Քաղաքական

14.04.2022 21:05


Ղարաբաղն ունի կարմիր գիծ, և ոչ ոք իրավունք չունի այն անցնել․ ԼՂՀ ԱԳՆ

Ղարաբաղն ունի կարմիր գիծ, և ոչ ոք իրավունք չունի այն անցնել․ ԼՂՀ ԱԳՆ

Արցախը երբեք ոչ մի նշաձողի խնդիր չի ունեցել։ Արցախը միայն կարմիր գծերի հետ կապված խնդիրներ ունի։ Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց ելույթը հանրապետության Ազգային ժողովի ամբիոնից։ Միաժամանակ ԱԳ նախարարը որոշակի տարակուսանք է հայտնել։

Նա, մասնավորապես, չի հասկացել, թե ինչ նկատի ուներ վարչապետը, երբ խոսում էր Ղարաբաղի կարգավիճակի հարցում Հայաստանի իշխանությունների սահմանած նշաձողն իջեցնելու մասին։ «Կարմիր գիծ կա, և ոչ ոք իրավունք չունի այն խախտել։ Ղարաբաղի իշխանություններն ու նրա ժողովուրդը միասնական են։ Այս հարցում տարաձայնություններ և այլակարծություններ չկան։ Սա ամբողջ Ղարաբաղի ժողովրդի ընդհանուր կարծիքն է։ Ի դեպ, ոչ միայն Ղարաբաղի ժողովրի։ Սա ցանկացած նորմալ մարդու, ցանկացած նորմալ հայի դիրքորոշումն է։ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում»,-ընդգծել է Բաբայանը։

Նախարարի խոսքով՝ Ղարաբաղի վերացումը նշանակում է հենց Հայաստանի վերացում։ Սա պարզ ճշմարտություն է։ «Ոչ ոք թող չմտածի, որ ինչ-որ այլընտրանք կհայտնվի։ Այն չի լինի: Դա պարզապես ժամանակի հարց է»,-ասել է դիվանագետը։

Այս խորագրի վերջին նյութերը