Կարծիք

13.05.2022 19:46


Բա ո՞վ ա գալու…

Բա ո՞վ ա գալու…

«Բա ո՞վ ա գալու… »

Թշնամաբարո քաղաքականությանն ընդդիմացողներն այս ընթացքում պետք է փորձեն հրաժարվել ըստ իրենց նախասիրությունների՝ առաջնորդների անուններ հնչեցնելուց, որովհետև դա իսպառ անարդյունավետ զբաղմունք է։ Պատճառն էլ շատ պարզ է։ Տարիներ շարունակ ստերով, բանսարկություններով ու կեղծիքներով գերհագեցած տեղեկատվության ազդեցության տակ լինելու պարագայում՝ նման քննարկումները որպես կանոն վերածվում են բամբասանքի տարածման, ժամավաճառության ու դատարկաբանության, և ի վերջո հանգեցնում են քննարկողների միջև անհիմն կոնֆլիկտների։

Այդուհանդերձ, եթե անուն հնչեցնելու, կամ լսելու մարմաջը թվում է անհաղթահարելի՝ այնուամենայնիվ, անասելի ճիգեր գործադրելով կարելի է փորձել կատարել շատ դասական, փորձով ու կառավարման տեսությամբ գիտականորեն հիմնավորված պարզագույն մի վարժություն։

Նախ՝ որոշել ու նախանշել կործանման եզրին հասած մեր պետության առջև ծառացած հրատապ լուծում պահանջող գլխավոր խնդիրները… ուղղություններն արդեն ուրվագծված են։

Երկրորդ՝ որոշել այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն այդ հրատապ խնդիրների լուծումը ստանձնողները։

Արդյունքում կստացվի հրաժարում հերթական անգամ խաբվելուց, տարբեր արկածախնդիր «շահագրգիռների» մանիպուլյացիաներին տրվելուց, և «ուզում եմ-չեմ ուզում»-ից խելամիտ ու սառնասիրտ անցում կկատարվի «կարող են-չեն կարող»-ին։

Միայն այդ դեպքում կտրուկ կնվազի պետությունը կրկին փորձադաշտի վերածելու, կրկին ձախողելու, և դրա հետևանքով՝ ազգովի կործանվելու հավանականությունը։

Հասկանալի է, երբեմն կարող է թվալ, թե դժվար է, բայց սա է այս պահի համար միակ արդյունավետ մոտեցումը։

Իսկ եթե ոչ, ապա ցանկացած այլ մոտեցումների փոխարեն կարելի է ֆեյսբուքում ու մամուլում ազգովի ընտրել «Միսս Հայաստան»՝ մի վերջին անգամ հրճվանք ապրել, կրկին փորձանք բերել, կրկին ողբերգության մեջ հայտնվել,

և … կործանվել։

Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը