Քաղաքական

09.04.2022 21:24


ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունը փլուզվեց․ որո՞նք կլինեն Արևմուտքի ու Ռուսաստանի ռեգիոնալ հաջորդ թիրախները

ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունը փլուզվեց․ որո՞նք կլինեն Արևմուտքի ու Ռուսաստանի ռեգիոնալ հաջորդ թիրախները

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը բացահայտեց տարածաշրջանում իրադարձությունների իրապես շրջադարձային ընթացք և կանխատեսելի դարձրեց այն հանգամանքը, որ սկսվում է մրցակցություն հակամարտության կարգավորման համար, որը կորոշի, թե ով է լինելու տարածաշրջանում «գլխավորը»։

Ըստ նրա՝ սա լիովին կանխատեսելի չէր, սակայն անսպասելի էլ չէր՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ուկրաինական պատերազմի շուրջ ՌԴ-Արևմուտք հարաբերություններն այնպիսի ճգնաժամ են ապրում, որ տարածվում են ամենուր։ Թեև վերլուծաբանն այն կարծիքին է, որ Արևմուտքը միտումնավոր է հրաժարվում Հարավային Կովկասում առնչվել Ռուսաստանի հետ՝ փորձելով նրան լիովին հեռացնել այդ տարածաշրջանից։

«Չեմ կարծում, որ Ռուսաստանում պատրաստ չեն նման սցենարների։ ՌԴ-ում պատրաստ չէին պատժամիջոցների և միջոցառումների նման ծավալի, սակայն պատրաստ էին նրան, որ պատերազմն Ուկրաինայում աշխարհաքաղաքական պայքարը թեժացնելու է ամենուր, որոնցից մեկը հարավկովկասյան ուղղությունն է, որտեղ խնդիր է դրված հնարավորինս թուլացնել ՌԴ գերակայությունը, ինչպես նաև ռազմական ներկայությունը, այս դեպքում՝ խաղաղապահ առաքելությունը։ Երկարաժամկետ կանխատեսումներ անելու համար հարկավոր է իմանալ մի քանի հարցերի պատասխաններ՝ ինչպես են պատկերացնում Ռուսաստանից անջատ բանակցություններ Ղարաբաղյան հակամարտության հարցով, եթե Ղարաբաղում ռուս խաղաղապահներ կան։

Մյուս կարևոր հարցը՝ ԵԱՀԿ ՄԽ-ն որևէ ձևով Արևմուտքը ցանկանալու է գործարկել՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի մասնակցությա՞մբ, թե՞ գործընթացը տանելու են Միշելը, Մակրոնը, Բլինքենը և այլք, որպես օրինակ եմ նշում։

Իրենք՝ կողմերը, ինչպե՞ս են պատկերացնում միևնույն փաթեթի քննարկումն այս պայմաններում՝ թե՛ Մոսկվայի հետ, թե՛ Բրյուսելի, թվում էր, թե՛ հիմնական փաթեթը Մոսկվայի ձեռքում է, սակայն Բրյուսելը քննարկում է նույն հարցերը, և հակամարտության կարգավորման գլխավոր միջնորդի համար մրցակցություն է սկսվելու, այս հարցի շուրջ կողմերի դիրքորոշումն այդքան էլ հասկանալի չէ։

Կողմերի համար սա մեծ մարտահրավեր է, իհարկե, Արևմուտքի հետ աշխատում են, ինչը Բաքուն մերժում էր պատերազմից անմիջապես հետո, սակայն Մոսկվային այսօր մերժելու հնարավորություն ևս չունեն։ Պարզապես այս փուլի համար պետք է արձանագրենք, որ Մոսկվան փորձելու է այս պահի համար պահել հնարավոր դիրքերը, չի կարող ավելին անել, քանի որ պատերազմի մեջ է, իսկ Բրյուսելը փորձելու է արագացնել գործընթացները։ Բայց, իհարկե, սա նոր ու մարտահրավերային իրավիճակ է բոլորի համար, և ամենալուրջ պայքարն ընթանալու է ոչ թե՝ հակամարտող կողմերի, այլ՝ ավելի գլոբալ խաղացողների միջև, որը բարդացնելու է հենց կողմերի գործը։ Արևմուտքը համարում է, որ ՌԴ դիվանագիտական ներգրավման հարցը լուծեց, փակեց, հիմա պետք է թիրախավորի ռազմական ներկայությունը, և այդպես շարունակ։ Վստահաբար՝ Ռուսաստանն էլ իր գործիքակազմի շրջանակում է գործելու, իսկ դա լայն է»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը