Քաղաքական

22.04.2022 12:14


Ջահերով երթը մեր պայքարում ունենալու է անկյունաքարային նշանակություն․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)

Ջահերով երթը մեր պայքարում ունենալու է անկյունաքարային նշանակություն․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)

Ամենամյա ջահերով երթն այս տարի յուրահատուկ նշանակություն է ունենալու․ այն դառնալու է առաջիկայում սպասվող մեծ պայքարի սկիզբը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։

«Ջահերով երթը մեր պայքարում ունենալու է անկյունաքարային նշանակություն։ Այդ օրը մենք գալու ենք ասելու, որ դեմ ենք թուրքացմանը, ոչինչ չենք մոռանում և չենք ուրանում։ Ջահերով երթը մեր պայքարի ամենակարևոր օրերից մեկն է և ինչ-որ առումով մեկնարկ է»,-ասաց Վարդանյանը։

Քրիստինե Վարդանյանը նշեց, որ թերթերում հրապարակված տեղեկությունը, թե երիտասարդ դաշնակցականները Ծիծեռնակաբերդ բարձրանալուց հետո գիշերելու են այնտեղ, իրականությանը չի համապատասխանում։

«Տարբեր լուրեր են տարածվում, այդ թվում՝ սադրանք պարունակող։ Մենք ապրիլի 23-ին արձանագրելու ենք, որ ժողովուրդն իշխանությանը մանդատ չի տվել, որ ցեղասպանության ուրացման գնով ինչ-որ գործողություններ իրականացվեն։ Սա յուրահատուկ բողոքի դրսևորում է լինելու։ Եվ ուղերձ պետական այրերին, որ իրենք իրավունք չունեն անելու այն ամենը, ինչ անում են»,-նշեց Քրիստինե Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ երթի ժամանակ իրենց է միանալու ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, Հանրապետական կուսակցությունը, բազմաթիվ հասարակական և քաղաքական գործիչներ։

«Նախորդ տարիներին ևս շատ գործիչներ են մասնակցել, բայց այս անգամ նրանց թիվն ավելի մեծ է, որովհետև սա միասնականության երթ է։ Վերջին մի քանի օրերին ականատես ենք լինում համակարգված, ապակենտրոն գործողությունների, որոնք ծառայում են մեկ նպատակի։ Սա մեկ ուժի, մեկ անհատի պայքար չէ, այստեղ գաղափարի պայքար է, որի նպատակը Հայաստանի և Արցախի փրկությունն է, ինչի առաջին քայլն այս իշխանությունների հեռանալն է»,-ընդգծեց Վարդանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը