Լրահոս

11.04.2022 21:25


Դռան հետևում թաքնված տանտերը մուրճով խփել է գողի գլխին (տեսանյութ)

Դռան հետևում թաքնված տանտերը մուրճով խփել է գողի գլխին (տեսանյութ)

Ապրիլի 5-ին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Շինարարների փողոցում ականատես են եղել, որ գլխին վնասվածքով դուրս է վազում 30–35 տարեկան տղամարդ։ Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ տղամարդը արնահոսել է, ձեռնոցներով է եղել և ձեռքին էլ դանակ: Նրա հետևից վազում է մուրճը ձեռքին մեկ այլ տղամարդ ու գոռացել` բռնե՛ք:

Շրջագայության ելած Բազումի ոստիկանները` քրեական հետախույզն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի տեսուչը, վազել են նրանց հետևից: Այդ ընթացքում արնահոսող տղամարդը ձեռքից գցել է դանակը, նետել բանվորական ձեռնոցները, բայց ավելին անել չի հաջողվում. ոստիկանները բռնում են: Տեղում հանդարտեցնելով իրավիճակը`տանում են բաժին, որտեղ բոլոր հարցերը ստանում են սպառիչ պատասխաններ: Պարզվում է, որ մուրճով տղամարդը Շինարարների փողոցի բնակիչ է, իսկ դանակով զինվածը` հանցավոր մտադրություններով մեկը: Իսկ մինչ նրանց փողոց վազելը կատարվել էր հետևյալը:

Տանտերը տարօրինակ ձայն էր լսել և մոտեցել դռանը: Նայելով դիտանցքից` նկատել էր արևային ակնոցով ու բժշկական դիմակով մեկին, որը փորձում էր բացել դուռը: Հասկացել էր, որ նա եկել է գողության: Հանցագործությունը կանխելու, նաև ինքնապաշտպանության նպատակով վերցրել էր մուրճն ու թաքնվել դռան հետևում: Երկար չէր սպասել. տեխնիկական միջոցների գործադրմամբ դիմակավոր անձը բացել էր դուռը, բայց միայն մեկ-երկու քայլ էր կարողացել անել. թաքնված տանտերը մուրճով խփել էր գլխին: Հարվածից բնակարան մտած անձի ակնոցն ու դիմակն ընկել էին, ինքն էլ, գլխի արնահոսող վերքով, փախել էր փողոց։

Գլխի վերքը մշակելուց և անհրաժեշտ գործողություններից հետո ոստիկանները 33-ամյա տղամարդուն ներկայացնում են Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվում։ Նա ձերբակալվել, ապա, դատարանի որոշմամբ, կալանավորվել է:

Այս խորագրի վերջին նյութերը