյուս տեղը չստացվեց։

Չստացվածներից էր Վանաձորը։ Ապօրինաբար կալանավորել էին Մամիկոն Ասլանյանին, որպեսզի մեկ ձայն պակասի նրա օգտին Վանաձորի ավագանիում։ Հետո օրենք սղացրեցին, որպեսզի կառավարությունը «օրինական» ձևով ընտրովի մարմնում նշանակովի ղեկավար կարգելու հնարավորություն ստանա։ Օրերս Վանաձորում Նիկոլը քվեագողությունն ավարտին հասցրեց։

Նա Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար նշանակեց տխրահռչակ Արկադի Փելեշյանին, ով հայտնի մականունավոր է՝ Ակա։ Սա կիսահանցագործ, կիսաօլիգարխ, կիսաճամբարափոխ մեկն է։

Եթե հիշում եք, Նիկոլն, իբր, այս տեսակի դեմ էր պայքարում ու այս տեսակին քննադատում։ Բայց հիմա ստերի ժամանակներն անցել են, ու Նիկոլի հույսը «Օրինաց երկիրը» «Հայկական վերածնունդ» կուսակցություն դարձրած Արթուր Բաղդասարյանի կադր, Սերժ Սարգսյանի ջերմեռանդ պաշտպան Արկադի Փելեշյանն է՝ Ական։ Այլ կերպ ասած՝ Նիկոլը ԱԿԱնապատեց Վանաձորը։

Եվ այս սուտասանը, իբր, սիրում է ժողովրդին, հպարտանում ժողովրդով, խոնարհվում ժողովրդի առաջ։ Իրականում՝ գողանում է ժողովրդի քվեն։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը