Քաղաքական

31.03.2022 10:06


Առուշ Առուշանյանի դատավորը կարող են թիրախավորվել և պատժվել ԲԴԽ-ի կողմից․ «Հրապարակ»

Առուշ Առուշանյանի դատավորը կարող են թիրախավորվել և պատժվել ԲԴԽ-ի կողմից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը, որը հանրությանն առավել հայտնի դարձավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի քրեական գործի քննությամբ և առավել ևս՝ դատավճռով, կարող է թիրախավորվել և պատժվել ԲԴԽ-ի կողմից։

Պարզվում է՝ նա 2019 թ. փետրվարին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի դատավոր, իսկ 2021-ի հոկտեմբերին նրան նշանակել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, սակայն չեն տեղափոխել Երևան, քանի որ դեռևս օգոստոսից նրան էր մակագրվել Առուշ Առուշանյանի գործի քննությունը։

Դատական համակարգում հաճախ է լինում, որ դատավորին գործուղում են այլ դատարան՝ ինչ-որ գործ քննելու։ Օրինակ, ժամանակին Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատավոր Սամվել Ուզունյանին գործուղել էին Կենտրոնի դատարան՝ Հոկտեմբերի 27-ի գործը քննելու, և դատաքննությունն էլ ընթանում էր վճռաբեկ դատարանի դահլիճում։ Այսինքն՝ Գնել Գասպարյանին ասել են՝ կքննես Առուշանյանի գործը, կավարտես՝ կավարտվի նաև գործուղումդ, և նոր կտեղափոխվես Երևան։

Գործուղման հրամանը տվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը․ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանին 2021 թ․ հոկտեմբերի 8-ից 2022 թվականի ապրիլի 8-ը ներառյալ համարել գործուղված Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ շարունակելով քննել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը»։

Հետաքրքրականն այն է, որ Գնել Գասպարյանի նստավայրը չի նշվել, իսկ այժմ պարզ չէ, թե մի քանի օր անց՝ ապրիլի 8-ին, նա կտեղափոխվի՞ Երևան, թե՞ գործուղումը՝ որպես պատիժ Առուշի դատավճռի համար, կերկարաձգվի։ ԲԴԽ-ից այս հարցի վերաբերյալ ասացին՝ երբ որոշում կայացվի, կիրազեկենք։ Գնել Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Այս պահին որևէ այլ որոշում չկա, բացի Ձեր իմացածից», և ավելացրեց, որ գործուղման երկարացման մասին ևս տեղեկություն չունի։

Նաև նշեց, որ չգիտի, թե Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որ նստավայրում է իր գործունեությունն իրականացնելու, կեսկատակ էլ հավելեց․ «Գուցեև չունենա՞մ»։ Պարզ է, որ դատավորը ևս կասկածում է, որ նման դատավճռից հետո իրեն կտեղափոխեն Երևան։

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործերը, նախաքննական մարմնի որոշմամբ, միացվել էին մեկ վարույթում և քննվում էին Գնել Գասպարյանի նախագահությամբ։ Դատավճռով Առուշանյանը դատապարտվեց 1 տարի 3 ամիս ազատազրկման, բայց հաշվի առնելով նրա կրած կալանքի ժամկետը՝ վերջնական պատիժ նշանակվեց 6 ամիս 18 օր ազատազրկում, որը պայմանականորեն չկիրառվեց։ Դատարանը որոշեց նաև Առուշանյանին 5 տարի ժամկետով զրկել ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից»:

Այս խորագրի վերջին նյութերը