Քաղաքական

05.04.2022 08:19


«Հայաստան» դաշինքում խոսել են այն պահանջների մասին, որոնք կբարձրաձայնվեն առաջիկա հանրահավաքում

«Հայաստան» դաշինքում խոսել են այն պահանջների մասին, որոնք կբարձրաձայնվեն առաջիկա հանրահավաքում

Հայաստանն ու հայերը լուրջ մարտահրավերների առջեւ են կանգնած։ Այն իրավիճակը, որ տեսնում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բանակցություններում (եթե դրանք կարելի է բանակցություններ անվանել) խորանում է։ Այս մասին ապրիլի 4-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նա պարզաբանեց, որ հիմնական մտահոգությունն այն է, որպեսզի չգնանք այնպիսի զիջումների, որոնք կենսական կարեւոր նշանակություն կունենան եւ անշրջելի կդառնան Հայաստանի ու հայության համար։

«Սրա գիտակցումն էլ հանրահավաք անցկացնելու անհրաժեշտություն առաջացրեց։ Եթե իշխող ուժին թվում է, թե իշխանություն ձեւավորելու մանդատ ունենալը թույլ է տալիս անել այն ամենը, ինչ իրենք ուզում են, ապա մենք պետք է արձանագրենք, որ իշխանությունները մեր կենսական կարեւոր շահերին վերաբերող զիջումների մանդատ չունեն։ Նախ, այս կենսական շահերը պետք է արձանագրվեն։ Իշխանությունների ստացած մանդատը չի նշանակում, որ նրանք այնպիսի քայլեր անելու արտոնություններ ունեն, որոնք կհանգեցնեն Արցախից հայերի արտաքսմանը եւ Հայաստանի թուրքացմանը։ Մենք պետք է հստակ արձանագրենք, թե ինչ պայմանների դեպքում Արցախից հայերի արտաքսում եւ Հայաստանի թուրքացում տեղի կունենա։

Խոսքը լինելու է այն «կարմիր գծերի» ամրագրման, այն զիջումների մասին, որոնք ստեղծում են մի իրավիճակ, որի դեպքում տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհաքաղաքական տեսանկյունից հայկական գործոնը կարող է վերանալ։ Սա հանրահավաքից հետո պետք է հստակ արձանագրել։ Այս ամենը պետք է ձեւակերպել ու բարձրաձայնել հանրահավաքում։ Կլինի անկախության ձեռքբերումից հետո ձեւակերպված փաստերի ամրագրում, այդ թվում՝ այն բանի արձանագրում, թե ինչպես ենք մենք պատկերացնում Արցախի հարցի լուծումը, ինչպես պետք է Հայաստանը պահպանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ հայկական գործոնը տարածաշրջանում։ Այս ամենը պետք է ձեւակերպվի ու բարձրաձայնվի հանրահավաքում։ Սրանից պետք է բխի, որ իշխանությունները պարտավոր են այս ամենը իրականացնել սպասվող հանդիպումների ժամանակ կամ ինչ-որ փաստաթղթեր ստորագրելուց առաջ։

Կան ռիսկեր, որ Հայաստանի համար վտանգավոր փաստաթուղթ կարող է ստորագրվել։

Մենք լսում ենք, որ Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերը հիմնականում բավարարել են հայկական կողմին։ Հայաստանի իշխանություններն արձագանքել են այդ առաջարկներին՝ լրացնելով դրանք։ Մեր տեղեկություններով, լրացումը չի մտցնում այնպիսի հստակություն, որը երաշխավորում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքների իրացումը, մեր ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ապահովումը եւ խաղաղ մթնոլորտը, որը թույլ է տալիս խաղաղության պայմանագիր ստորագրել։

Անհնար է խաղաղության պայմանագիր կնքել ագրեսիայի փաստի պայմաններում. Այսօր կա ագրեսիայի փաստի արձանագրում։ Տվյալ դեպքում գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման՝ նշանակում է համաձայնության գնալ ոչ թե հավասար պայմաններում, այլ հարկադրանքի պայմաններում։ Ուստի մենք մտահոգություններ ունենք, որ սա կարող է նոր կապիտուլյացիայի արձանագրում լինել։

Մտահոգություն է առաջացնում այն, որ մենք կարող ենք անցնել անշրջելիության կետը, որից հետո անհնար կլինի վերականգնել այն կորուստները, որոնք կարձանագրվեն կապիտուլյացիոն նոր փաստաթղթում։

Հայաստանը, Արցախը եւ սփյուռքը պետք է միավորվեն եւ ամրագրեն իրենց կամքը եւ իշխանություններից պահանջեն այն իրականացնել։

Եթե դա տեղի չունենա, ապա ժողովուրդը բոլոր հնարավոր միջոցներով կարող է դիմադրել դրան։

Հանրահավաքում իշխանություններին կներկայացվի պահանջների ցանկ, որոնք ենթադրում են կենսական շահերի պաշտպանություն։ Այդ պահանջները ձեւակերպվել են ոչ թե երեկ կամ այսօր, այլ անկախության ողջ ընթացքում։ Դրանք ուրվագծում են մեր կենսական կարեւոր շահերի սահմանները, որոնք ոչ մի իշխանություն իրավունք չունի խախտելու։ Իշխանությունների հանդեպ պահանջն այն է լինելու, որ նրանք մնան այս սահմաններում եւ ապահովեն հայ ժողովրդի միասնական կամքի իրականացումը, չգնան զիջումների, որոնք մեզ կորուստներ կբերեն։

Սա պարզապես ակցիա չէ։ Եթե ինչ-որ մեկը դեռ չի գիտակցել առկա ազդակներին արձագանքելու հրատապությունը, ապա հանրահավաքը նպատակ ունի բոլորին սթափեցնել եւ արթնացնել ժողովրդին, որը պետք է իմանա, թե ինչ է մեզ սպասվում։ Եվ եթե մենք չձեւակերպենք մեր պահանջները, կարող ենք անդառնալի կորուստներ կրել։

Հանրահավաքից լուրջ ակնկալիքներ կան։ Հասարակության մեջ դժգոհության լուրջ չափաբաժին կա։ Ժամանակի ընթացքում այդ չափաբաժինը աճում է, եւ այն հասցեագրված է բոլորին՝ եւ՛ իշխանություններին, եւ՛ ընդդիմությանը։ Բայց եթե այդ դժգոհությունը չի ուղղորդվում, ապա այն վերածվում է հիասթափության, որը հող է ստեղծում, բայց ոչ թե նպատակին հասնելու, այլ եղածը կորցնելու համար։ Չի կարելի թույլ տալ, որ ժողովուրդը հասնի հիասթափության աստիճանին։

Այս հանրահավաքը պետք է դիտարկել ոչ թե իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների շրջանակներում, այլ որպես ազգային շահերի պաշտպանության հրամայական։ Ժողովուրդը պետք է արթնանա, հակառակ դեպքում կկորցնենք այն, ինչ ունենք, ավելի վատ պայմաններում կհայտնվենք։

Ինչ վերաբերում է ծայրահեղ զգուշավորություն ցուցաբերելու ՀՀ առաջին նախագահի կոչին, ապա այն պետք է բոլորը ցուցաբերեն։ Սա առաջին հերթին վերաբերում է կարմիր գծերը չանցնելուն, որից հետո անիմաստ կլինի խոսել հայոց պետականության ապագայի մասին։ Ապագա չկա, եթե պետք է զիջես քո կենսական կարեւոր շահերի հարցում»,-ընդգծեց Ռուստամյանը։

Այս խորագրի վերջին նյութերը