Քաղաքական

06.05.2022 10:23


Պապիկյանի «կադրերն» ու Ջալալ Հարությունյանը պարգևավճար են ստացել․ «Իրավունք»

Պապիկյանի «կադրերն» ու Ջալալ Հարությունյանը պարգևավճար են ստացել․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ներքաղաքական կյանքում լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է, անորոշ է երկրի ապագան, իսկ քաղաքացին մնացել է սոցիալտնտեսական խնդիրների բեռի տակ` «Իրավունքի» ունեցած հավաստի աղբյուրների համաձայն, Պաշտպանության նախարարությունն էլի պարգևավճարներ է շռայլում: Գտել են հարմար պահը` հերթական պարգևավճարները մեջ-մեջ անելու համար:

Այսպիսով` աշխատանքային գործունեության ընթացքում աչքի ընկնելու համար ՊՆ որոշ աշխատակիցներին տարվա առաջին եռամսյակի արդյունքների համաձայն խրախուսելու նպատակով` մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ պարգևատրում են ստացել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականները, օգնականները, որոշ վարչության պետեր և ոչ ավել, ոչ պակաս ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը:

Այո՞, ինչպես նկատեցիք, այս շարքում չկան սահմանին կանգնած սպաներ, զորամասերի հրամանատարներ: Ավելին` նախարարության կուլիսներում շշուկներ են պտտվում, որ պարգևատրման են արժանացել մարդիկ, որոնք ընդամենը վերջերս են պաշտոնի նշանակվել և պարգևատրման են արժանացել ոչ թե աշխատանքային գործունեության մեջ աչքի ընկնելու, այլ Սուրեն Պապիկյանի «բերած կադրը» լինելու համար:

Ի դեպ, նշենք, որ պարգևավճար ստացած պաշտոնյաների աշխատավարձը սկսվում է առնվազն 400 հազարից, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրի պարգևավճարը ևս 400 հազար և ավելի է: Իսկ նախարարության ստորին օղակները, որոնք տքնաջան աշխատանք են իրականացնում, նույնիսկ կեսդրույքաչափով պարգևավճարի չեն արժանացել»:

Այս խորագրի վերջին նյութերը