Կարծիք

13.04.2022 13:45


Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոստովանեց, որ չի տեսնում Արցախն Ադրբեջանի կազմից դուրս

Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոստովանեց, որ չի տեսնում Արցախն Ադրբեջանի կազմից դուրս

Այսօր Նիկոլ Փաշինյանն առաջին անգամխոստովանեց, որ չի տեսնում Արցախը Ադրբեջանի կազմից դուրս: Ճիշտ է նա դա ուղիղ ձևով չնշեց, սակայն նրա այն թեզը, թե միջնորդները «...հորդորում են Հայաստանին մի փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը... հակառակ դեպքում նրանք չեն աջակցի Հայաստանին ու Արցախին...»՝ դիվանագիտական լեզվից թարգմանած ժողովրդականի նշանակում է հետևյալը, եթե հայերը չհրաժարվեն Լեռնային Ղարաբաղից, ապա պատերազմը կլինի անխուսափելի, որտեղ Հայաստանը դաշնակից չի ունենա:

Այլ կերպ ասած, Փաշինյանը հայ ժողովրդին «այլընտրանք է» առաջարկում՝ կամ հրաժարվել Արցախից, կամ էլ Հայաստանը հայտնվելու է կործանման եզրին:

Ոչ մի խոսք, թե ինչպես նրան հաջողվեց ընդամենը չորս տարվա ընթացքում կործանել Արցախն ու կործանման եզրին կանգնեցնել Հայաստանը: Փաշինյանն, սակայն, կրկին հույս ունի հենվել հանրության ամենաթերզարգացած հատվածի վրա՝ միաժամանակ վախեցնելով հանրության մեծ մասին՝ եթե Արցախից չհրաժարվենք, ապա կկորցնենք Հայաստանը:

Փաշինյանը փաստացի կրկնեց 1997-ի Լևոն Տեր-Պետրոսյանի թեզը, որ «...եթե չզիջենք փոքրը, ապա կկորցնենք մեծը...»:

Բայց այն ժամանակ՝ 1997-ին, մեր հանրությունը վախեցած չէր, բանակը նոր էր հաղթանակ տարել պատերազմում: Մինչդեռ այսօր պատկերը բոլորովին այլ է: Չորս տարվա ընթացքում երկիրը պառակտվեց «սևերի» և «սպիտակների», կազմալուծվեց բանակը, որի արձանագրումն եղավ վերջին պատերազմում, իսկ պատերազմի արդյունքում Թուրքիային հաջողվեց փոփոխել մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան: Իսկ ռուս-ուկրաինական պատերազմը վերջակետ դրեց Մինսկի ֆորմատի շուրջ բանակցային գործընթացին:

Այս ամենից հետո խիստ դժվար է լինելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ապագայի մասին կանխատեսումներ անելը: Մանավանդ, որ հանրության մի զգալի մասը, նույնիսկ այսօր գտնվում է միջնադարյան խավարային պատկերացումների մեջ և չի էլ հասկանում, թե ինչ անդունդի մեջ է գլորվում Հայաստանը:

Սա է իրավիճակը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը