Կարծիք

22.08.2011 12:30


Անձի պաշտամունքը եւ նրա ծանր հետեւանքները

Անձի պաշտամունքը եւ նրա ծանր հետեւանքները

Ընդամենը մի քանի շաբաթ անց Հայաստանի քաղաքական դաշտում արդեն այնպիսի իրավիճակ կլինի, որ ստիպված չենք լինի ականատես լինել Բաղրամյան 26-ում բեմադրված «Երկխոսություն» ներկայացմանը: Համենայնդեպս, ներկայիս իրողությունները եւ Հայաստանի պետական շահերը հուշում են, որ քաղաքական դաշտում իրենց ծանրակշիռ եւ վճռական խոսքն են սկսելու ասել այն ուժերը, որոնք կարողացել են հեռու մնալ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ, այլ կերպ ասած, «երկխոսողների» ազդեցությունից:

Իսկ առայժմ մենք ականատես ենք լինում Կոնգրեսի խայտառակ կործանմանը: Զուգահեռաբար մեր աչքի առաջ քայքայվում է նաև գործող վարչախումբը, որը վերջին տարիներին ներքին եւ արտաքին ճակատներում հասցրեց մի քանի արկածախնդիր գործողություններ իրականացնել եւ անհաջողության մատնվել: Սերժ Սարգսյանից, սակայն, մենք պետք է շնորհակալություն հայտնենք «երկխոսությունը» նախաձեռնելու եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Հայ ազգային կոնգրեսի դիմակները վերջնականապես պատռելու համար:

Իսկ կոնգրեսը գնալով ավելի նյարդային եւ դրանից ելնելով էլ՝ ագրեսիվ է դառնում: Կոնգրեսը պատրաստ է հողին հավասարեցնել բոլոր այն ուժերին, ովքեր համարձակվում են հացադուլ հայտարարել առանց իրենց համաձայնության կամ քննադատական խոսք հնչեցնել Կոնգրեսի հասցեին: Կոնգրեսի նյարդային պահվածքը հուշում է, որ նրանք արդեն հասկանում կամ բնազդով են զգում, որ պարտվել են:

Ժառանգության դեմ ձեռնարկած արշավանքից կոնգրեսականները դեռ չէին հասցրել հագենալ, երբ Սեֆիլյանն առիթ տվեց գրոհել «Սարդարապատի» դեմ: «Վախկոտ ու ստրկամիտ են նրանք, ովքեր քաջության մասին հիշում են միայն հարցազրույցներում և հայտարարություններում, ու պատահական չէ, որ նման մարդկանց շուրջ հավաքվածների թիվը չի անցնում մեկ տասնյակը, ինչն ասվածի լավագույն ապացույցն է: Նախկին փորձը ցույց է տվել, որ որևէ լարված պահի ոչ Ժիրայր Սեֆիլյանին, ոչ էլ նրա «հեղափոխական» ընկերներին ոչ-ոք չի տեսնում դեպքի վայրում, ոստիկանատների մոտ, դատարանների դիմաց և ոչ էլ մի իրավիճակում, որտեղ բռնության ենթարկվելու փոքր-ինչ վտանգ կա: Բայց մի բանում նրանք հետևողական են. միշտ ամենալարված քաղաքական պահերին, լինի դա հանրահավաքների նախօրեին կամ նման միջադեպերի ժամանակ, Կոնգրեսին հարված հասցնել թիկունքից»:

Հիմա սպասենք, թե Տեր-Պետրոսյանն ում է հիշելու Մանդակունուց ու Այնթապցուց բացի՝ ապացուցելու համար, որ «Սարդարապատի» դեմ յոթ ակտիվիստ երիտասարդների հայտարարությունը բխում է քրիստոնեական առաքինությունից: Իսկապես, Կոնգրեսի վիճակը տխուր է:

Լինենք անկեղծ ու շեշտենք, որ որքան շուտ Կոնգրեսը կնքի իր վախճանը, այնքան դրանից կշահի հայ ժողովուրդը: Հիմա դա ավելի քան ակնհայտ է, քանի որ արդեն հստակ նշմարվում է, որ հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացիները դեռ այնքան ներուժ ունեն, որ կարող են այնպիսի քաղաքական դաշինք ձեւավորել, որպեսզի կարողանանք հաղթահարել ներկա խոր ճգնաժամը, որի գլխավոր ճարտարապետներն են Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ի դեպ, նույն Ժիրայր Սեֆիլյանը շտապելով հայտարարել էր, թե Ազատ դեմոկրատների կուսակցությունը Սերժի պրոեկտն է, բայց այս նորաստեղծ կուսակցության առաջնորդներն այնքան վեհ եւ խելամիտ գտնվեցին, որ չշտապեցին լաչառի նման անեծքի տարափ տեղալ Սեֆիլյանի հասցեին: Նրանք լռեցին, իհարկե հարգելով նաեւ ազգային հերոսին, իսկ հետո սկսեցին գործով ապացուցել այն, ինչը պետք է հայտարարությունով անեին:

Վերջում էլ Կոնգրեսի դեմքը մեկ անգամ եւս ի ցույց դնելու համար հիշեցնենք, որ դատարանը մերժեց կալանքից ազատել հայտնի միջադեպի մասնակիցներից մեկին, բայց Կոնգրեսը կշարունակի «երկխոսությունը» եւ շուտով կկայանա հերթական հանդիպումը:

«Մենք վստահ ենք, որ ցանկացած պարագայում Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մենք հասնելու ենք մեր երկրում օրինակարգ իշխանության ձեւավորմանը եւ սահմանադրական կարգի վերականգնմանը»,- այս հայտարարության հեղինակը ՀՀՇ երիտասարդական կազմակերպության ղեկավարն է, որ պատասխանել է լրագրողի շատ պարզ եւ տեղին հարցին, թե ինչ է անելու Կոնգրեսը, եթե նախանշված ժամկետում չկարողանա հասնել իր նպատակին: Սա անձի պաշտամունքի հերթական վառ դրսեւորումներից է: Մնում է հայտարարեն, որ լուսինը շարունակում է մեր մոլորակի շուրջը պտտվել բացառապես «հիմնադիր» նախագահի ջանքերով:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը