Լրահոս

13.04.2022 09:54


Մահացածների թիվը ավելացել է. «Ժողովուրդ»

Մահացածների թիվը ավելացել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում այս տարվա հունվար-փետրվարին մահացել է 6 հազար 30 մարդ: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա հունվար-փետրվարին մահացածների թիվը կազմել է 5 հազար 431, այսինքն՝ այս տարի 599-ով ավելացել է մահացածների քանակը:

Մեզ հայտնի դարձավ, որ Հայաստանում առաջին տեղում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ մեր հանրապետությունում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից այս տարվա երկու ամիսներին մահացել է 3353 մարդ:

Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Հայաստանում նորագոյացություններից այս տարվա հունվար-փետրվար ամիսներին մահացել է 875 մարդ: Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա հունվար-փետրվարին Covid-19-ից մահացել է 465 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 490 մահվան դեպք է արձանագրված:

Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ-ում ծնվածների թիվն է պակասել. այս տարվա առաջին երկու ամիսներին մեր հանրապետությունում ծնվածների թիվը կազմել է 5344, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5533, 2020-ի նույն ժամանակահատվածում՝ 5294, այսինքն՝ ծնվածների քանակն 189-ով պակասել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Այս խորագրի վերջին նյութերը