Քաղաքական

29.04.2022 15:21


Նոր Եվրոպան մինչ այժմ չի կարողացել գտնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ամենախելամիտ և նորագույն լուծումը․ Արմեն Գևորգյան (տեսանյութ)

Նոր Եվրոպան մինչ այժմ չի կարողացել գտնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ամենախելամիտ և նորագույն լուծումը․ Արմեն Գևորգյան (տեսանյութ)

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում «Եվրոպայում իրական ժողովրդավարության պաշտպանությունը և խթանումը» զեկույցի քննարկման ժամանակ:

«Նախ` կցանկանայի անդրադառնալ այն պնդմանը, որ, մեջբերում եմ, «ժողովրդավարությունը մեծամասնության դիկտատուրան չէ»։ Ցավոք սրտի, սա այն ուղին է, որն անցած տարիներին ընտրել են մեր անդամ պետությունների մի շարք կառավարություններ:

Այս ուղին հաճախ հանգեցնում է մեկ քաղաքական ուժի կողմից իշխանության կոնսոլիդացման և, հետևաբար, ուռճացված գործադիր իշխանության: Հետո դա առաջ է բերում խորհրդարանի դերի և քաղաքական ընդդիմության աշխատանքի սահմանափակում: Ակնհայտ են նաև լրատվամիջոցների հանդեպ հետագա սահմանափակումները և խոսքի ազատության նոր արգելքները, ինչպես նաև` միջամտությունը դատարանների աշխատանքին: Փաստորեն, մենք ականատես ենք լինում այսպես կոչված «լիբերալ դիկտատուրայի» ձևավորմանը:

Մեզանից շատերին անհայտ պատճառներով Եվրոպայի խորհուրդը և շատ այլ կազմակերպություններ մինչ այժմ նախընտրել են անտեսել վերը նշված միտումները: Հուսով եմ` դա ավանդական ժողովրդավարական արժեքների և նոր գլոբալ քաղաքականության միջև փոխզիջման արդյունք չէ: Կարծում եմ` «իրական ժողովրդավարություն» ապրանքանիշը չի կարող շնորհվել որևէ երկրի` ցանկացած աշխարհաքաղաքական հաշվարկների կամ նախապատվությունների պատճառով: Ավելին, ինձ թվում է, որ մեծամասնության դիկտատուրայի ներկայացված բացասական դրսևորումները մոնիտորինգի հատուկ առարկա պետք է դառնան կազմակերպության անդամ երկրներում:

Երկրորդ` հղում է կատարվում որոշակի «պատասխանատվությանն այլ անդամ պետությունների հանդեպ», որ պետք է ունենա իրական ժողովրդավարությունը` «արդարության և միջազգային համագործակցության վրա հիմնված խաղաղության» ընդհանուր նպատակին հասնելու համար: Ես համաձայն եմ սրա հետ, բայց կարծում եմ` «երկակի ստանդարտները» պետք է հանվեն:

Ակնհայտ է, որ նոր Եվրոպան մինչ այժմ չի կարողացել գտնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ամենախելամիտ և նորագույն լուծումը: Մենք պետք է գիտակցենք, որ ազգային ինքնորոշման պատմականորեն ընդգծված ձգտումները շարունակելու են իրենց ազդեցությունն ունենալ մայրցամաքում եվրոպական ժողովրդավարական ուղու, խաղաղության և կայունության վրա, եթե չլինեն արդար և ազնիվ որոշումներ:

«Հարգելի' գործընկերներ, մենք չպետք է ունենանք այնպիսի դեպքեր, երբ անդամ պետություններում ժողովրդավարության որակն անտեսվի աշխարհաքաղաքական ցանկացած վերափոխումների պատճառով: Կարծում եմ` այս կազմակերպության հիմնադիրների տեսակետն էր, որ անդամ պետությունների ներսում և նրանց միջև հակադեմոկրատական գործընթացներն օբյեկտիվ գնահատականի արժանանան Ստրասբուրգում»,-նշել է Արմեն Գևորգյանը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը