Լրահոս

23.04.2022 17:45


«Շատ հանգիստ, կիրթ տղա է, շոկի մեջ ենք»․ ի՞նչ է պատմում աներոջը և զոքանչին սպանած տղամարդու մասին գյուղապետը

«Շատ հանգիստ, կիրթ տղա է, շոկի մեջ ենք»․ ի՞նչ է պատմում աներոջը և զոքանչին սպանած տղամարդու մասին գյուղապետը

Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչները դեռ չգիտեն՝ ինչն է պատճառը եղել, որ փեսան սպանել է իր աներոջը, զոքանչին և վիրավորել աներձագին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նալբանդյանի վարչական շրջանի ղեկավար Գրիգոր Մկրտչյանը։

«Ամբողջ գյուղը շոկի մեջ է։ Լաերտը շատ հանգիստ, կիրթ տղա է։ Մենք չենք հասկանում՝ ինչու նման բան կատարվեց»,-նշեց գյուղապետը։

Գյուղապետը պատմեց, որ և փեսայի, և կնոջ ընտանիքներ նույն գյուղից են։ Փեսայի ծնողները դպրոցում ուսուցիչներ են եղել․ հայրը՝ ֆիզիկայի, մայրը՝ մաթեմատիկայի։ Ինքն էլ իր տան բակում մթերային խանութ է ունեցել, կինն էլ խանութում է աշխատել։

«Կնոջ ծնողները ևս շատ հանգիստ ու լավ մարդիկ էին։ Հայրը շինարար էր, մայրն էլ ուսուցիչ։ Կնոջ ընտանիքի հետ փեսայի հարաբերությունները լավ էին։ Նույնիսկ, երբ աները Ռուսաստանում շինարարությամբ էր զբաղվում, փեսայի անունով էր ուղարկում գումարը, ինքն էլ հանձնում էր կնոջ ընտանիքին»,-ասաց Մկրտչյանը։

Կնոջ եղբայրն էլ զբաղվում է անասնապահությամբ, երեք որդի ունի։

Դեպքի օրը հարևանները վիճաբանության ձայներ չեն լսել, կրակոցների ժամանակ են դուրս եկել տներից։

«Այդ ժամանակ չէինք էլ հասկանում՝ ինչ է կատարվում։ Արագ օգնում էինք շտապ օգնությանը տեղափոխել վիրավորներին։ Ինձ համար շատ զարմանալի է այս ամենը։ Ես մեկ անգամ եմ հիշում, որ Լաերտի ընտանիքում աղմկոտ վիճաբանություն լինի կնոջ հետ․ մեկ տարի առաջ էր, բայց շատ արագ հարթվեց»,-ընդգծեց Գրիգոր Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ ապրիլի 22-ին, հրազենով սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել։ Ժամը 00։15-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից դեպի Նալբանդյան գյուղ տանող ճանապարհահատվածում կրակոցներ են հնչել, և ըստ ահազանգողի՝ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, 1 հոգի էլ գետնին ընկած է։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00։05-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ 44-ամյա Լաերտ Հարությունյանն իր աներոջ՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 69-ամյա Էդիկ Մարտիրոսյանի տան բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Է․ Մարտիրոսյանի, նրա որդու՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 41-ամյա Արամ Մարտիրոսյանի հետ, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ հայհոյանքներ են հնչեցվել Լ․ Հարությունյանի հասցեին (որը քննչական վարչությունը պարզում է), ինչի ժամանակ էլ Լ․ Հարությունյանն իր մոտ եղած ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել Ա․ և Է․ Մարտիրոսյանների, ինչպես նաև Է․ Մարտիրոսյանի կնոջ՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 72-ամյա Սիրվարդ Հարությունյանի ուղղությամբ։

Կրակոցների հետևանքով Է․ Մարտիրոսյանը գլխի շրջանում ստացված հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ Ա․ Մարտիրոսյանն ու Ս․ Հարությունյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

72-ամյա Սիլվարդ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 23-ին, գիտակցության չգալով մահացել է։

Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ՝ Լ․ Հարությունյանը ձերբակալվել է։ Հրացանի հետ նա ներկայացրել է նաև 6 փամփուշտ։

Այս խորագրի վերջին նյութերը