Լրահոս

06.05.2022 16:34


Հայ իրավապահները խոչընդոտում են Երեւանում բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողներին. CPJ

Հայ իրավապահները խոչընդոտում են Երեւանում բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողներին. CPJ

Հայաստանի իշխանությունները պետք է մանրակրկիտ հետաքննեն ոստիկանության և պետական պաշտոնյաների կողմից մամուլի աշխատողների վրա վերջին հարձակումները և ապահովեն, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Այս մասին ասվում է «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» (CPJ) հայտարարության մեջ:

Նշվում է, որ մայիսի 2-ին Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ անվտանգության աշխատակիցները բռունցքով հարվածել են AntiFake լրատվական կայքի թղթակից Դավիթ Ֆիդանյանի ուսին և փորձել հրել նրան, երբ որ նա լուսաբանում էր ցուցարարներին ձերբակալող և ծեծի ենթարկող ոստիկաններին: Ֆիդանյանն ասել է, որ սև դիմակներով ոստիկանները մի քանի անգամ հրմշտել են իրեն, երբ նա լուսաբանել է բողոքի ցույցերը, թեև հստակ տեսանելի է եղել նրա լրագրողական քարտը։

Բացի այդ, բողոքի ցույցի ժամանակ MediaHub տեղական լրատվական կայքի թղթակից Նարե Գևորգյանը մոտեցել է երկրի Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին և հարցրել ոստիկանների կողմից իրականացված բռնությունների մասին: Հովհաննիսյանը հարվածել է Գևորգյանի խոսափողին, իսկ ՊՊԾ աշխատակիցը խոչընդոտել է MediaHub-ի օպերատոր Արման Ղարաջյանին, պահանջել շրջել տեսախցիկը, ապա հարվածել սարքին: Երբ լրագրողները հրաժարվել են կատարել պահանջները, Հովհաննիսյանը ոտքով հարվածել է Ղարաջյանի ոտքին։

«Իրենց աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է, առավել ևս, երբ այն կիրառվում է ոստիկանների և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ովքեր պարտավոր են օրինակ ծառայել լրատվամիջոցների նկատմամբ իրենց վերաբերմունքով,-ասել է CPJ-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գյուլնոզա Սայիդը:-Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն շարունակվող բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ ուժի բոլոր կիրառումները և ապահովեն, որ լրատվամիջոցների աշխատակիցները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը»:

Հայաստանի դատախազությունում հետաքննություն է սկսվել Ղարաջյանի վրա Հովհաննիսյանի կողմից ենթադրյալ հարձակման փաստով: Իսկ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, որի վերահսկողության տակ է Պետական պահպանության ծառայությունը, անպատասխան են թողել CPJ-ի՝ մեկնաբանություն ստանալու հարցումը:

Ավելի վաղ՝ ապրիլի 26-ին, Երևանում ոստիկանության աշխատակիցները հրել էին Caucasian Knot տարածաշրջանային լրատվական կայքի թղթակից Տիգրան Պետրոսյանին, երբ վերջինս փորձում էր նկարահանել բողոքի ցույցը:

Չորեքշաբթի օրը՝ մայիսի 4-ին, ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խլել էր Yerevan Today լրատվական կայքի թղթակից Սյուզի Բադոյանի բջջային հեռախոսը, երբ նա փորձել էր խորհրդարանում հարցազրույց վերցնել նրանից: Անցյալ տարվա հունիսին Սարգսյանը նույն կերպ խլել էր մեկ այլ լրագրողի հեռախոսը, որը փորձում էր հարցազրույց վերցնել իրենից:

CPJ-ը նամակով դիմել է Սարգսյանին մեկնաբանության համար, սակայն ոչ մի պատասխան չի ստացել:

Այս խորագրի վերջին նյութերը