Քաղաքական

30.03.2022 22:09


«Հայաստան» խմբակցության պատգամավորները հյուրընկալել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հյուրընկալել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Մարտի 30-ին ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և խմբակցության պատգամավորներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Արթուր Խաչատրյանը հյուրընկալել են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և դեսպանատան առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին, հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Հյուրերի խնդրանքով պատգամավորներն անդրադարձել են Արցախում ստեղծված ռազմաքաղաքական, մարդասիրական և տարածաշրջանում ձևավորված անվտանգային խնդիրներին, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական հարցերին:

Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները, արժևորելով հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական կապերը, բարձր են գնահատել Ֆրանսիայի միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես նաև՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոչը 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում:

Պատգամավորները դիմել են դեսպան Լույոյին՝ առաջարկելով ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսմանն ուղղված ջանքերը:

Պատգամավորները ներկայացրել են նաև Հայաստանի Հանրապետությունում և, մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովում ձևավորված իրավիճակի իրենց գնահատականները, ինչպես նաև Հայաստանին և Արցախին սպառնացող մարտահրավերների լուծման` «Հայաստան» խմբակցության այլընտրանքային մոտեցումները:

Այս խորագրի վերջին նյութերը