Մեկնաբանություն

22.08.2011 12:09


Երեխաներին չի կարելի տանջել

Երեխաներին չի կարելի տանջել

Երկրի ղեկավարությունը եւ նրանց ենթակա կառույցները տհաճ անակնկալ են նախապատրաստվել դպրոցականների համար: Որոշ դպրոցներ պատրաստվում են աշակերտներին պարտադրել դպրոց հաճախել նաեւ շաբաթ օրերին: Նրանց նման իրավունք են տալիս հանրակրթության օրենքում կատարված որոշ փոփոխություններ: Հիշեցնենք, որ երբ անցում կատարվեց 12-ամյա ուսուցման համակարգին, նախարարը, նրա տեղակալները, շատ մասնագետներ կարեւորում էին, որ արդեն երեխաները ստիպված չեն լինի դպրոց հաճախել նաեւ շաբաթ օրերին եւ կկարողանան լիարժեք հանգստանալ:

Հայտնի է նաեւ, որ շաբաթ եւ կիրակի օրերին ընտանիքները հաճախ են միասին գնում հանգստի կամ հյուր: Իսկ քաղաքակիրթ երկրներում էլ հանգստյան օրերի ընտանեկան հանգիստն արդեն ավանդույթ է: Ավելին, այնտեղ ուրբաթ օրերին աշխատում են կես աշխատանքային օրով:

Հայաստանը համառորեն ոչ թե առաջ, այլ ետ` դեպի Խորհրդային Միություն է շտապում: Կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել, որ դպրոցները չգնան էժան հեղինակության ետեւից եւ աշակերտներին չստիպեն դպրոց գնալ նաեւ հանգստյան օրերին, մինչեւ օրենքում համապատասխան փոփոխություն կատարելը:

Հետաքրքիրն այն է, որ դպրոցը նման որոշումը պետք է համաձայնեցնի ծնողների հետ, բայց որեւէ դպրոցում ծնողների կարծիքը չեն էլ հարցրել:

Սա դեռ քիչ է, քաղաքապետն էլ հրամայել է, որ աշակերտները դպրոց հաճախեն 8.30-ին: Երբ զրուցեցինք քաղաքապետարանի կթության բաժնի աշխատակիցների հետ, նրանք ասացին, թե քաղաքապետի որոշումը ոչ թե քննարկվում է, այլ` կատարվում: Երբ հուշեցինք, որ մենք համակենտրոնացման ճամբարում չենք, նրանք մի լավ ծիծաղեցին եւ կրկնեցին, որ քաղաքապետի որոշումը քննարկման եւ փոփոխման ենթակա չէ:

Իսկ եթե քաղաքապետը նման որոշում կայացներ մասնագետների հետ, որոնք բացի քծնելուց նաեւ իրենց գործով են զբաղվում, ապա նրան կհուշեին, որ Հայաստանում հաստատված ժամային գոտին ամառային ժամանակի հատվածում նորմայից շեղվում է երկու ժամով: Այլ կերպ ասած, երբ դպրոցականը դպրոց է գնում 8.30-ին, ապա նա իրականում գնում է 6.30-ին: Իսկ գիտնականների վերջին ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ կենսաբանական ժամացույցները դպրոցահասակ երեխաներին ստիպում են առավոտյան ժամերին քնել: Եթե երեխային ստիպողաբար արթնացնում ենք, ապա նրա նյարդային համակարգին ծանր վնաս ենք հասցնում: Ընդ որում, կապ չունի, թե երեխան քանի ժամ է քնում: Կարեւորն այն է, որ վաղ առավոտյան նա քնած լինի: Այսպիսով, քանի դեռ չի ուղղվել ժամային գոտու հետ կապված սխալը, որը գալիս է Ստալինի ժամանակներից, ապա դպրոցներում դասերը պետք է սկսվեն ոչ թե 8.30-ին, այլ գոնե 9.30-ին կամ 10-ին: Կարծում եմ մեր երեխաների առողջությունն ավելի կարեւոր է, քան ճանապարհային խցանումներից ազատվելը: Բացի այդ, քաղաքապետն էլ պետք է վերջապես հասկանա, որ մենք ապրում ենք Հայաստանում եւ ոչ թե Խորհրդային Միությունում: Քանի դեռ չի սկսվել ուսումնական տարին պետք է շատ արագ լուծել այս հարցը:

Միքայել Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը