Մեկնաբանություն

16.08.2011 17:48


Սև շունն ու «երկխոսությունը»

Սև շունն ու «երկխոսությունը»

Սերժալևոնական «երկխոսությունը» լուրջ փորձության է ենթարկվել։ Ես կասեի՝ շան փորձության։ Առանց դնչկալի ման եկող շան հետ կապված պատմությունը կարող է լրջորեն վնասել գյալաջիին։

Ինչպես արդեն հայտնի է, ՀԱԿ–իշխանություն այսօրվա հանդիպումը մի փոքր անսովոր սցենարով է անցել։ «Քացր զույգի» վերածված Դավիթ Հարությունյանն ու Լևոն Զուրաբյանը գյալաջիից հետո լրագրողներին համատեղ հայտարարություն են ներկայացրել ու արագորեն հեռացել դեպքի վայրից։

«Քննարկվել է օգոստոսի 9-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպը, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումը ուրբաթ օրը, նաեւ պայմանավորվում ենք առայժմ ձեռնպահ մնալ միջադեպի քննարկման մանրամասների մասին մեկնաբանություն տալուց»,– աչքը ջուր կտրած հայ ժողովրդին մոտ երկու ժամում մշակած տեքստն են հրամցրել «երկխոսական» պատվիրակությունների ղեկավարները՝ Զուրաբյանի ընթերցմամբ։

Հիշեցնենք, որ ՀԱԿ–ը կալանքի վերցված երեք երիտասարդ ակտիվիստներին համարում է քաղբանտարկյալ։ Հիմա եթե այսօր քննարկվել է ոստիկանության ու լևոնյուգենդի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած միջադեպը և որոշվել է այդ թեմայով քննարկումը շարունակել առաջիկա ուրբաթ օրը, ապա ստացվում է, որ իշխանությունները նախքան հանդիպումը կամ դրա ընթացքում հիմնավորել են, որ երիտասարդ ակտիվիստների պահվածքն օրինականության  սահմաններում չի եղել։ Հակառակ դեպքում եթե ՀԱԿ–ում համարում են, որ կալանավորվածները քաղբանտարկյալ են, ապա ոչ միայն այսօրվա «երկխոսությանը» չպետք է մասնակցեին, այլ նաև հետագա  հանդիպման մասին համաձայնության չգային կոալիցիայի աշխատանքային խմբի հետ։ Չէ՞ որ Լևոն Տեր–Պետրոսյանը բազմիցս նշել է, թե իրենք կշփվեն իշխանության հետ եթե չլինեն քաղբանտարկյալներ։ Բացի այդ, երեկ ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը նշել էր, թե իրենք 24 ժամ են տալիս իշխանություններին, որպեսզի նրանք կալանավորվածների կարգավիճակը փոխեն։ Ինչպես պարզվեց, 24 ժամում, բնականաբար, ոչինչ էլ տեղի չունեցավ և ՀԱԿ–ի պատվիրակները խելոք եկան «երկխոսացվելու». Տեր–Պետրոսյանը երկու տարի դրա համար չէր պայքարել ու հասել «երկխոսության», որ «կակոյ նիբուծ» երիտասարդ ակտիվիստների պատճառով հրաժարվեր «էջմիածնական միաբան» դառնալու ծրագրից։

Իսկ եթե ՀԱԿ–ի՝ «երկխոսությանը» մասնակցելու այսօրվա որոշման պատճառն այն է եղել, որ իրենք համոզվել են, որ իրենց կողմնակից տղաները քաղբանտարկյալ չեն, այլ քրեորեն պատժվելու արժանի մարդիկ, ապա պետք է հրապարակավ ներողություն խնդրեն հասարակությունից ու կոնկրետ ոստիկանությունից այն բանի համար, որ շտապել էին իրենց հայտարարություններով ու գնահատականներով քաղաքական էժանագին վայնասուն բարձրացնել։

Ինչպես էլ նայում ենք խնդրին՝ ակնհայտ է դառնում, որ Տեր–Պետրոսյանը հերթական անգամ ցույց է տալիս, որ Սարգսյանի իշխանության կայունության երաշխիքի վերածվելն է իր հիմնական խնդիրը և ոչ մի ակտիվիստի կալանավորում կամ ծեծ նրան հետ չի պահի այդ գծից։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Նկատենք, որ ՀԱԿ–ի երիտասարդ ակտիվիստներն, անկախ իրենց կամքից, խառնեցին սերժալևոնական թամաշայի սցենարը։ Համոզված եմ, որ լևոնենց բուծած արմատական ու զոմբիացած շարքերը կամաց–կամաց սկսելու են նյարդայնացնել «հիմնադիրին» ու նա տարբերակներ է ման գալու նրանց սաստելու ուղղությամբ։

Շատ «խոխմա» վիճակ է առաջացել։ Եթե «հիմնադիրը» սաստի շարքերին, ապա նոսրացող հետևորդներն ավելի կքչանան և նա չի կարողանա «երկխոսել» Ս. Սարգսյանի հետ։ Բայց մյուս կողմից էլ՝ շարքերին չսաստելով կնյարդայնացնի նույն Սարգսյանին ու էլի «երկխոսվելուց» կզրկվի։ Ահա այսպիսի ծանր վիճակում է հայտնվել ՀԱԿ առաջնորդը։

Այս խորագրի վերջին նյութերը