Կարծիք

06.08.2011 09:24


ՀԱԿ–ը, Լևոն Տեր–Պետրոսյանը և ընտրական օրենսգիրքը

ՀԱԿ–ը, Լևոն Տեր–Պետրոսյանը և ընտրական օրենսգիրքը

Նոր հեռահար հաշվա՞րկ, թե՞ խորհրդարանական ընդդիմության դեմ պայքար, պայքար մինչեւ վերջ

Հուլիսի 26-ին` կոալիցիա-ՀԱԿ երկրորդ հանդիպման օրը հրապարակվեց ՀԱԿ-ի «երկխոսության» օրակարգը, որտեղ, մինչեւ արտահերթ ընտրությունների կազմակերպումը, որպես անհարժեշտ քայլ ձեւակերպված է Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունը` մի շարք խնդիրների լուծմամբ:

Լեւոն Տեր-Պետրոսյանը օգոստոսի 2-ի հանրահավաքի իր ելույթում վերստին անդրադարձավ ՀԱԿ օրակարգի այդ հատվածին, որը մեջբերում եմ բառացի.

«իշխանական պատվիրակության հետ սկսված բանակցություններում մենք բարձրացրել ենք ընդամենը օրակարգային մեկ հարց՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում, միաժամանակ ներկայացնելով ընտրությունների օրինականության ապահովման մեխանիզմների մի փաթեթ, որն ընդգրկում է հետեւյալ պահանջները. 1. Կենտրոնական ընտրական եւ ստորադաս հանձնաժողովների ձեւավորումը պետության կողմից. 2. Ազգային Ժողովի բոլոր 131 տեղերի համալրումը համամասնական ընտրակարգով. 3. Քվեարկության մասնակիցների կողմից ստորագրված ընտրացուցակների հրապարակայնության ապահովումը. 4. Բազմակի քվեարկության բացառման նպատակով քվեարկության մասնակիցների մատների թանաքոտումը. 5. Ընտրական տեղամասերում եւ նրանց մուտքի մոտ տեսախցիկների տեղադրումը. 6. Յուրաքանչյուր տեղամասում, առավոտյան ժամը 8-ից մինչեւ քվեների հաշվարկի ավարտը, առնվազն մեկ միջազգային դիտորդի մշտական ներկայության ապահովումը եւ այլն։»

Տեղեկատվության կարգով հիշեցնեմ, որ թվարկվածներից 2,3,4,5-ը իշխանության հետ շուրջ 2 տարուց ավել տեւած համառ պայքարում «Ժառանգության» ու ՀՅԴ պնդած կետերն են, եւ ՀԱԿ-ը դրանց քննարկման ժամանակ որեւէ կերպ չաջակցեց: 6-րդը` «յուրաքանաչյուր տեղամասում առնվազն միջազգային դիտորդ ապահովելը», ԸՕ-ի որեւէ փոփոխության դեպում լուծելի խնդիր չէ շատ պարզ պատճառով. միջազգային կառույցներն իրենք են որոշում, թե քանի դիտորդ ուղարկեն Հայաստան եւ դա ԸՕ-ով կարգավորվող հարց չէ: Իսկ 1-ին կետը` «Կենտրոնական ընտրական եւ ստորադաս հանձնաժողովների ձեւավորումը պետության կողմից», այն է, ինչի դեմ երկար ժամանակ պայքարեցին «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն, բայց գարնանն այդ մոդելն ընդունվեց ԿԸՀ-ի ու ԸԸՀ-ների կազմավորման համար:

Սական, ուշագրավ է, թե ինչու՞ է ՀԱԿ-ը ուշացումով, եւ այն էլ` արդեն երկրորդ անգամ անդրադառնում ԸՕ-ի փոփոխությանը, որի հնարավորությունները, ցավոք սրտի այնքան էլ մեծ չեն, որքան էլ որ դա «Ժառանգություն» կուսակցության` վերեջերս արված (շատ ավելի վաղ` հուլիսի 18-ին, քան ՀԱԿ-ը հրապարակեց իր օրակարգը` հուլիսի 26-ին) հայտարարության պահանջներից մեկն է:

Ի՞նչ է թաքնված դրա տակ...

1. ՀԱԿ «ընդդիմադիր» կեցվածքի խոցելիությունը Արդեն իսկ առիթ եմ ունեցել իմ նախկին 2 վերլուծությունների մեջ հանգամանալից անդրադառնալ 2009-2011թ. միջակայքում ընտրական օրենսգրքի բարեփոխումների շրջանում ՀԱԿ-ի` առաջին հայացքից տարակուսանք հարուցող դադարներին, լռությանը ու կոնկրետ քայլերի շղթային, որոնք իրականում փոխկապակցված են ու բացառիկ հակընդդեմ ուղղվածութուն են ունեցել այդ խնդրով նախ «Ժառանգության», ապաեւ` «Ժառանգություն»-ՀՅԴ համատեղ պայքարին (http://styopa-safaryan.livejournal.com/): Այդ վերլուծություններում փաստարկել էի, որ ՀԱԿ-ն իր պահվածքով առնվազն ուժեղացրել է խորհրդարանական ընդդիմության դեմ իշխանական կոալիցիայի պայքարը` նպաստելով երկու վերադաս հանձնաժողովներում` ԿԸՀ-ում եւ ԸԸՀ-ներում «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի տեղերի կորստին:

Իսկ թե ինչպես կազմավորվեց ԿԸՀ-ն` համոզվեցինք վերջերս. ի թիվս որոշ “նոր արհեստավարժների” առաջադրվեցին նաեւ նախկին արհեստավարժ ընտրակեղծարարներ: Ըստ ամենայնի, նույնպիսի ճակատագիր սպասվում է նաեւ ԸԸՀ-ներին` դատելով նրանից, թե ովքեր են “ինքնաառաջադրվել” (ըստ իմ տեղեկությունների` ընտրությունները կեղծելու գործում արհեստավարժ դարձված դպրոցի տնօրեններ ու այլք):

Այս անմենի, մասնավորապես` հանձնաժողովների ձեւավորման հարցում ՀԱԿ-իշխանություն նույնական դիրքորոշման «հարուցած» վտանգավոր հետեւանքների կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցությունը հուլիսի 18-ին հանդես եկավ հայտարարությամբ. «Ընտրական հանձնաժողովների կազմավորման կապակցությամբ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից մեկի հետ գործող իշխանությունների դիրքորոշման նույնացումը բերեց կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձևավորման քաղաքական մոդելից հրաժարվելուն, իսկ իրականում` այդ մակարդակների հանձնաժողովների նկատմամբ քաղաքական ընդդիմության վերահսկողության բացառմանը»,-ասված էր հայտարության մեջ, եւ կոչ էր ուղղվել միջազգային կառույցներին ու այլոց` ԸՕ-ը ենթարկել մի վերջին փոփոխության, վերացնելով այս խայտառակությունը, ինչն արդեն իսկ ականապատում է գալիք ընտրությունները (http://www.zham.am/index.php?lid=am&pageName=lrahos&id=309686230):

Եթե «Ժառանգություն» կուսակցության կողմից նախ կոալիցիոն նոր հուշագրին, ապաեւ` ի դեմս ԿԸՀ կազմավորման, ընտրությունների նախապատրաստությանը տված բավականին կոշտ գնահատականները արդեն իսկ վկայում են, թե ընտրությունների կեղծման դեպքում որ դիրքերում է լինելու «Ժառանգությունը», եւ ինչպիսին է լինելու նրա ռեակցիան, ապա ՀԱԿ-ի պարագայում, այն էլ ներկայիս երկխոսության խորապատկերին, այս հարցը բաց է. ՀԱԿ-ի ոչ պատահական “անգործությունը” ԸՕ-ի փոփոխության շրջանում, ապաեւ` 2012, 2013թթ. իշխանության վերարտադրության վերաբերյալ կոալիցիոն հայտարարության կապակցությամբ «լռությունը» եթե մի կողմից վերլուծաբաններին թույլ են տալիս դատողություններ անել կամ իշխանություն-ՀԱԿ արդեն իսկ կնքված գործարքի կամ դրան տանող գործընթացի մասին, ապա մյուս կողմից` լուրջ խոցելիություն են ստեղծում հենց ՀԱԿ-ի “ընդդիմադիր” կեցվածքի համար: Այս կամ այն կերպ, վաղ թե ուշ, ՀԱԿ-ը պետք է բացատրություն տար իր այս կեցվածքի համար:

Եւ դա մի այնպիսի իրավիճակում, երբ 2011-ի առաջին կիսամյակը բազում ճակատագրական պահեր ու այլ հարցերով մեծ խոցելիություն ստեղծեց ՀԱԿ-ի համար. Է~լ ՀԱԿ-ի կողմից իշխանափոխության ակնհայտ տեսանելի հնարավորությունները բացահայտ բաց թողնելը ու դրա մասին խոստովանելը (զսպում ենք հեղափոխությունն ու ապստամբությունը), է~լ արտաքին բազմաթիվ կարեւորագույն հարցերում իշխանությունների հետ դիրքորոշումների նույնություն (հայ-թուրքական գործընթացում իշխանությունների` «ամեն ինչ ճիշտ արած լինելը», Մադրիդյան առաջարկների կոնցեպտուալ ընդունելի լինելը ու Արցախը չճանաչելու ճշմարտացիություն, Հայաստանում ռուսական ռամբազաների ժամկետի երկարացման արադացվածություն եւ այլն), ինչը կասկածի դատ է դնում նրա` իշխանություններին այլընտրանք լինելը: Եւ այս ամենին գումարվում է նաեւ ԸՕ-ի փոփոխության գործընթացում իշխանությունների հետ համակարծությունը (եթե ոչ համագործակցությունը) այնպիսի կարեւորագույն հարցում, ինչպիսին հանձնաժողովների կազմավորումն է, որը մատնանշեց «Ժառանգությունը» իր վերոնշյալ հայտարարության մեջ: Եւ պատահական չէ, որ այս բոլոր նշված հարցերով ՀԱԿ առաջնորդը փորձում է «սրբագրել» բացերը: Դրա ապացույցներից են այն, որ.

1, Ի հակասություն «BBC», «Մոսկովսկիե Նովոստի» լրատվամիջոցներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իր տված խայտառակ ձեւակերպումներին, «Ժառանգության» ու այլոց քննադատություններից հետո հունիսի 30-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հայտարարում է, թե «Բավարարվեմ միայն հիշեցնելով, որ Կոնգրեսի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման ցանկացած ծրագրի վերաբերյալ, կախված է բացառապես նրանից, թե որքանով է այն ընդունելի Ղարաբաղի ժողովրդի ու իշխանության համար» (http://www.anc.am/am/537/): Թեպետ, ՀԱԿ-ի հայտարարություններին մանրակրկիտ հետեւողները հստակ հիշում են Կոնգրեսի հայտարարությունը Մադրիդյան առաջարկների կապակցությամբ, որը գրելիս հաստատ չէին հիշել, որ դրանք ոչ թե իրենց համար պետք է ընդունելի կամ անընդունելի լինեն, այլ ԼՂՀ-ի: Ինչեւէ:

2. նույն մտահոգությամբ, ՀԱԿ-ը եւ նրա առաջնորդը, ուշացած խոսելով ԸՕ-ի նոր փոփոխության մասին, պարզապես պատմության համար վավերագրում են, որ իրենք «նախկինում անդրադարձել ու պահանջել» են ԸՕ-ի փոփոխություն, դրանով իսկ փորձելով վերացնել եւս մեկ հարցով ՀԱԿ-ի կեցվածքի խոցելիությունն, որը սուր քննադատեց «Ժառանգությունը»: Իսկ դրա առիթ ստեղծում է արտահերթ ընտրությունների պահանջը ՀԱԿ օրակարգում (առաջիկայում հավանաբար արժե սպասլ հայ-թուրքական գործընթացի կամ ռուսական ռազմաբազաների կապակցությամբ դիրքորոշման` ՀԱԿ առաջնորդի նոր սրբագրումներին):

Սակայն կարծում եմ, միայն սա չէ այդ խնդրին անդրադառնալու ՀԱԿ առաջնորդի դրդապատճառը: Իմ կարծիքով, ինտրիգը թաքնված է բացարձակ այլ տեղ...

2 . Հերթական կեղտոտ շախմատային պարտիա՞ . ընդդեմ ու՞մ

Այն որ, անգամ ԸՕ-ի ընդոնումից հետո էլ ՀԱԿ-ը շարունակում է պահանջել «Կենտրոնական ընտրական եւ ստորադաս հանձնաժողովների ձեւավորումը պետության կողմից», կարող է, ըստ իս, երկու բացատրություն ունենալ, որոնցից երկուսի` իբրեւ նպատակ, միաժամանակ հետապնդելը ամենեւին հակասություն չի ստեղծում.

1. ՀԱԿ-ը բավարարված չէ, որ խորհրդարանական ընդդիմությունից խլվել են միայն վերին վերին երկու մակարդակի հանձնաժողովների տեղերը, սական թողնվել են տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ ունենալու հնարավորությունը:

Եթե չլինեն որեւ կուսակցության համար քաղաքական կշիռ ապահովող այլ հանգամանքներ, միայն սա արդդեն իսկ քաղաքական ու հատկապես նախըտրական գործընթացում մեծ կարեւորություն է հաղորդում խորհրդարանական ընդդիմադիր ուժերին:

Մինչդեռ դա հակասում է մյուս ընդդիմադիր ուժերին “մարգինալացնելու” եւ ընդդիմության դաշտում “միակը” լինելու ՀԱԿ կոնցեպցիային: Հետեւաբար, ՀԱԿ կարգախոսի հանգույն` “պայքար, պայքար մինչեւ բոլոր մակարդակների հանձնաժողովներում այդ կուսակցությունների տեղերը խլելու վերջը”:

Եթե դա չհաջողվի, ապա ՀԱԿ-ը լուրջ խնդիրներ կունենեա արտահերթ թե հերթական ընտրությունների դեպքում, հատկապես` եթե նրա ռազմավարական նպատակը լինի ոչ թե ընտրությունների օրինականությունը ապահովելը, այլ` ճիշտ հակառակին նպաստելը:

Իսկ ՀԱԿ առաջնորդի կողմից դրված նոր խաղը, կարծես թե, հենց դրա մասին է վկայում….

2. Հասկանանք, թե ի՞նչ է առաջարկում «ընդդիմադիր» ուժն ու առաջնորդը, մի վարչախմբի, որին երեք տարի շարունակ իշխանությունը բռնազավթողներ, թաթար-մոնղոլներ, կեղծարարներ, մարդասպաններ ու գող-ավազակներ են անվանել եւ որը իշխանության գլխին եւս 5 տարի մնալու բացահայտ հայտարարություն է արել: Այդպիսի վարչախմբին առաջարկվում է միանձնյա կազմակերպել ու վերահսկել ընտրական գործընթացը եւ պատասխանատվություն կրել դրա համար: Փառասեր իշխանությունը, անշուշտ կոգեւորվի դրանից, իր բոլոր «արհեստավարժ» կեղծարարներին կմտցնի ընտրական հանձնաժողովներ (ինչը եւ սկսել է անել), եւ մնալով ընդդիմադիր հակակշռումից դուրս` մի լավ կկեղծի ընտրությունները:

Վերջին հաշվով, պատահական չէ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ ու բազմաթիվ անգամներ Սերժ Սարգսյանին առաջարկում` անցկացնել ընտրություններ եւ ապացուցել, որ օրինավոր ընտրվում է, եւ այդ դեպքում` ինքն էլ կճանաչի նրա հաղթանակը: Պատահական չեն ՀԱԿ ներկայացուցիչները Սերժ Սարգսյանին ավելի մեծ շախի գցելու նպատակով վկայակոչում Վրաստանի օրինակը, երբ Միխեյիլ Սահակաշվիլին իրեն հարմար պահի կազմակերպեց արտահերթ ընտրություններ ու վերընտրվեց` հիմնազուրկ դարձնելով իր ոչ լեգիտիմ լինելու մասին վրացական ընդդիմության մեղադրանքները:

Նրանք հո՞ գիտեն, որ Սերժ Սարգսյանը Միխեյիլ Սահակաշվիլի չէ, ֆինանսական ճգնաժամից ու երկրի նման սոցիալ-տնտեսական իրողությունների պայմաններում չի կարող ապահովել ձայներ միայն ընտրակաշառքով, վարչական լծակներով, քարոզչությամբ: Այսօրվա իրավիճակում ընտրությունների կեղծելն էլ ավելի զգալի մասշտաբներով անխուսափելի է (իշխանության համար դա միշտ անխուսափելի է դարձել բոլոր ընտրությունների ժամանակ, իսկ այս պահին` առավել եւս):

ՀԱԿ առաջնորդի հաջորդ հաշվարկը. եթե ընտրական օրենսգրքի հետ անհաշտ ու դրա փոփոխություներ պահանջող «Ժառանգությանը», ՀՅԴ-ին հաջողվի հասնել ԸՕ-ի մի նոր փոփոխությունների (իսկ «Ժառանգության» հայտարարության պահանջին ու կուսակցության դիրքորոշումներին հաստատապես ծանոթ ՀԱԿ առաջնորդը միանգամայն ճիշտ է հաշվարկել, որ «Ժառանգությունը» սեպտեմբերից սկսած մի վերջին անգամ ամեն ինչ անելու է դրան հասնելու համար), եւ ընդունվեն «Ժառանգություն»-ՀՅԴ հռչակագրից իր արտագրած 2,3,4,5 կետերը, ապա` շատ լավ. կեղծելը կտեսագրվի տեսախցիկներով, նաեւ ապացուցելի կլինի հրապարակվող ընտրացուցակներով: Դեհ, կամա թե ակամա այդ ամենի լրացուցիչ վկան կդառնան նաեւ յուրաքանչյուր տեղամասում առավոտից մինչեւ երեկո նստած միջազգային դիտորդները: Եւ` նոր ներքաղաքական կոնֆլիկտը ու միջազգային սկանդալը Հայաստանի հարցով պատրաստ է: ՀԱԿ-ն էլ երկրորդ շնչառություն կստանա որպես հետընտրական շարժում, եթե առավելագույնը չհաղթի….

Տեր-Պետրոսյանի քաղաքական հաշվարկներին ու ինտրիգներին քաջածանոթները հավանաբար նկատած կլինեն, որ եթե անցած տարիների ընթացքում նրա «շախմատային տխրահռչակ քայլերն ու հաշվարկները» առավելապես կապված են եղել արտաքին քաղքականության զարգացումներով, ապա վերջին երկու հանրահավաքների ելույթներում նման անդրադարձեր ու հաշվարկներ բացարձակ չկան:

Այս փուլում «շախմատային քայլերը» բացարձակ կառուցված են ներքին զարգացումների վրա եւ, բացառված է, որ իրեն հատուկ ձեւով նա անցյալի հանգույն սարդոստայններ չհյուսի, ինչն իրենց թույլ չեն տա քաղաքական այլ գործիչներ եւ ուժեր` որքան էլ դա անելու ունակ լինեին:

Փաստացի, Տեր-Պետրոսյանը փորձում է Սերժ Սարգսյանին շահագրգռել գնալ այնպիսի քայլերի, որոնք խնդիրներ կստեղծեն նրա համար (հատկապես, երբ նա այս շրջանում «երկխոսության» շնորհիվ արտաքին աշխարհի հետ բավականին հաջող ու աստիճանաբար լուծում է իր «վերընտրության» երաշխավորման հարցերը, ինչը տեսնում է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ եթե այսպես շարունակվի, ապա ՀԱԿ-ը կամ մեկ ուրիշ քաղաքական ուժ շատ ավելի մեծ դժվարություններ կունենան), սական թքած ունենալով, որ դրանից տուժում են ընտրությունները, երկիրը ու նրա միջազգային վարկը: Քիչ անց պարզ կլինի` Սերժ Սարգսյանը ընդունում է նման հեռանկարը, թե ոչ...

Նրանք, ովքեր կառարկեն նման դիպաշարին, հարկադրված կլինեն բացատրելու, թե ինչու 2 տարի շարունակ ՀԱԿ-ը նպաստեց ընտրական հանձնաժողովներում ընդդիմության վերահսկողական լծակներից զրկելուն, այժմ էլ` պահանջում է դա հասցնել իր տրամաբանական ավարտին եւ առաջարկում է «ավազակապետերի ու մարդասպանների» կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների միջազգային թամաշա...

Որքան էլ շատերս համարենք, որ երկրի օր առաջ փրկության ուղիներից մեկը օր առաջ ժողովրդի նոր իշխանության ձեւավորումն է, այդուհանդերձ այս իրավիճակում բոլորիս առջեւ ծառանում է լուրջ հարց. արդյո՞ք երկրին պետք են այնպիսի արտահերթ ընտրություններ, որոնք կառուցված են այս հաշվարկների վրա:

Ստեփան Սաֆարյան

http://styopa-safaryan.livejournal.com/4183.html

Այս խորագրի վերջին նյութերը