Քաղաքական

08.04.2022 15:26


«Մշտապես տեխնիկա են աշխատեցնում, զինտեխնիկա են տանում ու բերում, չեն կրակում, բայց իրենց դիրքերը լավ ամրացնում են». Խոզնավարի նախկին վարչական ղեկավար

«Մշտապես տեխնիկա են աշխատեցնում, զինտեխնիկա են տանում ու բերում, չեն կրակում, բայց իրենց դիրքերը լավ ամրացնում են». Խոզնավարի նախկին վարչական ղեկավար

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հարակից հատվածում ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են ամրացնել իրենց դիրքերը։ Թեև գյուղի կենտրոնից այդ ամենը պարզ տեսանելի չէ, բայց գյուղի վերևի հատվածից ակնհայտ երևում է։ Թշնամին մեծացրել է նաև շարժն այդ դիրքերում։ 168.am-ի հետ զրույցում ասաց Խոզնավարի նախկին վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը։

«Շարժն այնպես չէ, որ գալիս են ու պատրաստ են կրակել, բայց մշտապես տեխնիկա են աշխատեցնում, զինտեխնիկա են տանում ու բերում։ Թշնամին գյուղից շատ քիչ հեռավորության վրա է գտնվում։ Ասում եմ՝ չեն կրակում, բայց իրենց դիրքերը լավ ամրացնում են»,-նշեց Վարո Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ եթե այսօր խոսում են սահմանազատումից ու սահմանագծումից, ապա պետք է թշնամին մինչև Քուռ հետ գնա, բայց կգնա՞, կամ նրանց հեռացնողն ո՞վ է, մենք հազիվ գոյատևում ենք, էն է որ, այս հողին կապված մնում ենք։ «Եթե թշնամին շարունակի այստեղ մնալ, շատ վատ է լինելու, չնայած հիմա էլ է վատ, մի քիչ վերև բարձրանում ես, իրենց դիրքերում տեսնում ես։ Եթե այսպես կանգնած մնան, մարդիկ նույնիսկ չեն կարողանալու գյուղատնտեսությամբ զբաղվեն, որտե՞ղ իրենց կովերին արածեցնեն։ Մեր ցանքատարածքները, իրենցից՝ 300, տեղ էլ կա՝ 100 մետր հեռավորության վրա է։ Դե պատկերացրեք՝ սրա վերջն ի՞նչ է լինելու։ Հիմա մարդիկ վախենում են, որ դրանք կարող են գիշերը մի բան տեղադրեն տարածքների մեջ, դե, ի՞նչ սպասենք այդ կենդանիներից»,-ասաց Վ. Գրիգորյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ պատկան մարմինները ոչինչ չեն անում, որպեսզի թշնամին հետ գնա, հակառակն է տեղի ունենում՝ հայկական կողմն է հետ գնում, և դրա վառ ապացույցը Արցախի Քարագլխում տեղի ունեցածն էր։ Այդ հետ գնալու արդյունքում էլ գյուղացիների շատ հողատարածքներ մնացել են թշնամու հսկողության տակ, հետևաբար՝ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ապրելու այդ գյուղացին, որը մի կողմից՝ պետք է իր անվտանգությունն ապահովի, մյուս կողմից՝ սոցիալական հարցեր լուծի։

«Մարդկանց մի մասն իր հողը չի մշակում, որովհետև թշնամու դիրքերի մոտ է, ու թշնամին այնքան նագլի է, որ չգիտես՝ ամեն պահի ինչ կարող է անել։ Գայլերի ոհմակ են, ու ո՞վ կերաշխավորի, որ այդ ոհմակը չի հարձակվի անզեն մարդու վրա։

Մարդիկ կարտոֆիլ ու լոբի են ցանում, դրանով իրենց օրվա հացի խնդիրը լուծում են, չեն բողոքում, իրենց միակ խնդիրն այս պահին անվտանգությունն է։ Դե, հասկանալի է, անասուն չեն կարող պահել, որովհետև որտե՞ղ տանեն արածեցնեն կովերին։

Չգիտեմ, մեր վիճակը շատ ծանր է, մեզ գուցե հայտարարել են ծայրամասի մարդիկ ու թողել մեր խնդիրների հետ միասին։ Բայց մենք հաստատակամ ենք, իմ ամենօրյա ասելիքն այն է, որ պետք է զենք վերցնենք, ուրիշ ձև չկա, ամբողջ ազգը պետք է ոտքի կանգնի, ինչքան տղամարդ կա՝ զենք վերցնի, այլ տարբերակ չկա, որովհետև դրանք «հաբրգածի» նման առաջ են գալիս, ի՞նչ կապ ունի՝ Արցախո՞ւմ են կրակում, թե՞ Սյունիքում, նույն մարդիկ չե՞ն ապրում։ Իմ ցավը միայն մեր երեխեքն են, թե չէ, մենք մեր կյանքն ապրել ենք, կորցնելու բան չունենք։ Երևի չեն գիտակցում, որ թշնամին արդեն Երևանին է խփում»,-եզրափակեց Վարո Գրիգորյանը։

Այս խորագրի վերջին նյութերը