Լրահոս

22.08.2011 13:54


Միացյալ Թագավորությունը լուրջ չի վերաբերվում Հայաստանին

Միացյալ Թագավորությունը լուրջ չի վերաբերվում Հայաստանին

Բրիտանական «Daily Mail» պարբերականն անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնում Ջոնաթան Ջեյմս Էյվս և Քեթրին Ջեյն Լիչ ամուսնական զույգի 4–ամսյա հերթագայությամբ նշանակմանը և գրել, որ ըստ որոշ քննադատների՝ այդ նշանակումը Միացյալ Թագավորությանը ծաղրի առարկա է դարձնում, և դա այդ երկրի հանդեպ  ոչ լուրջ վերաբերմունքի մասին է խոսում։ Հայաստանից բացի Մեծ Բրիտանիան դեսպանի պաշտոնում ամուսնական զույգ է նշանակել միայն Զամբիայում։

«Daily Mail»–ը մեջ է բերել նաև ՀՀ նախկին փոխարտգործնախարար Արման Նավասարդյանի խոսքերը.

«Բրիտանացիները մեզ՝ հայերիս, լուրջ  չեն ընդունում։ Ես կասկածում եմ, որ նրանք որպես դեսպան զույգ կուղարկեն ԱՄՆ կամ այլ երկիր։ Դեսպանները, որպես կանոն, իրենց աշխատանքի առաջին երկու տարիների ընթացքում ծանոթանում են երկրին, և միայն երրորդ տարվանից սկսած է, որ նրանց աշխատանքն իրական արդյունքներ է տալիս։ Իսկ այստեղ տիկին դեսպանն է մի քանի ամիս աշխատելու, հետո՝ ամուսինը։ Իսկ հետո՞...կրկի՞ն տիկինը»,–ասել է նա։

«Daily Mail»-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության խոսնակն ասել է, որ համատեղ դեսպաններ նշանակելու այս ձևը հնարավորություն է տալիս արդյունավետ օգտագործել Բրիտանիայի հարկատուների միջոցները, միասնական պահել ընտանիքները և կրճատել ճանապարհային ու տեղափոխության ծախսերը։

Պարբերականին տիկին դեսպանն ասել է, թե յուրաքանչյուր չորս ամիսը մեկ իրենք մանրազնին տեղեկություններ կտրամադրեն մեկը մյուսին, միասնական դիրքորոշում կորդեգրեն առանցքային հարցերի ու որոշումների շուրջ։

Նշենք, որ ՀՀ–ում Միացյալ Թագավորության նախկին դեսպան Չարլզ Ջոն Լոնսդեյլն ամուսնացել է իր հայուհի մամուլի խոսնակի հետ։ Այդ երկու զարգացումների պատճառով Բրիտանական առաքելությունը «սիրո դեսպանատուն» են անվանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը