Մեկնաբանություն

17.08.2011 21:49


Ինչպես դառնալ «քաղբանտարկյալ»

Ինչպես դառնալ «քաղբանտարկյալ»

Դատելով «ընդդիմադիր» տարածքում տիրող տրամադրություններից՝ կարող ենք ասել, որ «քաղբանտարկյալ» հռչակվելը կամ ինքնահռչակվելը դարձել է ոմանց կյանքի երազանքը։

Փողոցում «ժողովրդավարության» համար պայքարելն ու «քաղբանտարկյալ» դառնալը վերածվել է հանցագործ աշխարհի ներկայացուցիչների «գող կանգնելու» պես մի ցանկության. եթե դու փողոցում «Լևոն, նախագա՛հ» ես գոռում ու դեռ «քաղբանտարկյալ» չես դարձել, ապա դա «վատ տոնի» նշան է համարվում։

«Քաղբանտարկյալ» լինելը «ընդդիմադիր» տիրույթում հիմա նույնիսկ մոդայիկ է ճիշտ այնպես, ինչպես մարմնին «տատու» ունենալն է ինչ–ինչ շրջանակներում համարվում պարտադիր ատրիբուտ։

Դե քանի մոդայի հետևից ընկնողներ կան, փորձենք հուշել, թե ինչպես կարելի է «քաղբանտարկյալ» դառնալ։

Եվ այսպես.

Տարբերակ 1։ Եթե դու կերել ես «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» տերպետրոսյանական «կուտը» և միևնույն ժամանակ երազում ես «քաղբանտարկյալ» տիտղոսը կրելու մասին, ապա քեզ կարելի է արդեն շնորհավորել, քանի որ ժամանակի ընթացքում «քաղբանտարկյալ» դառնալդ երաշխավորված է։

Տարբերակ 2։ Եթե դու տառապում ես մազոխիզմով և ունես քո ենթագիտակցական սեռական բնույթի ցանկությունները բավարարելու խնդիր, ապա դարձիր «փողոցային ընդդիմադիր», հանրահավաքների կամ երթերի ժամանակ սկսիր քսմսվել ոստիկաններին։ Հավաստիացնում եմ, որ ի պատասխան քո ագրեսիվության՝ ոստիկանները ստիպված կլինեն բրդբրդել քեզ ու դու կդառնաս «զոհ»՝ ձեռքի հետ ապահովելով «քաղհալածյալի» կարգավիճակդ ու մազոխիստական հաճույք ստանալով ֆիզիկական բռնությունից։

Տարբերակ 3։ Եթե դու Թուրքիայի կամ Ադրբեջանի օգտին լրտեսություն ես արել ու դատապարտվել, ապա կարող ես հայտարարել, որ ՀԱԿ–ի կողմնակից ես ու «երկխոսություն» ծրագրի շրջանակներում ազատ կարձակվես՝ ձեռքի հետ վերածվելով «քաղբանտարկյալի»։

Տարբերակ 4։ Եթե դու քաղաքականությամբ ընդհանրապես չես հետաքրքրվում և եթե դու փող չունես, բայց ուզում ես բավարարել նյութական պահանջմունքներդ, ապա կարող ես հանգիստ թալանել մոտակա խանութը կամ բանկը, ու երբ դրանից հետո ոստիկանները քեզ բռնեն ու բերման ենթարկեն՝ անմիջապես հայտարարիր, որ Հայ ազգային կոնգրեսի համակիր ես ու սա քաղաքական հետապնդում է։ Հավաստիացնում եմ, որ քո այդ «մոգական» խոսքերից հետո լևոնենք քեզ կհայտարարեն «քաղբանտարկյալ», մամուլով–բանով «ռասկրուտկա» կանեն ու ոստիկանությունից կպահանջեն ազատ արձակել՝ զուգահեռաբար հայտարարություն ընդունելով այն մասին, որ քեզ ձերբակալել են՝ օգտվելով Սերժ Սարգսյանի Հայաստանում չլինելու հանգամանքից։ Արդյունքում՝ հա՛մ թալանը կմարսես, հա՛մ էլ «քաղբանտարկյալ» կհռչակվես ու հերոսացած ման կգաս։

Մի խոսքով, «քաղբանտարկյալ» դառնալու տարբերակները շատ են։ Մնում է միայն համապատասխան որոշում կայացնել ու անցնել գործի։ Եթե բան դուրս չգա, ապա «ջրբաժանը» կա ու կա։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը