Քաղաքական

04.04.2022 18:54


Զոհված զինծառայողի մորն առաջարկել են գումարի դիմաց մասնակցել Աննա Հակոբյանի խնջույքին

Զոհված զինծառայողի մորն առաջարկել են գումարի դիմաց մասնակցել Աննա Հակոբյանի խնջույքին

«Արցախյան պատերազմների ժամանակ զոհված հերոսներից ոմանց մայրերը Yerkir.am-ին տեղեկացրին, որ Աննա Հակոբյանի գրասենյակից զանգել և հրավիրել են ապրիլյոթյան խնջույքի։ Փաշինյանի տիկինն այս անգամ փաստի առաջ է կանգնել, քանի որ ծնողները համատարած մերժում են, իսկ ինքը պետք է կարողանա հանրությանն ապացուցել, որ զոհվածների մայրերը հաղթահարել են իրենց որդիների կորստի ցավը։ Այլ կերպ ասած՝ ուզում է ասել՝ «ժողովո՛ւրդ ջան, մայրե՛ր ջան, պատերազմի ժամանակ քանի զոհ, որ տվել ենք, անցած լինի, եկեք՝ երգենք, պարենք, ուրախանանք»: Վարչապետի տիկնոջ գրասենյակի աշխատակիցները ծնող են փնտրում, որպեսզի կարողանան պլանավորած խնջույքն իրագործել»,-այս մասին գրել էր yerkir.am լրատվականը։

Լուրի հրապարակումից ժամեր անց մեզ հետ կապ հաստատեց զոհված զինծառայողների ծնողներից մեկը, ով չցանկացավ, որպեսզի իր անձնական տվյալները հրապարակենք և տեղեկացրեց, որ իր ծանոթ ՔՊ-ականը ևս զանգել է իրեն և խնդրել մասնակցել առաջիկա խնջույքին․ «Ծանոթս, որ Փաշինյանի կուսակցության անդամ է զանգեց և խնդրեց մասնակցեմ մոտ օրերս կազմակերպվող խնջույքին, որին մասնակցելու է նաև Աննա Հակոբյանը։ Զանգահարողը նաև ասաց, որ կարող է օգնել գտնել մարդկանց, որոնք մեր փոխարեն կփակեն բանկին մեր 2000 դոլար պարտքը ու ավելացրեց, որ մեր ընտանիքի համար ամեն բան այլ կլինի, եթե վարչապետի ընտանիքի հետ ջերմ հարաբերություններ ունենանք։ Քանի որ ծանոթս էր՝ չվիրավորեցի, բայց պահանջեցի, որ այլևս նման հարցերով չզանգահարի ինձ»,-ասաց մեր զրուցակիցը և նշեց, որ ինքը չի կարող պնդել, թե ով է նման հրահանգ տվել իր ծանոթին, բայց միանշանակ է, որ եղկելի ձև են գտել զոհերի ծնողներին իբր շահագրգռելու․ «Մենք այս երկրին տվել ենք մեր ամենաթանկ ունեցածը ու Աննա Հակոբյանի հետ քեֆի գնալով չէ, որ պետք է ուշադրության արժանանանք։ Մենք Աննա Հակոբյանից և իր ամուսնուց ոչինչ ստանալու կարիք չունենք, իրենք թող հեռանան դա կլինի լավագույն հարգանքը՝ ի հիշատակ մեր տղաների»,-ասաց զոհված զինծառայողի մայրը։

Փորձեցինք Աննա Հակոբյանի գրասենյակից ճշտել, թե ում է իրականում հանձնարարաված կազմակերպելու ծնողների հետ խնջույքը և արդյո՞ք զանգահարողները իրավասու են որևէ բան առաջարկել ծնողներին, սակայն նախկինում հայտնի որևէ հեռախոսահամարի միջոցով գրասենյակի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Հիշեցնենք, որ վերջերս Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ հրապարակեց՝ կից գրելով, որ միջոցառում է կազմակերպել Արցախյան պատերազմների ժամանակ զոհվածների ծնողների համար՝ չմանրամասնելով, թե ո՞ր պատերազմի ժամանակ զոհված հերոսների ծնողներն են եղել։ Դատելով նկարներից՝ նրանց մի մասն Ապրիլյան քառօրյայի ժամանակ ընկած տղաների մայրերն էին։

Աղբյուրը` Politik.am

Այս խորագրի վերջին նյութերը