Քաղաքական

10.04.2022 12:56


Երևանը ղարաբաղյան հեռանկարի սպանության և հայկական պետականության ինքնասպանության ճանապարհով է գնում․ Մոդեստ Կոլերով

Երևանը ղարաբաղյան հեռանկարի սպանության և հայկական պետականության ինքնասպանության ճանապարհով է գնում․ Մոդեստ Կոլերով

Մենք գիտենք, որ պաշտոնական Երեւանը դե ֆակտո եւ դե յուրե հրաժարվել է Ղարաբաղից եւ աջակցում է Լեռնային Ղարաբաղի տնտեսական վիճակին, իմ կարծիքով, ոչ միայն մարդասիրական նկատառումներից ելնելով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Regnum լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը։

«Բայց կան նաեւ տնտեսական նկատառումներ։ Այս 130 միլիարդ դրամը, որը Երեւանը փոխանցում է Ղարաբաղին, կվերածվի եռապատիկ կամ չորս-հինգ անգամ ավելի մեծ գումարի, եթե այս հազարավոր, տասնյակ հազարավոր հայերը ստիպված լինեն փախչել Հայաստան։ Հայաստանը վճարում է այս փողերը, որպեսզի իր ներսում այդ խնդիրները չլուծի։ Դա պարզ է։ Դա բավական ռացիոնալ է, եւ դրանում ոչ մի վատ բան չկա։ Բայց այլ գործոններ այլեւս չկան»,-ասաց Կոլերովը:

Նա նաեւ տարակուսեց, թե ինչ են անում Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը, եւ ում ու ինչով են նրանք օգնել։

«Ոչնչով։ Ոչ ոքի։ Նրանք, անշուշտ, օգնում են Երեւանին իր ներկայիս հիմնական խնդրում՝ Ռուսաստանից հեռու մնալու հարցում։ Եթե երեկ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը եւ Լավրովը Մոսկվայում քնքշորեն ժպտում էին միմյանց, ապա դա մեզ չի կարող խաբել։ Դա քաղաքավարություն է: Դուրս շպրտելով Ռուսաստանին ղարաբաղյան հարցից՝ Երեւանը գնում է նախ՝ ղարաբաղյան հեռանկարը սպանելու ճանապարհով, քանի որ Հայաստանը կարող է ազդել դրա վրա, եւ հայոց պետականության ինքնասպանության ճանապարհով, որովհետեւ որքան էլ փոքր լինի Հայաստանում նրանց մասնաբաժինը, ովքեր պատրաստ են զոհաբերել իրենց շահերը հօգուտ Ղարաբաղի, Հայաստանի պետականության ճակատագիրն ուղղակիորեն կախված է Ղարաբաղի ճակատագրից։ Նրանք կարող են միավորել եկամուտը/ծախսը, նրանք գոյություն կունենան, բայց կդադարեն անկախ պետություն լինելուց։ Բոլոր կողմերից շրջապատված լինելով իր նոր զրուցակիցներով՝ Հայաստանը կդառնա Թուրքիայի եւ Ադրբեջանի պրոտեկտորատը»,- ընդգծեց Regnum-ի գլխավոր խմբագիրը։

Նրա խոսքով, պատահական չէ, որ նրանք ասում են, թե Ադրբեջանի կողմից վերջերս բարձրացված բոլոր հարցերին իրենք դեմ չեն։

«Այո,-նրանք ասում են,-Ղարաբաղի մասին պետք է էլի ինչ-որ բան ավելացնել, բայց այս հարցերին դեմ չեն։ Վերջ։ Պիեսն ավարտված է։ Թատրոնն ավարտվեց։ Ռուսաստանն այս դեպքում նրանց պետք չէ։ Ասեմ ավելին՝ Ռուսաստանը շատ խնդիրներ ունի։ Մենք դրանք բոլորը տեսնում ենք, գիտենք, բայց Ռուսաստանի կարիքն առաջին հերթին Հայաստանն ու Ղարաբաղն ունեն։ Պետք չէ ասել, որ Հայաստանն ինչ-որ համաշխարհային պատմական դեր է խաղում Ռուսաստանի համար։ Չի խաղում։ Պետք է անկեղծ լինել: Գյումրիի բա՞զան։ Ի՞նչ դեր է այն խաղում: Ո՞ւմ է նա պաշտպանում: Ռուսաստանի՞ն։ Ոչ։ Ռուսաստանը բազա ունի Աբխազիայում, բազա՝ Հարավային Օսիայում։ Դա ճիշտ է։ Ռուսաստանում այդ մի քանի փորձգետները՝ 5-7 հոգի, որոնք խոսում են Հայաստանի մասին, դա չնչին փոքրամասնություն է, ոչ թե բառիս վատ իմաստով, այլ քանակական առումով։ Դա փոքրամասնություն է։ Ռուսաստանը շատ այլ խնդիրներ ունի։ Եթե ուզում եք, որ հայկական Ղարաբաղը գոյատեւի, դուք պետք է քնեք ու գիշերեք Մոսկվայում եւ համոզեք, որ Ղարաբաղը ողջ է, նա այսպիսին-այնպիսին է։ Նա շահեր ունի՝ ռուսական քաղաքացիություն, ռուսական մշակութային ներկայություն եւ այլն»,-նշեց նա։

Կոլերովը հիշեցրեց, որ ռուս խաղաղապահների մանդատն ավարտվում է 4 տարուց։

«ՄԱԿ-ում ադրբեջանական կողմի այս մանդատը դեռ հստակ ձեւակերպված չէ, եւ ես հայկական կողմից պայքար չեմ տեսնում այս մանրուքի համար… Դա նույնիսկ օրակարգում չկա։ Ոչ ոք նույնիսկ չի խոսում այդ մասին, ոչ ոք նույնիսկ օդը չի ցնցում։ Սակայն երկու տարի անց Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հեռանում է՝ մանդատի ավարտից երկու տարի առաջ։ Դուք պատկերացում ունե՞ք, թե դա ինչ է»,-ասաց նա։

Նրա խոսքով, դա նշանակում է, որ «Լեռնային Ղարաբաղի միակ օրինական վարչակազմը ձեռքերը լվանում է ու անհետանում»։

«Ի՞նչ պետք է անենք մենք։ Ո՞ւմ հետ պետք է աշխատենք: Հայաստանը գոնե ինչ-որ մեկին այս մասին ինչ-որ բան կասե՞ր։ Ոչ։ Նրանք, որ ուզում են մեր ձեռքը տաք կարտոֆիլ գցել, եւ՝ ինքներդ գլուխ հանեք։ Սա կոչվում է համերաշխությո՞ւն։ Սա կոչվում է Ազատ Արցա՞խ։ Ոչ»,-նկատեց Մոդեստ Կոլերովը։

Նա ընդգծեց, որ այս բազմաթիվ հարցերի շուրջ ոչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չեն խոսում։

«Ես սպասում եմ այս հարցի արագ աղետալի զարգացման։ Ես անկեղծ կլինեմ։ Ինձ 99 տոկոսով հետաքրքրում է Ղարաբաղը, քանի որ Հայաստանն իր ընտրությունը կատարել է պետական հեղաշրջման ժամանակ եւ վերջին ընտրությունների ժամանակ։ Հայաստանը քվեարկել է Փաշինյանի օգտին։ Սա նրա ընտրությունն է»,-ամփոփեց փորձագետը։

Այս խորագրի վերջին նյութերը