Մեկնաբանություն

08.08.2011 11:45


Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը վարկաբեկում իր թիմակիցներին

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը վարկաբեկում իր թիմակիցներին

Այն որ «երկխոսության» ընթացքում «փչացվում» է Տեր–Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ–ը՝ ողջունելի է և խրախուսելի։ Սակայն լրիվ անտրամաբանական է, որ Սերժ Սարգսյանը, ՀԱԿ–ից զատ, «փչացնում» է նաև իր թիմակիցներին կամ ում ընդունված է Սարգսյանի թիմակից համարել։

Նկատենք, որ ՀՀԿ–ականներից ոմանց անհարմար վիճակի մեջ դնելով՝ անհարմար վիճակում է հայտնվում նախևառաջ հենց Սարգսյանը։ Այսինքն ՝ «երկխոսությունը» բացասաբար է ազդում և՛ Տեր–Պետրոսյանի, և՛ Սարգսյանի վրա, ինչն այս թամաշայի միակ դրական ձեռքբերումը կարելի է համարել։

Այժմ անդրադառնանք վերնագրում բարձրացված հարցին ու փորձենք գտնել պատասխանը։

Նախքան թեմային առնչվող որոշ նրբություններին անդրադառնալը նշեմ, որ նրանց, ում ընդունված է Սերժ Սարգսյանի թիմակից համարել՝ իրականում «չուժոյ» են նրա համար։ Այստեղից էլ ծնվում է այն վարքագիծը, որը մենք տեսնում ենք Սարգսյանի մոտ։  Իսկ թե ինչու՞ է այդպես ստացվել՝ կներկայացնեմ ստորև։

«Թիմակիցներին» «քաշելու» սարգսյանական քաղաքականության պատճառն այն է, որ Սարգսյանի համար կարևորվում են փողն ու իշխանությունը։ Երկրում շրջանառվող մեծ փողերի և իշխանության մեջ մաս ունեն նաև ՀՀ նախագահի շրջապատի ներկայացուցիչները, ինչն էլ նրանց թիրախ է դարձնում և բնական է, որ ՀՀԿ «ճկուն» ղեկավարի շրջապատ կոչվածի դեմ պայքարում օգտագործվում և յուրային են դառնում փողից նեղվող ու իշխանություն չունեցող տարատեսակ «դհոլները», «էջմիածնական միաբանները» և «ախքերը»։

Նայե՛ք, թե ում հետ է այսօր «երկխոսում» «Եղիազարը» և ում դեմ է պայքարում, ու ևս մեկ անգամ կհամոզվեք վերը նշված գնահատականների ճշմարտացիության մեջ։

Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք պնդել, որ ՀՀԿ «ֆուտբոլասեր» ղեկավարի թիմակիցները չեն կոալիցիոն գործընկերներն ու նույնիսկ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների մեծ մասը։ Դա է պատճառը, որ իշխող կուսակցության անդամները հաճախ ասում են մի բան, իսկ հետո պարզվում է, որ նախագահը լրիվ այլ բան է անում կամ ասում։ Դրանից հետո նույն դեմքերը ստիպված են լինում իրենք իրենց հերքելով կրկնել շեֆի ասածները՝ հայտնվելով, մեղմ ասած, անհարմար դրության մեջ։

Փաստ է, որ Սարգսյանի՝ նախագահ դառնալուց ի վեր իշխանական ճամբարը ներկայացնող գործիչների մեծամասնությունը «քաշվել» է նրանից։

Ամեն ինչ սկսվեց 2008–ից, երբ հանրապետականները և նրանք, ում ընդունված է Սարգսյանի թիմակից համարել, ստիպված էին «ֆուտբոլային» դիվանագիտությունը գովերգել, այնինչ նախագահական ընտրությունների փուլում բացասական որակումներ էին տալիս «ֆուտբոլային» արտաքին քաղաքականություն քարոզող Լևոն Տեր–Պետրոսյանին, ով Սարգսյանի աթոռային մրցակիցն էր։

Իշխանությունները նախըտնրական փուլում նույնիսկ մի կեղտոտ տեսանյութ էին շրջանառության մեջ դրել համացանցում ու Տեր–Պետրոսյանին ներկայացնում էին որպես թուրքական լրտես այն բանի համար, որ «հիմնադիրը» կողմ էր արտահայտվում Թուրքիայի հետ քիրվայությունն անելու օգտին։

Իր «նախաձեռնողականությամբ» Սարգսյանը հայտնվեց քիրվայական տիրույթում՝ «փչացնելով» նաև նժդեհականությունը որպես գաղափարախոսություն որդեգրած կուսակից ընկերներին, ովքեր ստիպված «մոռացան», որ հայհոյել էին քիրվայությունը, ու ատամները սեղմելով սկսեցին Գյուլ խաղացնել ու դադարեցնել Տեր–Պետրոսյանի քննադատությունը «Սերգո ջանի» մասով։

Հեռուստաալիքներն էլ իրենց հերթին սկսեցին «Ո՛չ մի թթու խոսք Թուրքիայի ու Տեր–Պետրոսյանի հասցեին» քաղաքականությունը վարել ու եթեր հրավիրել պալատական «վերլուծաբան–թուրքագետների», ովքեր փրփուրը բերաններին «ֆուտբոլ» էին լմլմում։

Վերջին երեք տարիների ընթացքում Սարգսյանի մոտ «թիմակիցներին» վարկաբեկելը դարձավ խաղի կանոն, ինչը զգացնել տվեց նաև ներքաղաքական «պայքարի» ժամանակ, երբ Բաղրամյան 26–ից, «ընդդիմադիր» մամուլի հետևում թաքնվելով, «սև» PR էր արվում այս կամ այն իշխանավորի նկատմամբ։

Նախագահականի «պոլիտտեխնոլոգների» մշակած մեխանիզմը շատ պարզ է՝ ցեխ շպրտել «յուրայինների» վրա լևոնական (իրականում՝ ազատ, բայց սերժատու) մամուլի միջոցներով և դեմքի անտեղյակ արտահայտությամբ կազմակերպել այդ գործընթացը՝ դժգոհողներին ներկայացնելով, թե իբր այդ ամենն անում են լևոնականները։

Իսկ թե ինչո՞ւ է այդպես վարվում Սարգսյանը, նույնպես պարզ է։ Բանն այն է, որ «ֆուտբոլասեր» նախագահի երազած պետությունը տեղավորվում է «Մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» սխեմայի մեջ, ինչը նշանակում է, որ Սարգսյանը թիմակիցներ է համարում մարդկանց նեղ շրջանակի, իսկ առերևույթ թիմակիցներին «փչացնում» է, որովհետև չի պատրաստվում կիսվել իշխանությամբ, այլ ձգտում է թուրքմենբաշիզմի։ Ահա և «թիմակիցներին» վարկաբեկելու և լևոնականներին հաճախորդացնելու ամբողջ «գաղտնիքը»:

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը