Կարծիք

18.08.2011 10:49


Ինչ է լինում, երբ մոտենում է «ցասման» օրը

Ինչ է լինում, երբ մոտենում է «ցասման» օրը

Կոնգրեսի ղեկավարությունը, իսկ ավելի կոնկրետ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր խոսնակին` Արման Մուսինյանին հանձնարարեց հանդիպել լրագրողներին եւ մի քանի կարեւոր հայտարարություններ անել: Արման Մուսինյանն էլ դեմքի խիստ արտահայտությամբ հայտարարեց, թե իրենք կալանավորված երիտասարդներին համարում են քաղբանտարկյալ, եւ բացի այդ, իշխանություններին էլ 24 ժամ են տալիս նրանց ազատ արձակելու համար: Նա շատ հստակ ակնարկեց, որ եթե երիտասարդ «քաղբանտարկյալներն» ազատ չարձակվեն, ապա «երկխոսությունը» կարող է եւ սառեցվել կամ կանխակայվել:

Արման Մուսինյանին լսելուց հետո մի պահ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Կոնգրեսը խիստ է տրամադրված, բայց երբ այս հայտարարության հաջորդ իսկ օրը պարզ դարձավ, որ «երկխոսողները» կրկին «երկխոսում» են, ապա մեկ անգամ եւս ակնհայտ դարձավ, որ Կոնգրեսի հետ արդեն ամեն ինչ պարզ է: Ավելին, հերթական անգամ ապացուցվեց, որ հանուն իր նպատակների իրականացման՝ Կոնգրեսի առաջնորդը պատրաստ է զոհաբերել նույնիսկ իր կողքին կանգնածներին` այս դեպքում Արման Մուսինյանին: Կարելի է պատկերացնել Արման Մուսինյանի վիճակը, երբ նա իմացել է, որ առանց «քաղբանտարկյալներին» ազատ արձակելու «երկխոսողները» կրկին հանդիպել են:

Կոնգրեսի համար ամենամեծ խայտառակությունն ընդունված համատեղ հայտարարությունն է: «Քննարկվել է օգոստոսի 9-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպը, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումը ուրբաթ օրը, նաեւ պայմանավորվում ենք առայժմ ձեռնպահ մնալ միջադեպի քննարկման մանրամասների մասին մեկնաբանություն տալուց»:

Այսպիսով, ըստ Կոնգրեսի, երիտասարդների եւ ոստիկանների միջեւ ընդամենը միջադեպ է տեղի ունեցել, եւ ոչ թե ոստիկանները բռնաճնշումներ եւ հալածանքներ են իրականացրել երիտասարդների նկատմամաբ, ինչպես պնդվում էր նախկինում: Ավելին, ստացվում է, որ Կոնգրեսն այլեւս նրանց «քաղբանտարկյալ» չի համարում: Եթե համարեին, ապա հայտարարությունում այդ մասին գոնե կես խոսք կլիներ, բացի այդ, մենք գիտենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր խոսքի տեր մարդ է, իսկ նա բազմաթիվ անգամ ասել է, թե վարչախմբի հետ շփումները հնարավոր են միայն այն դեպքում, եթե քաղբանտարկյալներ չլինեն:

Երեքշաբթի օրը «երկխոսության» հերթական փուլը կայացավ, որով Կոնգրեսի առաջնորդները ընդունեցին, որ Հայաստանում «քաղբանտարկյալ» չկա: Կարելի է կռահել, որ վարչախումբը խոստացել է առաջիկայում երիտասարդներին ազատ արձակել, բայց դա արդեն այլ հարց է: Կարեւորն այն է, որ Կոնգրեսը հերթական անգամ ցույց տվեց իր իրական դեմքն ու իրական նպատակները:

Կոնգրեսի որոշ համակիրներ իրենք իրենց հույս են տալիս, որ միայն «երկխոսության» շարունակմամբ է հնարավոր ազատ արձակել երիտասարդներին, բայց մի՞թե տասնյակ քաղբանտարկյալները ազատվեցին «երկխոսության» արդյունքում:

Վստահ եմ, որ արդեն ամենամոտ ապագայում գրեթե բոլորի համար էլ պարզ կդառնա, որ «երկխոսության» արդյունքում արտահերթ ընտրություններ էլ չեն լինի: Լեւոն Տեր-Պետրոսյանն այսուհետ հսկայական ջանքեր պետք է գործադրի հանրահավաքներին գոնե երկու հազար մարդ հավաքելու համար: Բացառված չէ, որ իր շահերից ելնելով այս հարցում Կոնգրեսի առաջնորդին օգնության ձեռք մեկնի Սերժ Սարգսյանը, բայց սա արդեն քիչ հետաքրքրող թեմա է:

Այսպիսով, երիտասարդների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպից, դրան հաջորդած համատեղ հայտարարությունից հետո կարող ենք արձանագրել, որ Կոնգրեսի ղեկավարության միակ նպատակը Սերժ Սարգսյանի թիմի հետ հնարավորին չափ սերտաճելն է եւ պատգամավորական մի քանի աթոռ նվաճելը: Հակառակ դեպքում նրանք գոնե իրենց արժանապատվությունից ելնելով պետք է սառեցնեին «երկխոսությունը»` պահանջելով ազատ արձակել «քաղբանտարկյալներին»: Ավելին, համատեղ հայտարարությունն էլ վկայում է, որ նրանք Սերժ Սարգսյանի թիմի հետ գտնվում են մեկ ընդհանուր դաշտում եւ ունեն գրեթե նույն նպատակները: Իսկ նպատակը պարզ է` սեփականաշնորհել քաղաքական եւ տնտեսական դաշտը:

Այս իրավիճակում ավելի քան զավեշտալի են թվում Կոնգրեսի հերթական հանրահավաքի գովազդային թերթիկները, որոնց վրա գրված է` Ցասման օրը: Կոնգրեսը եւ վարչախումբը արդեն հասցրեցին արժեզրկել «երկխոսություն» բառը, հիմա հերթը հասել է «ցասումին»:

Իսկ նրանք, ովքեր դեռ կարծում են, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը մի բան գիտի եւ այս գործընթացի արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական է տալու, ապա արդեն ժամանակն է հասկանալու, որ այս ամենի արդյունքում Կոնգրեսը միայն ու միայն մեկ խնդիր է լուծում` ամրապնդել Սերժ Սարգսյանի իշխանությունը: Հիմա ոմանք ընկնելով Կոնգրեսի քարոզչության ազդեցության տակ ասում են, թե պայքարի այլ ճանապարհ չկա, բացի ավազակապետության ներկայացուցիչների հետ երկխոսելուց: Ներողություն, բայց դա ավելի քան պրիմիտիվ փաստարկ է:

Կոնգրեսը կարողացավ մարել ժողովրդի ցասման ալիքը` նպաստելով Սերժ Սարգսյանի դիրքերի ամրապնդմանը: Կոնգրեսի ղեկավարությունն այլ ճանապարհ ընտրեց՝ վերածվելով Սերժ Սարգսյանի եւ նրա հորինած կոլաիցիայի կայունության երաշխավորի: Այստեղ մեկ անգամ եւս կարելի է հիշել Դավիթ Շահնազարյանի պատմական ասուլիսը:

Ամփոփելով կարող ենք ասել, որ այսօր, ավելի քան երբեևէ անհրաժեշտ է առողջ ուժերի դաշինք, որի արդյունքում մեր երկիրը դուրս կբերվի ծանրագույն իրավիճակից: Իսկ ժամանակը եւ պատմությունը դեռ կտա Կոնգրեսի գործունեության գնահատականը:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը