Քաղաքական

20.04.2022 21:04


Արցախի ժողովուրդն իր իսկ պատմական տարածքում պետք է ինքնորոշված լինի՝ իր բոլոր իրավունքներով․ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Սեյրան Օհանյան

Արցախի ժողովուրդն իր իսկ պատմական տարածքում պետք է ինքնորոշված լինի՝ իր բոլոր իրավունքներով․ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Սեյրան Օհանյան

Ազատության հրապարակում լրագրողները ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին խնդրեցին մեկնաբանել վարչապետ Փաշինյանի հայտարարությունն, ըստ որի Մոսկվայում ՌԴ նախագահի հետ բանակցությունների ընթացքում վերջնական համաձայնություն է կայացվել ԼՂ հիմնահարցի շուրջ, այնինչ պաշտոնական հայտարարությունում այդ մասին հիշատակում չկա։

«Երկար ժամանակ է, որ առնչվում ենք Փաշինյանի և այսօրվա քաղաքական մեծամասնության հետ ու տեսնում ենք, որ բավականին հակասական են նրանց հայտարարություններն ու գործողությունները։ Այդ ամենը պետք է դիտարկել այդ համատեքստում»,-ասաց Սեյրան Օհանյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավարը հիշեցրեց՝ բազմաթիվ առիթներ են եղել, երբ Փաշինյանի հակասական հայտարարությունները հետո փորձել են «խմբագրել» իշխանության մյուս ներկայացուցիչները՝ փորձելով այս կամ այն կերպ արդարացնել նրան կամ որևէ կերպ հիմնավորել նրա ձևակերպումները։

«Կոնկրետ ինձ համար սովորական է դարձել, որ մանավանդ արտաքին հարաբերություններում Փաշինյանը միշտ էլ հակասական հայտարարություններ է անում»,-հավելեց Սեյրան Օհանյանը։

Ինչ վերաբերում է արցախյան հիմնահարցի վերջնական տարբերակին, ապա «Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով, այդ վերջնական տարբերակը հայ ժողովուրդն արդեն հնչեցրել է։

«Ես կարող եմ ասել միայն այն, ինչն ամբողջ հայ ժողովուրդն է ցանկանում, ինչն Արցախի ժողովուրդն է ցանկանում, իսկ արցախցին և մեր ժողովրդի գիտակից կազմը ցանկանում է, որ Արցախի ժողովուրդն իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված լինի՝ իր բոլոր իրավունքներով, և Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-շեշտեց Սեյրան Օհանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը