Կարծիք

13.05.2022 15:14


Նրանց ազնիվ պայքարին հակադրվում է սուտն ու սադրանքը, ատելությունն ու մերժումը

Նրանց ազնիվ պայքարին հակադրվում է սուտն ու սադրանքը, ատելությունն ու մերժումը

ՄԵՐ ՊԱՅՔԱՐՆ Է ՃԻՇՏ

Իմ ընկերներն են, չէ՝ որդիները` Գոռ Սարգսյանը, Գոռ Մաթևոսյանը, Գերասիմ Վարդանյանը, Տարոն Մանուկյանը, Արսեն Մարտոյանը։

2020-ի սեպտեմբերի քսանութին, երբ նրանք Արամ Մանուկյանի արձանի մոտ, ռազմաճակատ գնալուց առաջ, երդվում էին հանուն Արցախի ու Հայրենիքի, ես հազիվ էի թաքցնում հպարտության արցունքներս ու մի քիչ էլ մեղավոր զգում, որ չեմ կարող նրանց պես զենք վերցնել։

Ամաչում էի ու հպարտանում, որ իմ հնարավոր զավակի տարիքն ունեցող, իրականում ինձ համար զավակի չափ թանկ այդ տղաներն անթարթ հայացքով ու կամքով գնում էին հանուն Հայրենի հողի, հանուն մեր արժանապատվության, հանուն մեզանից յուրաքանչյուրի․․․

Պատերազմի բոլոր օրերին, շնչառությունս պահած, աղոթում էի յուրաքանչյուրի և ամեն մեկի համար։ Նրանք իմ չունեցաճ զավակի չափ թանկ էին ու թանկ են․․․Նրանք նաև ինձ ուժեղ ու անկոտրում լինելու դաս էին տալիս, մենք սովորում ենք նաև նրանցից, ապրում նրանցով․․․

Նրանց ընկերներից շատերը չվերադարձան․ ամբողջ կյանքում ապրելու եմ այդ գույժը լսելու, անանց կորստի ու մեղքի դառը բեռով, նրանց բացակայության երբեք չամոքվող ցավով․ մեր երեխեքն իրենց կյանքը տվեցին մեր Հայրենիքի ու մեր համար, նրանք հավատում էին և նվիրվեցին հավերժական Հայաստանին։

Վերադարձածները պայքարը շարունակեցին, ճակատամարտը չէր ավարտվել․ էլի հանուն Հայրենիքի ու մեր բոլորի արժանապատվության նրանք առաջին գժում էին՝ Տարոնը, Գոռը, Գերասը, Արսենը, մյուս Գոռը։ Ես էլի հպարտ եմ ու էլի մեղավոր։ Իմ թանկ երեխեքն են շարունակ մահակի, վահանի, ոստիկանական անողոք ճզմիչի, ձյան ու փոթորի տակ, գիշեր-ցերեկ․․․իմ ու ձեր փոխարեն, բայց մեր համար․․․

Նրանց կյանքի յուրաքանչյուր օրը կարող էինք ավելի լավը դարձնել, ավելի սիրուն, ազնիվ, բայց մեր տղեքն աննահանջ են։ Նրանք արդեն տեսել են բայրաքթար, էդ աներեևույթ բայրաքթարն հիմա Հայաստանում է, ամենուր է․ նժարին Հայրենիք ունենալն ու չունենալն է։

Նրանց ազնիվ պայքարին հակադրվում է սուտն ու սադրանքը, ատելությունն ու մերժումը, ուրացումը, խարդավանքն ու բռնությունը․ իսկ մեր երեխեքն անկեղծ են, աննահանջ, տաք, նվիրյալ, համոզված․․․Նրանք մեր գենի ու տեսակի, մեր պետականության պահապաններն են․․․

Տղեք ջան, դուք միևնույն է՝ ճիշտ եք, եթե անգամ սադրանքը ձեզ հանել է ափերից․․․

Մեր պայքարն է ճիշտ։ Շուտով կհանդիպենք․․․

Մեռնեմ ձեր/մեր պայքարի ճշմարտությանը․․․

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը