Կարծիք

13.08.2011 20:05


Տուն-տունիկը, բժիշկ–բժիշկը եւ մյուս վտանգավոր խաղերը

Տուն-տունիկը, բժիշկ–բժիշկը եւ մյուս վտանգավոր խաղերը

Օրերս հեղինակավոր սոցիալական ցանցերից մեկում Կոնգրեսի մի ակտիվիստ երիտասարդ գրել էր, թե ով կասկածում է, որ Կոնգրեսի պայքարը ճիշտ ճանապարհով չի գնում` ես նրա… Մի խոսքով ամենավերջին փողոցային հայհոյանքը: Ավելին, մի խումբ կոնգրեսականներ էլ հավանության էին արժանացրել այս մեկնաբանությունը: Հիմա եթե գտնվի մի մարդ, որն այդ երիտասարդին ապտակ հասցնի, ապա կստացվի, որ խեղճ ու կրակ Կոնգրեսը շարունակվում է հալածանքների ենթարկվել:

Կոնգրեսի ղեկավարությանը շատ անգամ եւ տարբեր եղանակներով զգուշացվել է, որ իրենց կողքին բազմացնում են տգետ եւ տարրական էթիկայի կանոններից զուրկ եւ միաժամանակ վտանգավոր ագրեսիվության հասած երիտասարդների: Ցավոք, Կոնգրեսն այս զգուշացումները միայն անտեսել է: Ավելին, Կոնգրեսը «տակից» խրախուսում է ոմանց բութ ագրեսիվությունը։

Երբ գտնվում է մեկը, ով համարձակվում է ասել, թե Կոնգրեսի երիտասարդներն իրավունք չունեն հայհոյել ոստիկաններին, նրան անմիջապես մեղադրում են աշխարհի բոլոր հանցանքների մեջ: Մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ Կոնգրեսի երիտասարդները քաղաքական որեւէ գործողություն չէին անում, երբ կոնֆլիկտի մեջ են մտել ոստիկանների հետ: Ընդհակառակը, նրանք են անհարկի ագրեսիվությամբ միջամտել ոստիկանների աշխատանքին: Ընդ որում, հրապարակված տեսանյութում էլ ավելի քան պարզ է դառնում, որ նույնիսկ ոստիկանական բաժանմունքում ձերբակալված յոթից ոմանք շարունակ սադրանքներ էին անում եւ հայհոյում ոստիկաններին, հույս ունենալով, որ նրանից որեւէ մեկի նյարդերը տեղի կտա եւ նրանց կապտակեն: Մի՞թե կոնգրեսի պատկերացրած եւ երազած երկիրն այսպիսին է, որ ամբարտավան եւ կոնգրեսամետ երիտասարդները փողոցում խփեն եւ հայհոյեն ոստիկաններին:

Մտահոգության է արժանի նաեւ այն, որ շատ շատերը նախընտրում են չանդրադառնալ այս խնդրին, քանի որ վախենում են, թե՛ իշխանություններից, թե՛ Կոնգրեսից: Հենց այս վախն էլ քանդում է մեր երկիրը: Մարդիկ վախենում են ասել Կոնգրեսի առաջնորդներին, թե ինչու չեք ասում, թե այդ ինչ ապօրինի գործողություններ էին անում ոստիկանները, որ ջահելները նետվեցին նրանց վրա: Նույն այդ մարդիկ վախենում են Սերժ Սարգսյանին կամ ոստիկանապետին ասել, թե ինչ գործ ունեն կարմիրբերետավորները քաղաքի կենտրոնում:

Ավելորդ զգուշավորությունը մեր երկիրը մոտեցրել է կործանման դռանը: Հենց այս իրավիճակում էլ լինում են այսպիսի իրադարձություններ, որոնք մեզ ստիպում են մոռանալ գլոբալ խնդիրների մասին եւ կենտրոնանալ այս մանր արարքների վրա:

Եթե Կոնգրեսի ղեկավարները հանկարծ փորձ անեն ձերբակալվածներին ներկայացնել որպես քաղբանտարկյալներ, ապա կարժեզրկեն քաղբանտարկյալ գաղափարն ընդհանրապես: Համ էլ չի կարելի թույլ տալ, որպեսզի ՀԱԿ–ը «քաղաքական հալածյալի» հոդվածով ինդուլգենցիա տա բոլոր նրանց, ովքեր իր տանիքի տակ գտնվելով ոգևորվում են «երկխոսությունից» և հիվանդանում ամենաթողությամբ: Միաժամանակ, եթե Կոնգրեսը նրանց քաղբանտարկյալ չհամարի, ապա պարտավոր է յոթ երիտասարդների եւ ոստիկանների ավելորդ ագրեսիվությունը դատապարտող հայտարարություն տարածել:

Նորմալ երկրներում այս միջադեպի բոլոր մեղավորները հաստատ կպատժվեին օրենքի սահմաններում: Կպատժվեին եւ ոստիկաններին հայհոյածներն ու հարվածածները, եւ այն ոստիկանները, որոնք ձերբակալելիս ծեծի են ենթարկել ագրեսիվ երիտասարդներին: Ցավոք, մենք այնքան ցածրակարգ երկրում ենք ապրում, որ իշխանությունները կուրծք ծեծելով պաշտպանում են ոստիկաններին, իսկ Կոնգրեսն էլ` իրենց «ժողովրդավարության ջահակիր» ջահելներին:

Դժվար չէ կռահել, որ զոմբիացված փոքրաթիվ զանգվածը հիմա կսկսի հերոսացնել ոստիկաններին հայոհոյած եւ ոստիկանական տեղամասում իրենց լկտի պահած երիտասարդներին: Պարզ է նաեւ, որ իշխանություններն էլ կփորձեն անմեղ գառնուկներ ներկայացնել կարմիրբերետավորներին: Եւ այս կեղտոտ տեսարանին հետեւելիս մեկ անգամ եւս հասկանում ես, որ մեր բազմաչարչար երկրին օր առաջ անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ: Ընդ որում, բարեփոխումներն էլ պետք է իրականացնի նոր եւ թարմ քաղաքական ուժը: Հակառակ դեպքում մենք այլեւս չենք կարող նույնիսկ երազել դրական տեղաշարժերի մասին: Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմերը սպառել են իրենց: Նրանք պետք է հեռանան: Հուսանք, որ հենց իրենք կհասկանան այդ մասին եւ առանց ավելորդ աղմուկի կփակեն դռները եւ կզբաղվեն այլ գործերով: Քաղաքականությունը եւ պետության ղեկավարումը նրանց տրված չէ ի վերուստ:

Երբ Կոնգրեսը հայտարարություն է տարածում եւ ասում, թե շարունակվում են ապօրինություններն ու բռնությունները Կոնգրեսի ակտիվիստների հանդեպ, ապա մեկ անգամ եւս համոզվում ենք, որ ստի վրա հենված եւ «երկխոսությամբ» իրենց վարկաբեկած ուժերը Հայաստանի քաղաքական դաշտում որեւէ անելիք չունեն: Անելիք չունի նաեւ վարչախումբը, որը կորցրել է երկիրը կառավարելու բոլոր թելերը եւ ներքաշվել վտանգավոր խաղերի մեջ:

Ոստիկանական եւ մյուս համակարգերում բարեփոխումներ կարող է իրականացնել բացառապես ժողովրդի վստահության քվեն ունեցող նոր ուժը: Այս իրավիճակում ավելի քան անհրաժեշտություն է նոր ուժի ձեւավորումն ու կայացումը: Ուժ, որը վայելելով ժողովրդի վստահությունը սահմանադրական արմատական փոփոխություններ կիրականացնի եւ կդնի ժողովրդավարական ճանապարհով առաջ շարժվելու հիմքերը: Հավատացեք, որ մենք ո՛չ հավես, ո՛չ էլ ռեսուրսներ ունենք հետեւելու, թե ինչպես են մի խումբ «տաքգլուխներ» ծեծ ուտում մի խումբ կարմիրբերետավորներից:

Հոգնել ենք եւ արդեն նողկանք ենք զգում բեմականացված «երկխոսություններից», սրտխառնոց ունենք ընտրակեղծիքներից եւ բոլոր նրանցից, ովքեր մեր երկիրն ու նրա ապագան տանում են կործանման:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը