Քաղաքական

28.07.2011 14:21


Ֆելիքս Խաչատրյանը համաձայնվել է՝ ՀԱԿ–ը զսպում է իշխանափոխությունը

Ֆելիքս Խաչատրյանը համաձայնվել է՝ ՀԱԿ–ը զսպում է իշխանափոխությունը

Այսօր հրավիրված ասուլիսում ՀԱԿ–իշխանություն երկխոսության պատվիրակության անդամ, ՀԺԿ կուսակցության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանն ասել է, որ երկխոսության ժամկետը մինչև սեպտեմբերն է, օրակարգն էլ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են։

Իսկ եթե մինչև սեպտեմբեր իշխանության հետ արտահերթ ընրտությունների շուրջ համաձայնություն ձեռք չբերվի, ՀԱԿ–ը կդադարեցնի երկխոսությունը։

–Երկխոսությունը չի շարունակվի, և այդ դեպքում երկրի ճակատագիրը փոխանցելու ենք երկրի տերերին՝ ժողովրդին։ Ժողովուրդն ինչպես կասի, այնպես էլ կանենք։ Ժողովուրդը պետք է արտահայտի իր դժգոհությունը մասսայական հավաքների միջոցով, ազդի իշխանությունների վրա՝ նրանց հասկացնելով, որ այսպես շարունակել չի կարելի՝ առանց արտակարգ առճակատման, կռվի և այլն։ Մենք կարծում ենք, որ իշխանությունն էլ է փոխվել իր տրամաբանությամբ, իր մտածելակերպով՝ հասկանալով երկրի վիճակը, աշխարհն է փոխվել. այն մեթոդները, որոնցով փորձում էր իշխանությունը պահել իշխանությունը, բոլորդ տեսաք, որ չարդարացրին իրենց՝ ջարդել, փշրել, բանտարկել և այլն,–ասել է Ֆ. Խաչատրյանը։

Ֆելիքս Խաչատրյանը համաձայնվել է «7օր»–ի այն դիտարկմանը, որ, փաստորեն, ՀԱԿ–ը զսպում է իշխանափոխությունը և ժողովրդի ընդվզումը։

–Մենք չենք ուզում բռնությունների, ջարդերի ճանապարհով գնալ,–նշել է Ֆ. Խաչատրյանը։

Ի դեպ, թեև նա հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների շուրջ համաձայնության գալու վերջնաժամկետը սեպտեմբերն է, բայց ավելացրել է, որ ՀԱԿ–ը փոխադարձ զիջումների բավական շատ հարցեր ունի։

–Ժամկետների խնդիր կա, կազմակերպչական խնդիրներ կան, Ընտրական օրենսգիրք կա և այլն։ Այդտեղ մենք կարող ենք զիջումների գնալ։ Բայց գլխավոր հարցում, որ մենք ուզում ենք սահմանադրական կարգը վերականգնել, իշխանությունը վերադարձնել ժողովրդին, ի՞նչը զիջենք։ Ժամկետների հարցով կնայենք։ Մեկ օր առաջ, 5 օր առաջ արտահերթ ընտրությունը գնահատական է իշխանությունների անցած ճանապարհին։ Մենք մինչև սեպտեմբերի 1–ն ենք այս հարցը քննարկելու, որ փոխադարձ փոխզիջումային ճանապարհով գնանք ընտրությունների։ Եթե դա չեղավ, մենք փոխում ենք մեր քաղաքականությունը։ Կնայենք՝ հնարավորինս ողջամիտ ժամկետներում այնպես անենք, որ հասցնենք՝ մինչև գարուն անենք և՛ նախագահական, և՛ խորհրդարանական արտահերթ ընտրություններ,–հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչը։

«7օր»–ի հարցին՝ հնարավո՞ր է, որ փոխզիջումներից մեկն էլ ՀԱԿ–ի համաձայնությունը լինի, որ սկզբում արտահերթ խորհրդարանական, հետո միայն նախագահական ընտրություններ լինեն, Ֆ. Խաչատրյանը պատասխանել է, որ իրենց այդ հարցում չեն կարող համոզել։

–Մեր փորձը ցույց է տալիս, որ բոլոր ընտրությունները ղեկավարվում են մեկ մարդու կողմից։ Սկզբից ա՛յդ մարդը պետք է փոխվի,–նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը