Մեկնաբանություն

04.08.2011 01:18


«Հաղթեցին», «մաքրեցին» ու հիմա էլ «արտահերթում են»

«Հաղթեցին», «մաքրեցին» ու հիմա էլ «արտահերթում են»

Պետք է արժանին մատուցել «հիմնադիրին»՝ Լևոն Տեր–Պետրոսյանին։ Նրա պես հետևողական, ամեն ինչ ճիշտ կանխատեսող ու իր խոստումները կատարող քաղաքական գործիչ մեր օրերում շատ քիչ է հանդիպում, եթե չասենք՝ ընդհանրապես չի հանդիպում։

Եվ այսպես, 2008–ի հոկտեմբերին Տեր–Պետրոսյանը կանխատեսում ու գուժում էր, թե երկու–երեք ամսից Ղարաբաղի հարցով սրընթաց զարգացումներ են լինելու, իսկ լրագրողի տված հարցին էլ պատասխանեց, թե Ղարաբաղն արդեն  ծախած պրծած է։

Ուշագրավ է, որ երկու օր առաջ տեղի ունեցած հանրահավաքում նույն Տեր–Պետրոսյանն ասաց, թե Ղարաբաղը ծախած պրծած իշխանության հետ երկխոսության արդյունքում ուժեղացել են Հայաստանի դիրքերը Ղարաբաղի ճակատում։ Մնում է միայն պարզել, թե այդ ինչպե՞ս է Հայաստանի դիրքերը ուժեղացել 2011–ի ամռանը, եթե, ըստ «հիմնադիրի», 2008–ի աշնանն ասվում էր, թե Ղարաբաղն արդեն ծախած պրծած է։ Կրկնակի գի՞ն են հիմա տալիս Ղարաբաղին, թե՞ «նիսյայի» փոխարեն «նաղդով» են առնում Ղարաբաղը մեզանից, ինչը Տեր–Պետրոսյանին թույլ է տալիս հայտարարել, թե մեր դիրքերն ուժեղացել են Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Ինչևէ։

Անցնենք առաջ։ Կարծում եմ դեռ չեք մոռացել, որ այս տարվա հունիսի 30–ի հանրահավաքային իր ելույթի վերջում ՀԱԿ առաջնորդը հայտարարել էր հետևյալը. «Մաղթենք, սակայն, որ ողջախոհությունը գոնե այս անգամ չդավաճանի վարչախմբի պարագլուխներին, եւ առաջիկա մեկ-երկու ամսում (ընդգծումն իմն է – Կ.Հ.) նրանք վերջնականապես կողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում։ Հակառակ դեպքում, ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, եւ մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը»։

Ուշագրավ է, որ առաջիկա մեկ–երկու ամսում կողմնորոշվելու պահանջը Տեր–Պետրոսյանը կրկնեց օգոստոսի 2–ի հանրահավաքում։ Այսինքն՝ ստացվում է, որ հունիսին էլ է իշխանությանը մեկ–երկու ամիս տրվում արտահերթի հարցում կողմնորոշվելու հարցում, օգոստոսին էլ։ Ու քանի որ պապին հետևողական ու իր տեսակետը չփոխող գործիչ է՝ ուստի ենթադրվում է, որ նա սեպտեմբերին սպասվող հանրահավաքում էլ կկրկնի հունիսյան պահանջները և Սերժ Սարգսյանից կպահանջի առաջիկա մեկ–երկու ամսում կողմնորոշվել արտահերթի պահով, այլապես ՀԱԿ–ը կպահանջի նրա և իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը։

Կարելի է չկասկածել, որ այդպես էլ լինելու է, քանի որ, կրկնեմ, Տեր–Պետրոսյանը հետևողական է։ Նա հատկապես հետևողական է պահանջների վերջնաժամկետներ սահմանելու ու իր դրած նպատակին հասնելու հարցում ճիշտ այնպես, ինչպես ՀԱԿ անդամ Արամ Զ. Սարգսյանն է 2003–ից սկսած հեղափոխության ժամկետներ սահմանում ու իրականացնում խոստումը։

Տեր–Պետրոսյանի հետևողականությունը և խոստումների կատարումը նկատվում է նաև հռչակած կարգախոսների կյանքի կոչման հարցում։ Հիշե՛ք. նախագահական ընտրությունների ժամանակ նա ասում էր «Հաղթելու եմ» ու հասավ իր նպատակին։ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրել էր «Մաքրելու ենք» կարգախոսը, բայց ... ինքը մաքրվեց ավագանուց։ Հիմա էլ ասում է, թե «Արտահերթելու ենք». արդյունքներն այս անգամ էլ իրենց սպասեցնել չեն տա։

Դե որ պապին ասում է՝ ուրեմն մի բան գիտի էլի։ Հաստատ արտահերթ կլինի։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հոդվածին կից ներկայացված նկարում սևամորթ իրավապաշտպանը Մատենադարանի հարթակում պարզապես իր համար «կայֆավատ» էր լինում  ՀԱԿ–ի «վճռական» հանրահավաքներից մեկում, ինչը Կոնգրեսի ղեկավարությունն իր շարքերին ներկայացրեց որպես դրսի աջակցության դրսևորում՝ համարյա «Լևոնը հանդիպել է Մեդվեդևին» մելոդրամայի պես։

Այս խորագրի վերջին նյութերը