Մեկնաբանություն

10.04.2022 12:55


Պեսկովը դարձել է «мальчик для битья». ի՞նչ է կատարվում Կրեմլում

Պեսկովը դարձել է «мальчик для битья». ի՞նչ է կատարվում Կրեմլում

Դատելով տեղեկատվական հոսքերից՝ Ռուսաստանի ներիշխանական համակարգում ամեն ինչ անամպ չէ։ Նախկինում այն մոնոլիտային տեսք ուներ, հիմա որոշակի ճեղքեր են երևում։

Իշխանական համակարգում նախկինում էլ բազմաթիվ խնդիրներ կային, բայց ուկրաինական ճգնաժամը խորացրեց այդ խնդիրները, և դրանք արդեն հրապարակային քննարկման առարկա են դարձել։

ՌԴ ներիշախանական դաշտում խորհրդանշական դարձավ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Պեսկովի ու Չեչնիայի ղեկավար Կադիրովի հրապարակային բանավեճը հայրենասիրության թեմայով։

Պեսկովը հայրենասեր է համարում ռուսական առաջին ալիքի հայտնի հաղորդավար Ուրգանտին, ով ուկրաինական ճգնաժամի մեկնարկում թռավ Ռուսաստանից ու հիմա վերադարձել է, բայց իրեն պահում է «я не белый, я не красный, я в стороне» ռեժիմի մեջ։ Ահա այդ վարքագիծը Պեսկովը համարում է հայրենասիրություն, ինչը շատ բազմանշանակ եզրահանգումների տեղիք է տալիս։

Ռամզան Կադիրովը հրապարակավ քննադատել է Պեսկովի այդ մոտեցումը՝ նշելով, որ ինքը հայրենասիրության տակ այլ բան է հասկանում։

Կադիրովին համացանցում պաշտպանել է հարցվածների մոտ 90 տոկոսը։

Ուշագրավ է, որ Կադիրովի տեսակետներին մոտ տեսակետ հայտնեց ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Ճիշտ է, նա մի փոքր եզեպոսյան լեզու օգտագործեց Պեսկովին «կծելուց», բայց գիծը նույնն էր՝ կադիրովյան։

Պեսկովին քննադատել է նաև հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը։

Կարող ենք ասել, որ Պեսկովը, ով իշխանության ներսի «խաղաղության» թևն է, դարձել է ներիշխանական «ռազբորկաների» մեջ «мальчик для битья»։ Պուտինին չեն կարող բան ասել կամ բան հասկացնել, ստիպված Պեսկովին են քննադատում։

Թե մինչև ուր կհասկնի ներիշխանական այս լեզվակռիվը և ինչպես կավարտվի, կախված է ուկրաինական կամպանիայից։ Սակայն ինչպիսի ելք էլ ունենա ռազմական օպերացիան, ակնհայտ է, որ Ռուսաստանը կանգնած է տնտեսական ու քաղաքական մեծ վերափոխումների անհրաժեշտության առաջ ու նախաշեմին։ Եթե ՌԴ–ն չբարեփոխվի, ապա կարող են շատ վատ զարգացումներ լինել, ինչն իր անդրադարձը կունենա նաև Հայաստանի վրա։

Արևմուտքի պատժամիջոցները ՌԴ–ին պետք է ստիպեն արմատապես վերանայել տնտեսական հարաբերությունները՝ «չկա չարիք առանց բարիք» տարբերակով։ Դե իսկ ուկրաինական ճգնաժամը պետք է լուրջ հետևությունների տեղիք տա ՌԴ քաղաքացիներին ու հատկապես բոլոր ոլորտների վերնախավերին։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ երկու եղբայրական ժողովուրդներ միմյանց դեմ պատերազմ սկսեցին, և ինչպես ստացվեց, որ արևելյան Ուկրաինայում տրամադրությունները կտրուկ փոխվել են 2014թ. համեմատ։ Ինչո՞ւ փափուկ ուժն այդպես էլ անտեսված է մնում Ռուսաստանում։ Ինչո՞ւ է հետսովետական տարածքում Կրեմլն աշխատում հիմնականում փտած համակարգերի հետ ու անտեսում հասարակություններին։ Սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են պահանջում, և այդ պատասխանների հետևից ՌԴ քաղաքացիները գալու են։

Մեր շահերից բխում է, որ Ռուսաստանը հաղթի կամ առնվազն չպարտվի Արևմուտքի հետ այս բախման ժամանակ։ Հայաստանին ձեռնտու է ուժեղ, զարգացող ու մեծ առաքելություն ունեցող Ռուսաստանը, որը մեր բնական ռազմավարական դաշնակիցն է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը