Կարծիք

14.08.2011 12:20


Շիրխանյանն ու շառուփորձանքը մեզնից անպակաս են

Շիրխանյանն ու շառուփորձանքը մեզնից անպակաս են

Ինչպե՞ս կարելի է հայ ժողովրդին համոզել, որ նա Արցախի հարցում զիջումների գնա: Առայժմ նկատվում է երեք ճանապարհ` հրապարակում պահել Լևոն Տեր-Պետրոսյանին, որ գիտականորեն ապացուցի ազատագրված տարածքները ոչ մի բանի դիմաց վերադարձնելու առավելությունները, Գեորգի Վանյան խաղացնել, որ ապահովի քիրվայության մշակութային մասը եւ, իհարկե, Շիրխանյան խոսացնել, որ, հաշվի առնելով տերպետրոսյանական «առավելություններն» ու վանյանական բիզնեսի արդյունք հանդիսացող մշակութային մերձեցումները, մեզ համար ապագա Հայաստան նկարի:

Գրանտակերներ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Գեորգի Վանյանի մասին շատ է գրվել ու խոսվել: Առաջիկա սեպտեմբերին հնարավոր է նույնիսկ դպրոցական ծրագրերում, շախմատին զուգահեռ, մտցվի նաև «Արցախագիտություն» առարկան, որը դասավանդվի ՀՀ առաջին նախագահի եւ Վանյանի համատեղ դասագրքով: Շտապեք շնորհավորել Աշոտյանին, որովհետև նոր ուսումնական տարին նրա համար սկսվելու է բազում գլխացավերով` մասնավորապես անհաջող դասագրքերի հետ կապված:

Ինչևէ, այսօր մենք կխոսենք Արցախի հարցի լուծման, իսկ ավելի ճիշտ` թաղման երրորդ ճանապարհի մասին, որ մեզ փորձում են հասկանալի դարձնել Շիրխանյանի ուղեղի ծալքերի ընդմիջից:

Շիրխանյանը, պարզվում է, խիստ անհանգստացած է Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդրով: Նա կարծում է, որ մենք, այ քեզ տնաքանդություն, բռնել ենք այդ պետության հողերն ու նստել դրանց վրա: Այդքանը քիչ է, դեռ մի բան էլ սակարկում ենք այդ հողերի շուրջ` պահանջելով ԼՂՀ համընդհանուր դե յուրե ճանաչում: Լավ չի, հեչ լավ չի` մեզ ասում է Շիրխանյան Վահանը: Բա ո՞նց անենք, պարոն Շիրխանյան, եթե չեմ սխալվում` նախկին պետական այր:

- Որպեսզի չխախտվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պետք է հողերը վերադարձնել,- ասում է իր կարծիքով հայոց պետականության ակունքներին մոտ կանգնած նախկին պետական այրը:

Դե Շիրխանյանի խելոքությանը ո՞վ կարող է կասկածել: Բայց, ամեն դեպքում մի հասարակ հարց` հետո՞…

- Հետո, երբ հողերը տալուն պես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնված կլինի, պետք է հրաժարվել ԼՂՀ անկախ կարգավիճակի հետապնդումից:

Ուշադիր լսեք, խնդրում եմ Վահան Շիրխանյանին, որովհետև, չի բացառվում, որ այս թեմայով սա նրա վերջին դասախոսությունը դառնա: Ուրեմն, ընդհանրացնենք մինչ այս լսածը` հողերը տալիս ենք եւ հրաժարվում ԼՂՀ անկախ կարգավիճակի պահանջից: Հարց` հետո՞…

- Փոխարենը թող մեզ տան Նախիջևանը…

Այ սա արդեն առևտուր է` օրենքով, կշեռքով, ՀԴՄ կտրոնով, մանրը վերադարձնելով, բանով: Տեսնես պարոն Շիրխանյանն ի՞նքն է այսքան հետ մնացել իրադարձություններից, թե՞ կուսակցական գործերն են խանգարել նրան` լինել այս ամենի կիզակետում: Իսկ գուցե, այնուամենայնիվ, նա կխոստովանի՞, որ իշխանության հրահանգով է շուկա հանել Արցախը հանձնելու այս նոր ցնդաբանությունը: Մարդ ես, էլի, կպա՞վ, կպավ: Մեկ էլ տեսար հայ ժողովրդին ականջահաճո լինի այս ճանապարհով Արցախի հարցը լուծելու նոր, ես կասեի` ճեղքում առաջ բերող (ճեղքիչ) գաղափարը: Ափսոս, որ Շիրխանյանը հոգով պոետ չի: Մի քիչ էլ որ բանաստեղծականություն հաղորդեր խոսքին, հարցը լուծվելու էր միանշանակ` համ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն էինք վերականգնելու, համ ԼՂՀ կարգավիճակի խնդիրն էինք թաղելու, համ էլ… չէ, մի շտապեք եզրակացնել, թե համ էլ Նախիջևանն էինք միացնելու Հայաստանին:

Հիվանդ տատին հարցնում է թոռը.

- Տատ, մի ջրալի տանձ լիներ, կուտեի՞ր…

- Հա~ա~ա~…

- Բա չլինե՞ր…

Պարոն Շիրխանյան, ո՞րն է լավ` ձեռքիդ հացուպանի՞րը, թե աղաների խորովածը, որից հոտն է միայն քեզ հասնում: Եթե, այնուամենայնիվ, հացուպանիրը, ապա գոնե այն պետք է պահպանել աղաների անկուշտ աչքից: Դուք, փաստորեն, նրանց ասում եք` հաց ու պանիրս կտամ, բայց դրա համեմատ ինձ խորոված տվեք: Կհամաձայնեն, գիտե՞ք: Կվերցնեն հացուպանիրդ ու կասեն` կանգնիր այնտեղ ու խորովածի հոտը քաշիր, դա էլ բավական է քեզ: Որտեղի՞ց իմանա պարոն Շիրխանյանը, թե ինչ է այսօր Նախիջևանը, թե ինչու այնտեղ նմուշի համար մի հայ չի մնացել, թե ինչու են այնտեղ հավաքվում թուրքալեզու պետությունների ղեկավարներն ու ինչ պլաններ են գծում Զանգեզուրի շուրջ: Վերջապես նա նաև պարտավոր չէ այդ ամենը իմանալ: Դա իր պարտականությունների մեջ չի մտնում այս պահին: Այս պահին պետք է ազատագրված տարածքների զիջելն արդարացնել, առևտուր անողի պատրանք ստեղծել ժողովրդի աչքում, ինչի համար էլ իշխանության կողմից ամենահարմար անձն է նկատվել: Գուցե:

Ամփոփենք: Քանի՞ թիզ հող է անձամբ ազատագրել պարոն Շիրխանյանը, որ այսպես ջոմարդ առևտուր է սկսել հանուն Ադրբեջանի տարածքային ամբողջականության: Ինձ, օրինակ, հետաքրքրում է այս հարցը: Եվ, առհասարակ, ո՞վ է իր հողով իր հողի համար առևտուր անում: Ավելին, ո՞վ է իր իրավունքը զիջում հանուն խոստումի: Շիրխանյանին, ու նրան խոսացնողներին, ինչպես տեսնում եք, պետք է շտապ ուշքի բերել, քանզի այլ ճանապարհ չկա: Այլապես Շիրխանյանը մի գեղեցիկ օր մեզ կարող է համոզել, որ իրոք անիմաստ է Արցախի անկախության պահանջը: Իսկ դա, վստահ եղեք, հայ ժողովրդի մեծագույն խայտառակությունը կլինի, ազգերի պատմության թատերաբեմից հեռանալու առաջին հաստատուն քայլը: Իսկ երբ ազգին տանում ես անհետացման, այլևս անիմաստ է խոսել որևէ այլ իրադարձության պատրաստվելու մասին: Օրինակ` խորհրդարանական հերթական ընտրությունների: Ինչքան էլ իշխանության հանգույն պնդես, թե դրանք կլինեն հերթական, միևնույն է, դրանից այդ ընտրության անիմաստությունը չի իմաստավորվում: Համոզված կործանվողի համար էլ ի՞նչ սոցիալիստական գաղափարախոսություն, էլ ի՞նչ լիբերալիզմ, էլ ի՞նչ գաղափարական պայքար, եթե նույնիսկ այն մղում է Վահան Շիրխանյանի կարգի հանրահայտ սոցիալ-դեմոկրատն ու քաղաքագետը:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը