Կարծիք

01.08.2011 16:18


Երբ երկխոսում են կոշիկի թայն ու բահի կոթը

Երբ երկխոսում են կոշիկի թայն ու բահի կոթը

Քոչարյանի իշխանության տարիներին, պարզվում է, արագ տեմպերով զարգացում են ապրել ոչ միայն կապիտալ շինարարությունն ու տնտեսության առանձին ճյուղեր, այլև ասպարեզից հեռացած բազմաթիվ պետական, հասարակական եւ քաղաքական գործիչներ, ովքեր Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, լինելով ջրի երեսին, գործել ու աշխատել են իրենց խելքի «գյորա»` այդպես էլ ոչինչ չտալով ոչ երկրին, ոչ ժողովրդին եւ ոչ էլ, նույնիսկ, Լևոն Տեր-Պետրոսյանին: PR-ի առումով:

Հրանտ Բագրատյանն ընդամենը մեկն է նրանցից: Ասում են` վարչապետ է եղել: Բա որ վարչապետ է եղել, ինչո՞ւ որևե գործով նա այսօր հանրությանը հայտնի չէ, ինչո՞ւ նրա մասին, ներողություն, նրա գործերի մասին մի լավ բան պատմող չկա, հիշող չկա, ինչո՞ւ նրան մեջբերող չկա: Վազգեն Մանուկյանի մասին գոնե ասում են` առաջին վրաչապետ: Իսկ Բագրատյանի մասին ի՞նչ են ասում` тоже мне варчапет?: Ինչո՞ւ, այ մարդ, մի՞թե նա մի լավ բան արած չկա, որ այդպես են ասում: Որոշ մարդիկ փորձում են, իհարկե, Բագրատյանի համապատասխան տեղերը փրկել, ասելով` այն ժամանակ ի՞նչ կար, ո՞վ էր ինչ անում, որ Բագրատյանն ինչ աներ: Ինչպե՞ս թե ինչ կար: Տանող-տանողին  ո՞վ էր գլխավորում, եղածը ջրի գնով ո՞վ էր սեփականաշնորհում ու նվեր անում մերձավորներին, գործարաններն ո՞վ էր մետաղի ջարդոնի վերածում, ո՞վ էր ազգի կեսին կոշկակար դարձրել, իսկ մյուս կեսին` սեղանիկատեր: Ո՞վ կազմակերպեց ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի ապրանքների ներմուծումը Հայաստան, ինչպիսիք էին «Love is» ծամոնն ու «Derby» շոկոլադանման մասսան… Բա կանիստրով բենզի՞նը, վրան գրված` «տեղեք հորս արև մաքուր 93»:

Հեչ, ի՞նչ կար, որ ինչ աներ Բագրատյանը: Նրա օրերում չէ՞ր, որ Սովետից մնացած անասնագլխաքանակը զրոյացվեց: Անասունները` հոտերով ու նախիրներով սկսեցին Թուրքիա քշել, վերջն էլ Բագրատյանս կանգնեց ու տավարի գլխաքանակի նվազումը բացատրեց «որձ կովերի» իմպոտենտությամբ:

Եթե այն ժամանակ ոչինչ չկար, ապա ինչպե՞ս պատահեց, որ Բագրատյանը գերազանց աշխատեց իր բարեկեցության համար: Նույնիսկ նրա զոքանչը կոնյակի գործի մեջ սկսեց խորանալ, ինչն այսօր դժվարանում է անել երիտասարդական ավյունով լի ՕԵԿ-ը: Շատ չծավալվենք, որովհետև այս ամենին քաջատեղյակ եւ նույնիսկ ականատես մարդիկ կան, ովքեր, եսիմ, երևի մի օր իրենց մասնագիտական գնահատականը կտան: Մեր խնդիրը միանգամայն այլ է: Մենք կփորձենք հասկանալ, թե ի՞նչն է պատճառը, որ «ոչինչ չտեսած» եւ «ոչինչ չարած» тоже мне վարչապետն այսքան ամբարտավան է դարձել եւ մեծ-մեծ հարցազրույցներ է տալիս ու մամուլի ասուլիսներ անցկացնում, որոնց մեջ, մեղմ ասած, վիրավորելու աստիճան քննադատում է գործող վարչապետին:

Տիգրան Սարգսյանի շվաքի հետ ինձնից շատ կռված չլինի Բագրատյանը, բայց այսօր նա այնպես է խոսում գործող վարչապետի ու կառավարության մասին, ասես ինքը երկիրը դրախտի էր վերածել, իսկ մենք` անարժաններս, չենք գնահատել իր «ամակը»: Այսպիսիներին էրզրումցի տատս, շատ ներողություն, ասում էր «գյոլումը տռան»: Միամիտ լոռեցիները կասեն` «ճլկուտի մարյակ», գրական լեզվով` ջրափոսի ծովային հետևակ: Մենք այդքան խիստ չենք վարվի իհարկե, որովհետև, ինչպես վերևում ասացինք, Բագրատյան тоже վարչապետ:

Կոշիկի թեման, այն օրվանից, որ մի զույգ ոտնաման նետվեց Բուշի վրա, երևի այսքան ակտուալ չէր եղել: Այս անգամ, սակայն, կոշիկը ոչ թե վրիժառության սիմվոլ է, այլ Բագրատյան Հրանտի տնտեսագիտական մտքի արգասիք: Կոշիկի հատկապես ձախն է լավը` գտնում է Բագրատյանը:

Արդեն անեկդոտ կա այս թեմայով: Լսեք, վատը չի:

Կառավարության հեռախոսը զնգում է.

- Ալո, լսում եմ:

- Ալո, բարև ձեզ, էդ «Կոշիկի տունն ա՞»:

- Այո,- որոշում են քաղաքացուն ձեռ առնել կառավարությունից:

- Չէիք ասի՞, իսկ Կոշիկը տունն ա՞…

Անեկդոտը` անեկդոտ, բայց մեր կյանքն արդեն հեռու չէ անեկդոտից: Եթե Հայաստանում վարչապետ եղած մարդը, իբր սրախոսում է, կարող է հայտարարել, որ ձախ կոշիկն ավելի լավ կկատարի կառավարության ու վարչապետի գործը, նշանակում է` ինքն էլ մի բան չի եղել: Գուցե իր մասին մեծ կարծիքի է, գուցե սեփական բարեկեցության համար կոշիկից էլ լավ է աշխատել, բայց այ երկրի ու ժողովրդի համար ձախ կոշիկ էլ չի եղել: Սրա մասին է խոսքը:

Մի կայք շատ դիպուկ գրել էր` ձախ կոշիկից այն կողմ «լապատկի կոթն» է: Զարգացնելով այս միտքն ասեմ, որ «լապատկի կոթ» ասվածն էլ միատեսակ բան չէ: Լինում է դրա սուսուփուս տեսակը ու մեկ էլ խելքին զոռ տվողը, որից պրծնելը շատ դժվար է: Այս տեսակին նաև զարգացող են ասում: Գործադրման պահին այն սովորական բահի կոթ է, գործիք, հարց չլուծող, հլու… Բավական է, սակայն, նրան դնես պատի տակ ու նա տասը տարվա ընթացքում սկսում է աճել: Այնքան, որ նույնիսկ մերօրյա առանձին պատգամավորներ վազում են նրա մոտ տեղեկանք բերելու առ այն, որ «լապատկի կոթն» իրենց մասին այնքան էլ վատ կարծիքի չի եղել:

Բագրատյանի պարագայում, որքան էլ զարմանալի է, այդ աճը համընկավ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տասնամյակի հետ: Ի՞նչ կարող ես անել, տասնամյակ, որի ընդմիջից եթե նայելու լինես, մի զավեշտալի իրավիճակի առջև ենք այսօր կանգնած` ըստ մեզ` «լապատկի կոթերը» երկխոսում են ըստ Բագրատյանի` «կոշիկի ձախ թայերի» հետ:

Դատելով Ադիբեկյանի սոցհարցումներից, վաղվա կառավարությունում մենք միայն կոշիկ չէ, որ կունենանք: Ասորտիմենտի համար նաև լապատկի կոթ կլինի ցուցափեղկում, եւ այն ժամանակ արդեն, այս ամենի մեղավորը կկանգնի ու զայրացած կասի` լավ, եղբայր, ես ավերակացս զի՞նչ թագավորեմ…

Կզնգա նաև այդ մարդու աշխատակազմի ղեկավարի հեռախոսը.

- Ալո, լսում եմ:

- Ալո, բարև ձեզ, էդ կինո «Հայրենիքն» ա՞:

- Չէ, սա քո մայրենիքն ա… Ես քու…

- Տու, տու, տու, տու…

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը