Քաղաքական

28.04.2022 19:42


«Մեր ոստիկանները կարծես թե մրցում են, թե ով ավելի կոպիտ կլինի». Լարիսա Ալավերդյան

«Մեր ոստիկանները կարծես թե մրցում են, թե ով ավելի կոպիտ կլինի». Լարիսա Ալավերդյան

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ նորանկախ Հայաստանում մեծ ուշադրություն էին դարձնում ոստիկանության գործելաոճին։

«Պետք է արձանագրեմ, որ այս տարիներին, եթե որևէ բան փոխվել էր, միանգամից հետնահանջ եղավ, հիմա մենք հերթական հետնահանջի վկաներն ենք։ Ինքս իսկապես վրդովմունք եմ ապրում, որովհետև եթե մենք 90-ականներին կարծում էինք, որ ոստիկանները դեռևս չգիտեն, թե ինչպես պետք է գործեն, որ օրենքով շարժվեն, ապա հիմա արդեն նրանց գործողություններն արդարացնելու հիմքերը չկան։ Համոզված եմ, որ արդեն բարձր սպայական կազմը մի քանի թրեյնինգներ են անցել, սեմինարներ, եթե ոչ՝ արտերկրում, ապա Հայաստանում՝ հաստատ։ Այդքանից հետո, հիմա իրենց գործողությունները մեկ բան են նշանակում՝ նրանք ոտնահարում են հենց ոստիկանության մասին օրենքի նորմերը»,-168.am-ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Երևանում իրականացվող բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողություններին։

Ըստ նրա, հետևելով ոստիկանության գործողություններին, ակնառու են այն առավելությունները, որոնք ունի ուժային կառույցը, իրավունք է իրեն վերապահում խախտել ոչ միայն օրենսդրական նորմերը, այլև միջազգային սկզբունքները։

«Չեմ կարծում, որ ոստիկանության գործողությունները կարելի է միայն նման խոսակցություններով կանգնեցնել։ Ինչ է տեղի ունենում այլ պետություններում, ներկա եմ եղել տարբեր պետություններում, երբ անհամաչափ ուժ էր կիրառում, մյուս օրն արդեն հայտնի էին այն բոլոր պատժամիջոցները, որոնք կիրառում էին անհամաչափ ուժ գործադրած ոստիկանների նկատմամբ։ Հիմա մեր ոստիկանները կարծես թե մրցում են, թե ով ավելի կոպիտ կլինի, սա իրոք վրդովեցնող է, վերջապես չի կարելի նման կերպ վարվել սեփական քաղաքացիների հետ»,-նշեց Լարիսա Ալավերդյանը։

Ի դեպ, որոշ ակցիաների ժամանակ մասնակիցներին հրահանգներ տվողներն ու նրանց նկատամամբ ոչ իրավաչափ գործողություններ կատարարողները քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին: Օրենքի պահանջով՝ ոստիկանները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալները՝ անուն և ազգանուն: Մինչդեռ ոմանք ոստիկանությունների նման գործողություններն արդարացնում էին՝ ասելով, թե նրանք գաղտնի ծառայության ներկայացուցիչներ են: Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ նման մտածելակերպը հետամնաց երկրների պրակտիկա է։

«Այս ամենը ոչ միայն օրենք, այլև սկզբունք է խախտում։ Այն սկզբունքները, որոնք կառուցվում են հայտարարված՝ ժողովրդավարական ճանապարհով, այս գործելաոճը հակասում է դրան։ Ոստիկանության նման պրակտիկան դատապարտվել է, քանի որ դա տոտալիտար պետություններին է բնորոշ։ Սա նախևառաջ վատ վերաբերմունք է ոստիկանի կոչման հանդեպ, էլ չեմ խոսում 13-ամյա անչափահաս տղային բերման ենթարկելը։ Ոստիկանը նրա համար է, որ ցույց տա, թե ինչպես է օրինական ձևով կանխում անօրինական կեցվածքը, այլ ոչ թե ցուցաբերի անօրինական կեցվածք»,-եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։

Այս խորագրի վերջին նյութերը