Քաղաքական

22.08.2011 12:57


ՀՅԴ. «Կառավարությանը՝ անվստահություն, նախագահին՝ վերջին հնարավորություն»

ՀՅԴ. «Կառավարությանը՝ անվստահություն, նախագահին՝ վերջին հնարավորություն»

ՀՅԴ Գյումրու ներկայացուցիչներն արդեն մի քանի օր է, ինչ կարմիր վրան են տեղադրել Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցում. նպատակը  հասարակության ուշադրությունը հրավիրելն է այնպիսի կարևոր խնդիրների վրա, ինչպիսիք են ընտրությունները և ՀՀ կառավարության գործունեությունը: «Քվեն ուժ է» ծրագրի շրջանակներում ձևավորվել է ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժում, և այդ շրջանակներում տեղադրված վրանում քաղաքացիներին կոչ է արվում պայմանագիր կնքել, որով համաձայնություն է հայտնվում հետևողական լինել ընտրության իրավունքի նկատմամբ, ինչը հնարավորություն կտա ձևավորել ժողովրդի իշխանություն: Միաժամանակ քաղաքացիներին կոչ է արվում մասնակցել ՀՀ կառավարությանը անվստահություն հայտնելու ստորագրահավաքին.

–Հուսով ենք, որ պատգամավորները, անկախ կուսակցական պատկանելությունից, կգիտակցեն, որ ժամանակն է փոխելու այս կառավարությանը, քանի որ այս կառավարությունն իրեն սպառել է և ծրագրերը ի վիճակի չէ իրականացնելու,- ասել է ստորագրությունները գրանցող ՀՅԴ ներկայացուցիչը:

Քաղաքացիների շրջանում ՀՅԴ–ի նախաձեռնությունը որոշակի հետաքրքրություն է առաջացրել, և նրանցից շատերը կոչ են անում, անկախ քաղաքական հայացքներից, մասնակցել այդ միջոցառմանը։

–Հասարակությունը պետք է կարողանա վեր հանել իր քաղաքացիական պարտականությունները, տեր կանգենլ որոշակի սկզբունքների և մերժել 5 հազ. դրամով և «խաթրով» քվեարկությունը,-նշել է գյումրեցի Վարազդատ Գևորգյանը:

ՀՅԴ ներկայացուցիչների խոսքերով՝ «Քվեն ուժ է» ծրագրի շրջանակներում Գյումրիից որևէ կուսակցություն կամ հասարակական կազմակերպություն դեռևս համագործակցության առաջարկ չի արել՝ չնայած այն բանին, որ իրենք բազմաթիվ անգամներ հրապարակային կերպով համագործակցության կոչ են արել բոլորին։

–Այս կամ այն անհատի, խմբի, կուսակցության իշխանության յուրացումը հանցագործություն է: Մենք հիմա ըստ էության թույլ ենք տալիս, որ ժողովրդի իշխանությունը այս կամ այն խումբը կամ կուսակցությունը յուրացնի: Եթե ժողովուրդը տեր կանգնի իր իշխանությանը, ապա մնացած բոլոր խնդիրները կարելի է հեշտությամբ լուծել,-կարծիք է հայտնել ՀՅԴ ներկայացուցիչ Աշոտ Հակոբյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը