Կարծիք

10.08.2011 12:26


Մենք արդեն պետք է շտապենք

Մենք արդեն պետք է շտապենք

Շատերն են ծիծաղում նրանց վրա, ովքեր իրենք իրենց ստիպում են հավատալ, որ «երկխոսություն» կոչվածը փոխելու է իրենց կյանքը, որ լինելու են արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, որ ձեւավորվելու է օրինական իշխանություն: Բայց փորձե՞լ եք հասկանալ այդ մարդկանց հոգեբանությունը, որոնք իրենց ստիպում են հավատալ նրանց, ովքեր ակնհայտորեն իրենց քթից բռնած այս ու այն կողմ են տանում: Մի՞թե չեք ընդունում կամ գիտակցում, որ այդ մարդիկ ուզում են պահպանել լավ ապրելու, նորմալ երկրում ապրելու վերջին հույսը: Անշուշտ, շատ վատ է, որ նրանք ինքնախաբեությամբ են զբաղվում: Ակնհայտ է, որ նրանք սխալ ճանապարհի վրա են կանգնած, բայց եկեք ընդունենք, որ այդ մարդիկ, կամ այդ մարդկանց մի զգալի հատվածը պարզապես առաջընթացի այլ ճանապարհ չի տեսնում:

Պետք է ընդունենք, որ Կոնգրեսի առաջնորդը փայլուն կերպով կարողանում է խաղալ այդ մարդկանց զգացմունքների հետ: Նա կարողանում է անել այնպես, որ նրան կուրորեն հավատացողներն այդպես էլ չեն հարցնում, թե հարգելի՛ առաջնորդ, որտե՞ղ էիր դու մարտի 1-ին կամ ինչո՞ւ ձեր տունն այդպես էլ չխուզարկեցին:

Հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, եթե խաբվում են, թող խաբվեն կամ մենք այլեւս նրանց չենք կարող օգնել: Բայց ինչ ենք արել, որ հիմա էլ ասում ենք, թե այլեւս չենք կարող օգնել: Մենք այդ մարդկանց այլընտրանք չենք առաջարկել: Երբ կլինի շոշափելի այլընտրանք, եւ էլի կգտնվեն մարդիկ, որոնք կհավատան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իրենց առաջնորդում է դեպի ժողովրդավարական Հայաստան, այն ժամանակ կարող ենք ասել, որ մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք պարզապես իրենց երջանիկ են զգում, երբ իրենց անդադար խաբում են եւ սուտ խոստումներ տալիս:

Իսկ հիմա ճիշտ տեղն ու ժամանակն է, երբ մենք հասարակությանն իրական այլընտրանք առաջարկենք: Ավելի քան անհրաժեշտություն է նոր քաղաքական հոսանքի ձեւավորումն ու հզորացումը: Քաղաքական դաշտի մի զգալի հատվածը դատարկ է, որն այժմ ուզում են արհեստականորեն լցնեն «երկխոսողները»:  Իրականում այդ տեղը պատկանում է հենց նոր ուժին, որի ուսերին հսկայական բեռ է դրված:

Պարզ է, որ եթե հանկարծ ինչ-ինչ պատճառներով նոր ուժի կայացումը ժամանակին չլինի, ապա դրանից կշահեն բացառապես մեր երկրի գիտակցված եւ անգիտակից հակառակորդները եւ թշնամիները: Այդ դեպքում քաղաքական դաշտը կհայտնվի նրանց ձեռքին, ովքեր ժողովրդավարությունից շատ հեռու են, իսկ տնտեսության մասին պատկերացումներն էլ ֆեոդալական ժամանակներից այս կողմ չի անցնում:

Այսօր միմյանց հետ «երկխոսում են» մարդիկ, որոնք համոզված են, որ այս երկրում լավ պետք է ապրեն մեկ–երկու ընտանիք, իսկ մնացածներն էլ յոլա գնան նրանց նետած փշրանքներով: Նրանք իրենց աշխարհայացքով արեւելյան տիպի բռնապետական գործիչներ են, որոնք սիրում են ինտրիգներ եւ բանսարկություններ: Կարծում եմ, որ կարիք չկա բացատրելու, թե ինչ կլինի, եթե նրանց հանկարծ հաջողվի իրականացնել իրենց ծրագրերը:

Բարեբախտաբար, հիմա Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ նոր քաղաքական ուժը հրաշալի հնարավորություն ունի ոչ միայն ձեւավորվելու, այլ նաեւ հզորանալու: Հենց քաղաքական նոր  ուժի ջանքերով պետք է փոխվի հայաստանյան քաղաքական դաշտը, իսկ հետո նաեւ ամբողջ երկիրը: Օր առաջ մենք պետք է դուրս գանք այս համատարած բարոյալքումից:

Երբ լրագրողը, լրատվամիջոցը հանգիստ գրում է, թե ով որ տեղամասում է պատգամավոր դառնալու կամ որ կուսակցության ցուցակում ովքեր են լինելու, եւ չի արձանագրում, որ սա պետականակործան գործընթաց է, ապա հասկանալի է դառնում, որ մենք արդեն անդունդում ենք:

Երբ «երկխոսողներից» մեկի նպատակը ոչ թե արդարության հասնելն է, այլ պատգամավորական մի քանի տեղ ձեռք գցելը, ապա պարզ է դառնում, որ մեզ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ: Եթե բարոյալքումն այսպես շարունակվի, ապա այլեւս մեր երկիրն առողջացնելու հնարավորություն չենք ունենա:

Արտագաղթը նոր թափ է ստանում: Մարդիկ հեռանում են ընտանիքիներով: Դժվար չէ կռահել, որ հեռացածների մեծ մասն այլեւս չի վերադառնալու: Լավագույն դեպքում դեռ մի քանի տարի երեխաներին կբերեն պապիկ-տատիկի տուն, իսկ հետո դա էլ չեն անի: Իսկապես, դժվար է մարդկանց մեղադրել հեռանալու համար: Ոմանց նյարդերն այլեւս չեն դիմանում, երբ ամեն օր բախվում են անարդարության։

Այս վարչախմբի համար հայաստանցիները ոչ մի արժեք չունեն: Նրանք բառիս բուն իմաստով թքած ունեն հայ մարդու վրա: Հիշում եք, թե ինչպես էր քրքջում Տիգրան Սարգսյանը, երբ խոսում էր արտագաղթից: Կատակներ եւ հումորներ էր անում: Ցավոք, նրա հետ մեկտեղ ծիծաղում էր եւ հարց տվող լրագրողը:

Այնպես որ նոր ուժի կարիքը վաղուց կա և այդ նոր ուժը դեռ մի բան էլ ուշանում է: Իսկ այս բարոյալքման պայմաններում երեւանյան սուպերմարկետներում ծիրանը վաճառվում է 1500, դեղձը` 1050, խակ խնձորը 700 դրամով, իսկ հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից բերված բանանը ընդամենը 700 դրամով: Հավատացեք, որ սա շատ խորհրդանշական եւ խոսուն պատկեր է: Նոր ուժը պետք է գա, որ առաջին հերթին վերջ տա բարոյալքմանը եւ հետո միայն սկսի արմատական բարեփոխումները: Մեզ հիմա կոսմետիկ փոփոխությունները եւ մանր քայլերը չեն փրկի:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը