Լրահոս

16.04.2022 15:45


ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել է պլանային նախազգուշական վերանորոգման

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել է պլանային նախազգուշական վերանորոգման

Ապրիլի 16-ին՝ ժամը 00:30, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 73 օր տևողությամբ: Այս մասին հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից:

ՊՆՎ-2022-ի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները՝

-ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու մասնակի վերաբեռնմամբ,

-թիվ 4 և 5 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում,

-թիվ 1 և 6 գլխավոր շրջանառու պոմպերի ընթացիկ վերանորոգում,

-թիվ 4 և 5 շոգեգեներատորների հիմնանորոգում,

-տուրբագեներատորների միջին վերանորոգում:

ՊՆՎ-2022-ի ընթացքում շարունակվելու են ակտիվ գոտու վթարային հովացման, հուսալի սնուցման և սպրինկլերային համակարգերի, ինչպես նաև տուրբինային տեղակայանքի օժանդակ համակարգերի արդիականացման աշխատանքները: Նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են Ռուսաստանի Դաշնության, Խորվաթիայի, Սլովակիայի, Չեխիայի և այլ երկրների մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն:

Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները: ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է ս/թ հունիսի 28-ին:

Այս խորագրի վերջին նյութերը