Կարծիք

26.04.2022 11:58


Կևորկովների ժամանակը

Կևորկովների ժամանակը

Արդեն երկրորդ օրն է Արցախի օկուպացիոն իշխանոությունները, ի դեմս Արայիկ Հարությունյանի և նրանից պաշտոն ստացած Դավիթ Բաբայանի, ջանք ու եռանդ չեն խնայում ապացուցելու իրենց սերը և նվիրվածությունը հայաստանյան իշխանությունների նկատմամբ: Հայաստանում սկսված հարյուր հազարավոր արժանապատիվ հայերի պայքարը, որն ուղղված է Հայաստանի և Արցախի թրքացման դեմ, այս տանդեմը փորձում է ներկայացնել իբրև Արցախին վնասող շարժում: Արցախի մեծ մասը թուրքին հանձնած Արայիկը , այս և այն տեղ փորձում է սրբագրել Փաշինյանի պարտությունները և «Արցախի անկախության հարցում նշաձողի իջեցումները», այստեղ -այնտեղ հեքիաթներ պատմելով, թե Նիկոլը առանց իր հետ խորհրդակցելու որևէ թուղթ չի ստորագրելու: Երեկ գործին լծվեց նաև Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, տարօրինակ արագ և անսպասելի հայտնվելով մի լրատվամիջոցում, որը Բաքվի պառադը ուղիղ եթերով ցույց էր տալիս, չզսպելով իր հրճվանքը, և որը սովորություն ունի տեղադրել Արցախի քարտեզը այնպես, որ այն անպայման լինի ներկայացված Ադրբեջանի կազմում: Փոքր ինչ դիվանագիտական կամ արցախցու արժանապատվության գոնե փշրանք ունեցող մարդը առաջինը պաշտոն չէր մուրա Շուշին հանձնած և աթոռին սոսինձով կպած որևէ սպեկուլյանտից, իսկ նույինսկ եթե իր պաշտոնի նշանակումը բացատրում է հայրենասիրական նկրտումներով, իրեն թույլ չէր տա քննադատել Արցախի համար պայքարող մարդկանց` մի լրատվամիջոցում, որը Արցախը վաղուց մտքերում ու երազանքներում ներառել է Ադրբեջանի կազմում:

Ինչևէ, դավաճանները և նրանց անինքասեր ծառաները անպայման իրենց պատիժը գտնելու են տեսանելի ապագայում:

Բայց Արայիկ-Դավիթ տանդեմի մեր օրերի պահվածքը և նույնիսկ բառամթերքը հիշեցրեց 88 թվականը, երբ Արցախում ազատության պահանջ կար, երբ Մայր Հայաստանը եռում էր ցույցերի և պայքարի մեջ ՝ ստանալու համար մեր արցախցի եղբայրների բաղձալի ազատությունը, իսկ այն ժամանակվա ԼՂԻՄ ղեկավար տխրահռչակ Կևորկովը Հայաստանում ոտքի ելած արժանապատիվ հայերին իր դանոսներում և «Պրավդաներում» անվանում էր «որոշ ուժեր, որոնք ԼՂԻՄ-ը մտցնում են այդ խաղերի մեջ և դիվիդենտներ քաղում»:

Դավիթ Բաբայանը մի 30 տարի առաջ լիներ, անշուշտ կհիացներ Կևորկովին, Կևորկովը գուցե նույնիսկ հուզվեր , անվաներ նրան «хороший мальчик»:

Բայց արայիկհարությունյանների , դավիթբաբայանների՝ կևորկովի մերօրյա հետևորդների գնահատականը տրված է և շատ շուտով շատ ավելի դաժան է տրվելու: Հարյուր հազարավոր մարդիկ, որ այսօր ելել են պայքարի, պայքարում են ոչ թե իրենց քննադատող ու իրենց «որոշ ուժեր» անվանող մերօրյա կևորկովների համար, այլ հայրենիքի, արժանապատվության, հպարտության և հայկականության համար՝ բոլոր ժամանակների կևորկովներին խորթ գաղափարների:

Հ.Գ կարող եմ նույնիսկ գրազ գալ, որ Հայաստանում օր օրի արթնացող ժողովրդի ցասման ֆոնին մերօրյա կևորկովներին անպայման ավելի անխնա են օգտագործելու, գուցե նրանք մոտ օրերս հայտնվեն նաև Պետոյի տաղավարում, գուցե նույնիսկ երկուսով ու սկսեն գոռալ, որ Արցախի ու Հայստանի թրքացման դեմ պայքարը վնասում է Արցախին (դե մարդ կա, Արցախը իր համար իր խղճուկ կաբինետի աթոռն է ու կաբինետի մուտքի մոտ փակցված «մինիստր» ցուցանակը): Անպայման են հայտնվելու, քանի որ Նիկոլը գոնե մի լավ բան արեց, գենետիկ նվաստներին և նվաստանալու ունակներին նվաստացնում և օգտագործում է մինչև վերջ, հայրենասերի դիմակ հագած կևորկովներին մերկացնում է մինչև վերջին բջիջը, օգտագործվողներին օգտագործում է մինչև քռչացում, այնպես, ինչպես կույր տանտիկինը պոլի ջնջոցն է այնքան օգտագործում, որ այն պարզապես ավարտվում է:

Այս խորագրի վերջին նյութերը