Մեկնաբանություն

30.03.2022 13:14


«Խաղաղության» մուրացկանները

«Խաղաղության» մուրացկանները

Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել 5 սկզբունքներ (այդ սկզբունքների ենթատեքստն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն է), որոնց հիման վրա առաջարկում է, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր կնքել։

Պաշտոնական Երևանը արտաքին գործերի նախարար աշխատող Արարատ Միրզոյանի ու ԱԺ նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանի շուրթերով հայտարարել է, որ համաձայն է այդ սկզբունքների հետ և պատրաստ է նստել բանակցությունների։ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին դիմեց Ադրբեջանին՝ առաջարկելով անհապաղ սկսել այդ բանակցությունները։

Ադրբեջանի սկզբունքներն ու պահանջները հայտնի են՝

–Լեռնային Ղարաբաղը ներառել Ադրբեջանի կազմի մեջ,

–գնալ սահմանազատման ու սահմանագծման ըստ իրեն ուզած ձևերի,

–տրամադրել Սյունիքի միջանցք։

Ադրբեջանի մյուս պահանջներն ու պայմաններն արտացոլված են թուրք–ադրբեջանական ռազմավարական համագործակցության փաստաթղթում՝ Շուշիի հռչակագրում։

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար քարոզում է թուրք–ադրբեջանական պահանջների ու պայմանների բավարարման օգտին։ Ըստ նրա՝ «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան»։

Նկատենք, որ ադրբեջանական պահանջներին ու ցանկություններին հակընդդեմ հայկական կողմը խաղաղություն է մուրում։ Սկզբում ինչ որ բան առաջարկում էին, մասնավորապես՝ զորքերի հայելային հետքաշում, բայց Փարուխի պատմությունը «ջրեց» այդ գաղափարը։ Միջազգային դիտորդներն էլ համառորեն չեն ուզում տեղակայվել հայ–ադրբեջանական սահմանագծում։ Մնաց՝ «խաղաղությունը»։

Ադրբեջանցիները կոնկրետ բան են պահանջում, իսկ նիկոլենք «խաղաղություն» են մուրում՝ պատրաստակամություն հայտնելով զիջել ամեն ինչ և ակնկալելով թուրքերի օգնությամբ պահել աթոռը։ Սա՛ է նիկոլական «խաղաղասիրության» իրական դեմքը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը