Մեկնաբանություն

04.04.2022 10:49


Ինչու է բլուրներ գրավում Ադրբեջանը

Ինչու է բլուրներ գրավում Ադրբեջանը

Ադրբեջանական վարքագծում օրինաչափություն կա։ Ալիև–Փաշինյան հանդիպումներից առաջ շփման գծում տեղի է ունենում լարվածության աճ։ Դրա նախաձեռնողն Ադրբեջանն է։

Նպատակը պարզ է՝ հոգեբանական ճնշում գործադրել Նիկոլ Փաշինյանի ու հայ ժողովրդի վրա՝ զիջումներ կորզելու նպատակով։

Այս անգամ ևս նույն սցենարը կրկնվեց։ Ադրբեջանը մտավ Փարուխ ու մի քանի դիրք գրավեց Քարագլխում։ Ռուսների միջամտությամբ Փարուխից ադրբեջանական զինվորները դուրս եկան, բայց դեռ մնում են Քարագլխում։

Շատերը խոսում են այն մասին, որ Քարագլուխը ռազմավարական նշանակություն ունի և Ադրբեջանը հենց այդ նպատակով է բլուր գրավել, բայց դա այդքան էլ այդպես չէ։ Քարագլուխն, իրոք, ռազմավարական նշանակություն ունի, բայց այլ տիպի պատերազմի դեպքում։ Հիմա Ալիևն այլ նպատակ է հետապնդում։

44–օրյա պատերազմը ցույց տվեց, որ պատերազմն այլևս բլուր գրավելով չէ։ Բլուր գրավոցիի մարտավարությունը նույնիսկ Արցախյան 1–ին պատերազմում արդիական չի եղել։ Արբանյակային դիտարկումների ու անօդաչու թռչող սարքերի պարագայում ի՞նչ բլրի մասին է խոսքը։ Այդ ի՞նչ է ուզում տեսնել ու վերահսկել Ադրբեջանը Քարագլխից կամ Փարուխից, որ չի կարող անել ԱԹՍ–ի միջոցով։

Ադրբեջանի սադրանքներն ունեն դիվանագիտական ու հոգեբանական ֆունկցիաներ։ Ալիևը հաշվել է Նիկոլի ատամները և բռնել վախը։ Նա գիտի, որ Նիկոլը վախեցած է։ Լավ վախեցած։

Ալիևը 5 կետից բաղկացած սկզբունքներ է առաջարկել՝ տողատակերում Արցախը ներառելով Ադրբեջանի կազմի մեջ։ Նիկոլը, մեծ հաշվով, համաձայնել է դրան, բայց մի քիչ չեմուչում է անում, որ ժամանակ ձգի ու Թուրքիայից օգնություն ստանա, որ դա ծախի հայ ժողովրդի վրա ու սղացնի Արցախի հանձնելը։

Ալիևը, սակայն, չի ուզում ժամանակ տալ Նիկոլին, քանզի հասկանում է, որ եթե ռուս–ուկրաինական ճգնաժամը լուծվի ու ռուսների ձեռքն ազատվի, ապա կարող է հազար ու մի բան փոխվել։ Դա է պատճառը, որ Ալիևը շտապում է։ Շտապում է, որպեսզի Նիկոլից ստանա առավելագույնը դիվանագիտական–բանակցային դաշտում։

Նիկոլը՝ որպես վախեցած գործիչ, իր հերթին է վախեցնում ՀՀ քաղաքացիներին նոր պատերազմի ուրվականով, որպեսզի արդարացնի իր զիջումները։ Մինչդեռ լայնամասշտաբ պատերազմի վտանգ գոնե այս փուլում չկա։ Նիկոլը դիտմամբ է ուռճացնում թեման, որպեսզի իր զիջումները կրկին հիմնավորի «կյանքեր եմ փրկել» դեմագոգիայով։

Պատերազմից ու պարտությունից խուսափելու լուծումն ինչպես 2020–ի սեպտեմբերի 26–ից առաջ ու նոյեմբերի 9–ից հետո մեկն է՝ ազատվել պատերազմ բերած, վախեցած ու պարտված ղեկավարից։

Նիկոլ Փաշինյանի հեռացումն էականորեն կփոխի մեր բանակցային դիրքերը և զգալիորեն կնվազեցնի պատերազմի հավանականությունը։ Նիկոլն իր վախերով ու զիջողականությամբ պատերազմ է բերում, որքան էլ որ անընդհատ խոսի խաղաղության մասին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը