Մեկնաբանություն

08.05.2022 22:45


Լևոն Տեր-Պետրոսյանի նիկոլությունը և Նիկոլի լևոնությունը

Լևոն Տեր-Պետրոսյանի նիկոլությունը և Նիկոլի լևոնությունը

Ղարաբաղը ծախելու մեղադրանք հնչեցվել է ՀՀ–ն ղեկավարած բոլոր ղեկավարների հասցեին։ Մանիպուլյացիոն նպատակով ու փոխաբերական իմաստով։

Սակայն Նիկոլ Փաշինյանն առանձնանում է նրանով, որ իրեն բառիս բուն իմաստով են մեղադրում Ղարաբաղը ծախելու համար։

Թե իրականում ինչի հետ գործ ունենք, կպարզվի իշխանափոխությունից հետո, իսկ հիմա արժե տեսնել, թե ինչպես է Ղարաբաղը «ծախվել» քաղաքական անբարոյականության արդյունքում։

Ներկայացնենք երևույթներն ու փաստերն՝ ըստ տարեթվերի։

1988թ

Սկսվում է Ղարաբաղյան շարժումը։ Շարժման նպատակ է հռչակվում Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանի հետ։ Ստեղծվում է «Ղարաբաղ» կոմիտե, որի կազմը, տարբեր փոփոխությունների ենթարկվելով, վերջում կարծրանում է՝ ընդգրկելով 11 հոգու, որի մեջ էր նաև Լևոն Տեր–Պետրոսյանը։

1990թ

Ընդունվում է ՀՀ անկախության հռչակագիրը, որտեղ մասնավորապես նշված է․ «Կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը՝

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»։

1991թ

«Ղարաբաղ» կամիտեի լիդերներից Լևոն Տեր–Պետրոսյանն ընտրվում է ՀՀ նախագահ։

1992թ

Պատերազմի բուռն շրջանում Լևոն Տեր–Պետրոսյանն իր հարցազրույցում նշում է, որ Արցախը կարող է ստանալ կենսագործունեության երաշխիքներ և լինել Ադրբեջանի կազմում։ Ըստ նրա՝ դա կբավարարի Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովուրդներին։

Առաջ ընկնելով ասենք, որ Նիկոլ Փաշինյանը հիմա նույն բանն է քարոզում, ասում է՝ կարգավիճակը բխեցնենք անվտանգության երաշխիքներից ու իջեցնենք կարգավիճակի նշաձողը՝ փաստացի հայտարարելով, որ «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ»։

1997թ

Լևոն Տեր–Պետրոսյանը համոզմունք է հայտնում, որ քանի դեռ Ղարաբաղի խնդիրը կա, Սերգո ջանը, այն է՝ ՀՀ քաղաքացին, լավ չի ապրելու։

Նա պաշտպանում է հակամարտության կարգավորման փուլային տարբերակը, որը ենթադրում էր տարածքների զիջում՝ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման։ Սա, անշո՛ւշտ, քաղաքական անբարոյականության դրսևորում է։ Քանզի գալ իշխանության «Ղարաբաղ» անունը կրող կոմիտեով, Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու ծրագրով, գոռալ «Պայքար, պայքար մինչև վերջ» ու հետո ամեն կերպ վարել «Ղարաբաղը բեռ է» քաղաքականություն, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ անբարոյականություն։

1998թ

Տեր–Պետրոսյանը հեռացվում է իշխանությունից։ Նա կանխատեսել էր, որ տնտեսությունը չի աճելու, շատ արագ պատերազմ է լինելու, աշխարհը Ղարաբաղի հարցում մեր դեմ է դուրս գալու, պետական բյուջեն չի աճելու, աղքատությունը խորանալու է և այլն։

2008թ

Հայաստանը 1998–ի իշխանափոխությունից հետո 10 տարի ապրեց իր նորանկախ շրջանի ամենախաղաղ ժամանակահատվածը։ ՀՆԱ–ն աճեց մոտ 6 անգամ, պետական բյուջեն՝ 8 անգամ։ Աղքատությունը կտրուկ կրճատվեց։ Պատերազմ չեղավ, թեև հակառակն էր կանխատեսվել։

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, ապա ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդունեց, որ Արցախն ունի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորություն՝ առանց սահմանափակումների։ Դա ամրագրվեց 2007թ․ Մադրիդյան սկզբունքներում։

2008թ

Տեր–Պետրոսյանը վերադառնում է քաղաքականություն՝ իր սերգոջանային հայեցակարգով։ Նրան ակտիվորեն աջակցում է Նիկոլ Փաշինյանը, ով 2008թ․ մարտի 1–ին հրահրում է բախումներ՝ դառնալով 10 զոհի ու հարյուրավոր վիրավորների պատճառ։ Հանցագործությունից հետո Նիկոլը փախչում է դեպքի վայրից ու ընդհատակից դուրս գալիս միայն գործարքի արդյունքում։

2018թ

Նիկոլ Փաշինյանը դառնում է ՀՀ վարչապետ ու դառնալուն պես սկիզբ դնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի փլուզմանը՝ 2018–ի մայիսի 9–ին Ստեփանակերտում հայտարարելով, որ չի բանակցելու Ղարաբաղի անունից։

Փաշինյանը մերթ գերզիջողական, մերթ գերռազմահայրենասիրական հայտարարություններով և արտաքին քաղաքական անհեթեթություններով բերում է պատերազմ ու պարտություն։

Փաշինյանն այժմ քարոզում և իրականացնում է այն, ինչ քարոզում էր Լևոն Տեր–Պետրոսյանը դեռ Արցախյան 1–ին պատերազմի տարիներին։ Այսինքն՝ Նիկոլը լևոնություն է անում։

2020–ի պատերազմից հետո Տեր–Պետրոսյանը ժամանակ առ ժամանակ ձայն է հանում։ Վերջին անգամ դա արեց օրերս՝ փորձելով երկու խնդիր լուծել՝

1. Տարանջատվել Նիկոլ Փաշինյանից (Նիկոլն ու Լևոնը նույն քիրվայական միջավայրից են, բայց Լևոնը չի ուզում պատմության մեջ մնալ որպես Նիկոլի արածների գաղափարախոս),

2. Փրկել սեփական կաշին (Տեր–Պետրոսյանը մտավախություն ունի, որ ներքաղաքական փոփոխություններից հետո գալու են նաև իր հետևից, բայց նրան պետք է հանգստացնել, քանզի ՀՀ–ն այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, որ հանրային լարվածությունը պետք է լիցքաթափել, այլ ոչ թե լարել․ այնպես որ ինքը պետք է անպոչ գդալի պես մեջ չընկնի ու սեփական կաշին փրկելու խաթր նիկոլություն չանի)։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Ղարաբաղը «ծախելու» մասին։ Ղարաբաղը ծախվել է քաղաքական անբարոյականության արդյունքում։ Նիկոլն այդ անբարոյականության ծնունդ է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը