Քաղաքական

12.04.2022 09:20


Սյունյաց արշավանքները ձախողվել են․ «Հրապարակ»

Սյունյաց արշավանքները ձախողվել են․ «Հրապարակ»

Ինչպես գրել էինք՝ շաբաթ-կիրակի օրերին ՔՊ-ական տպավորիչ դելեգացիա է մեկնել Սյունիք՝ կուսակցական, այսպես կոչված, ստուգարք վերցնելու։ Սակայն, ինչպես տեղի մեր աղբյուրներն են հայտնում, իշխող կուսակցության վերնախավի այցն իրականում ձախողվել է։ Նախ տեղեկացնենք, որ մարզից ընտրված պատգամավորների հետ Սյունիք են մեկնել ՔՊ վարչության անդամներ Արփի Դավոյանը, Արսեն Թորոսյանը, Արայիկ Հարությունյանը, որը նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է, ինչպես նաեւ թիվ մեկ ուսապարկ-պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որը, ասում են, ՔՊ վարչությունում հայտնվելու մեծ նկրտումներ ունի։

Բանն այն է, որ աշնանը Սիսիանում եւ Քաջարանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում, եւ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իշխանական սուրհանդակները փորձել են «գույքագրել» ունեցած-չունեցածը, այսպես կոչված՝ կուսակցաշինական աշխատանքների անվան տակ հասկանալ՝ իրենց շարքերը նոսրացե՞լ են, թե՞ ստվարացել, ով է մնում ՔՊ-ի հետ, ովքեր են հեռացողները, եւ ըստ այդմ՝ հանձնարարականներ իջեցրել տեղի կուսակտիվին, որպեսզի աշնանային ընտրություններում իշխող կուսակցությունը չձախողվի։

Մեզ ասացին, որ աննախադեպ քիչ մարդ է մնացել ՔՊ շարքերում, որոնք էլ իրենց համայնքներում բարի համբավ չունեն, այսպես կոչված՝ մերժված են համայնքի կողմից։ Ավելին, ՔՊ-ականները բոլոր համայնքների իրենց կուսակցական ընկերներին հավաքել են մի տեղում, որ շատվոր երեւան, եւ նույն կազմով համայնքից համայնք են տարել իրենց հետ։ Ինչպես տեղեկացրել էինք, հանդիպումը կազմակերպել է կապանցի պատգամավոր, Կապանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ պարտված թեկնածու Դավիթ Դանիելյանը, սակայն հանդիպումների դիրիժորը եղել է Արայիկ Հարությունյանը՝ Դանիելյանի քավորը։ Նա է հանձնարարականներ ու ցուցումներ տվել շարքերին, որ պիտի հնարավորինս ակտիվանան, Քաջարանում եւ Սիսիանում չկրկնեն Գորիսի, Կապանի եւ մարզի մյուս համայնքների ճակատագիրը, որտեղ անցած տարվա աշնանը իշխանական թեկնածուները խայտառակ պարտություն կրեցին։

Սակայն ներթիմային քննարկումները խաղաղ չեն անցել․ մեզ պատմեցին, որ կապանցի ՔՊ-ական ակտիվիստ Արշավիր Խալափյանը Կապանի հանդիպման ժամանակ իր անհամաձայնությունն է հայտնել կուսակցության որդեգրած կուրսին եւ մասնավորապես բարձրացրել է այն հարցը, որ Արայիկ Հարությունյանն իր սանիկ Դավիթ Դանիելյանին հռչակել է մարզի «ասիչ» եւ նրան վերապահել որոշումներ կայացնելու մանդատը։ Խալափյանը հիշեցրել է Կապանի ձախողված ընտրությունները եւ ասել, որ այն ժամանակ էլ Դանիելյանը միանձնյա ցուցակ կազմեց, եւ արդյունքը եղավ այն, ինչ եղավ։ Եվ հորդորել է՝ հրաժարվել ծանոթ-բարեկամ առաջ տանելու գործելաոճից, ասել է, որ առանց այն էլ իշխանությունը նախանձելի վիճակում չէ, պատերազմից հետո իրենց շարքերը նոսրանում են, ու հիմա այլ մոտեցումներ են հարկավոր։

Հանդիպումից հետո Խալափյանը ֆեյսբուքյան իր էջում մի աղմկոտ գրառումով հանդես եկավ, բայց, հավանաբար, կուսակցությունից լուտանքներ էին լցվել գլխին, եւ նա շատ արագ հեռացրել էր գրառումը։ Նա մասնավորապես գրել էր․ «ՔՊ-ում ստեղծված վիճակն ինձ կանգնեցրել է կուսակցությունից դուրս գալու մասին դիմում գրելու կամ չգրելու երկընտրանքի առջեւ»։ Նշենք, որ Խալափյանը Նիկոլ Փաշինյանի հավատավոր երկրպագուներից է, անգամ պատերազմից անմիջապես հետո, երբ բոլորը Նիկոլին հայհոյում էին, նույնիսկ՝ սեփական թիմում, նա ստանձնել էր իր առաջնորդին հրապարակային աջակցելու ծանր բեռը։

Երեկ մենք կապ հաստատեցինք Խալափյանի հետ, որն ի պատասխան մեր հարցին՝ ասաց․ «Շնորհակալություն, որ իմ համեստ, գավառաբնակ անձը կարեւորեցիք, բայց թողեք ես, օգտվելով իմ իրավունքից, որեւէ մեկնաբանություն չանեմ»։ Հարցրինք՝ իսկ ինչո՞ւ եք ջնջել գրառումը, ինչ-որ մեկը ստիպե՞լ է, որ հեռացնեք։ Կրկնեց նույն պատասխանը։ Գուցե Ձեր նշած երկընտրա՞նքն է հանգուցալուծվել՝ հարցրինք։ Կրկին նույն պատասխանը։ Հիմա Դուք կուսակցակա՞ն եք, թե՞ ոչ, հնարավո՞ր է առաջիկայում այլեւս կուսակցական չլինեք։ Սակայն Խալափյանի «ավտոատվետչիկը» նույն պատասխանն էր կրկնում։

Հատկանշական է, որ ՔՊ-ականների սյունյաց արշավանքները շրջանցել են Գորիս համայնքը․ մեր աղբյուրներն ասում են, որ Գորիսում հատկապես վերջին շրջանում իշխանականների վերջին համակիրներն անգամ հրաժարվել են նրանց աջակցելուց, եւ այստեղ, ըստ էության, անիմաստ է կուսակցական ակտիվին ինչ-որ ցուցումներ տալը։ Սակայն մեզ հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ ժամանակի սղության պատճառով չեն եղել Գորիսում՝ առաջիկայում այց է պլանավորված։ Ինչ վերաբերում է Քաջարանին եւ Սիսիանին, մենք գրել էինք, որ, ըստ լուրերի, Քաջարանում ՔՊ-ն դիտարկում է Գառնիկ Պետրոսյանի թեկնածությունը, որը նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի խորհրդականն էր, իսկ հիմա օգնում է նորանշանակ Ռոբերտ Ղուկասյանին։ Սակայն քաջարանցիները կասկած չունեն, որ իրենց քաղաքապետ Մանվել Փարամազյանն «Առուշ Առուշանյան-2» է անելու եւ կալանավայրից ընտրվելով՝ ջախջախելու է իշխանական թեկնածուին։ Իսկ Սիսիանում դեռ ընդգծված ընդդիմադիր թեկնածու չկա․ նախկին ընդդիմադիր համայնքապետ Արթուր Սարգսյանն այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր է, ում փոխարեն ԺՊ է նշանակվել Արմեն Հակոբջանյանը։ Վերջինս ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի բարեկամն է։ Հենց նրան էլ իշխանությունը դիտարկում է համայնքի ղեկավարի թեկնածու։ Ընդդիմությունը դեռ չի կողմնորոշվել։

Ի դեպ, Երեւանից Սյունիք մեկնած հյուրերը գիշերել են Կապանի «Արմենիա» հյուրանոցում։ Նշենք նաեւ, որ այդ օրերին Սյունիքում են գտնվել նաեւ մի խումբ սորոսականներ, որոնք եղել են Կապանում, Մեղրիում։ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, օրինակ, Մեղրիում սեմինար է անցկացրել` «ՀՀ-ԵՄ արժեքային համակարգի եւ CEPA համաձայնագրի՝ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների» թեմայով: Լարիսա Մինասյանին, Արթուր Սաքունցին եւ Լեւոն Բարսեղյանին լուսանկարել էին սրճարանում, եւ համացանցում սյունեցիները բուռն «քննարկում» էին այդ այցը։

Այս խորագրի վերջին նյութերը